կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-20 14:40
Քաղաքական

Մոռացւած փախստականներին յիշելիս, կամ ողբերգութեան կրկնութիւնը բացառելու համար

Մոռացւած փախստականներին յիշելիս, կամ ողբերգութեան կրկնութիւնը բացառելու համար

Յունիսի 20-ը՝ փախստականների միջազգային օրը, լաւագոյն առիթն է եւս մէկ անգամ յիշելու Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 350 հազար հայերի ճակատագրի մասին: Այս մասին գրում է alikonline.ir-ը: 

Հայերի զանգւածային բռնագաղթը Ադրբեջանից, այդ երկրի տարբեր քաղաքներում՝ Բաքւում, Սումգայիթում, Գանձակում... իրականացւած բռնաճնշումների եւ զանգւածային ջարդեր արդիւնքն էր:

Ադրբեջանն իր ծագումով հայ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու հարուստ պատմական փորձ ունի: Դրանք, իրականում, սկիզբ են առել դեռեւս 20-րդ դարի սկզբին, երբ Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ, Թուրքիայի անմիջական աջակցութեամբ, Անդրկովկասի արեւելեան շրջանում ձեւաւորեց Ադրբեջան կոչւող կեղծ պետական միաւորումը:

Անդրկովկասի արեւելեան շրջաններում հայերի առջին ծրագրաւորւած ցեղասպանութիւնը տեղի  ունեցաւ 1918 թւկանաին, թուրք-թաթար զինւած խմբաւորումների եւ Անդրկովկաս ներթափանցած թուրքական զօրամիաւորումների անմիջական մասնակցութեամբ: Միայն Բաքւոմ, 1918 թւականի սեպտեմբերին, սպանւեց  աւելի քան 30 հազար հայ:

Դրան յաջորդեց  1919-1920 թթ. Շուշիի հայութեան ջարդերը, որոնց գագթնակէտը 1920 թւականի մարտի 22-26-ին տեղի ունեցած կոտորածներն էին, որոնք իրականացւեցին Թուրքիայի հանրապետական բանակի անմիջական մասնակցութեամբ եւ նրա կողմից աջակցութիւն ստացող Արցախում բնակւող թուրք-թաթարների եւ քրդական առանձին խմբաւորումների կողմից։ Այս ոճրագործութեան հետեւանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային ծաղկուն կենտրոնը հայաթափւեց եւ ոչնչացւեց: Աւելի քան 20 հազար հայ զոհ գնաց այդ սարսափելի սպանդին:

Պատմութիւնը ցոյց տւեց, որ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համակարգի փոփոխութիւնն անգամ չփոխեց տեղի թուրք-թաթարների ցեղասպանական պահւածքը հայերի նկատմամբ: Ադրբեջանի խորհրդայնացումից յետոյ եւս չդադարեցին հայ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումները: Տասնամեակներ շարունակ, սովետական այդ Հանրապետութեան հայ քաղաքացիները ենթարկւում էին ամենատարբեր բնոյթի ճնշումների եւ խտրականութեան՝ զրկւելով անգամ իրենց տարրական իրաւունքներից: Իսկ 1988 թւականին, երբ սկիզբ առաւ Արցախեան շարժումը, հայերի նկատմամբ ճնշումներն ու խտրականութիւնը վերաճեցին բռնութիւնների եւ զանգւածային ջարդերի պետականօրէն ծրագրաւորւած եւ գործադրւող գործողութիւնների:

Բաքւում, Սումգայիթում, Գանձակում եւ…, ինչպէս նաեւ Լեռանային ղարաբաղի առանձին շրջաններում կազմակերպւած սպանդի արդիւնքում հազարաւոր հայեր սպանւեցին կամ խեղում ստացան, իսկ շուրջ 350 հազարը՝ տեղահանւեցին իրենց բնակավայրերից, դառնալով փախստականներ:

Միայն  Արցախեան հերոսկան ազատամարտի շնորհիւ  էր, որ յաջողւեց յետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինւած ագրեսիան՝ արցախահայութեանը փրկելով ցեղասպանութեան, տեղահանման եւ հայրենազրկութեան վերահաս վտանգից:

1991 թւականից սկսեալ, Արցախի Հանրապետութեան նկատմամբ Բաքուն շարունակում է վարել  շրջափակման, ռասիզմի, պատերազմական յանցագործութիւնների քաղաքականութիւն, որի տարաբնոյթ դրսեւորմների ականատեսն ենք եղել անցած 29 տարիների ընթացքում:

Ու, թէեւ, դեռեւս 90-ական թւականներին միջազգային հանրութիւնը անդրադարձել է Բաքւի, Սումգայիթի եւ ... հայերի ջարդերին, եւ հրապարակւել են բազմաթիւ փաստաթղթեր, զեկոյցներ եւ փաստավաւերագրական տեսանիւթեր այդ ահասարսուռ յանցագործութիւնների մասին, իսկ Եւրախորհրդարանն էլ, 1990 թւականի յունւարին իր ընդունած բանաձեւերից մէկով ամրագրել է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից իրականացւող հակահայկական գործողութիւնները Բաքւում եւ այլուր, այդուհանդերձ, ադրբեջանական իշխանութիւնների կողմից ծրագրաւորւած եւ իրականացւած յանցագործութիւնները մինչ օրս շարունակում են մնալ չճանաչւած եւ անպատիժ, իսկ միջազգային հանրութիւնը եւ համապատասխան կառոյցները լռելեայն անցնում է Ադրբեջանից բռնագաղթած, հարիւր հազարաւոր հայ փախստականների առկայութեան փաստի կողքով, որնք մինչ օրս զրկւած են միջազգային որեւէ աջակցութիւնից կամ փոխյատուցումից:

Հնէց այս փաստն էլ օրակարգային է դարձնում Բաքւում, Սումգայիթում, Գանձակում եւ  Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում հայերի նկատմամբ իրականացւած ցեղասպանութեան միջազգային ճանաչումը՝ հետագայում նման յանցագործութեան անպատիժ կրկնութիւնը բացառելու համար:

Միեւնոյն ժամանակ, աբշերոնեան բռնապետութեան օրստօրէ աւելի կոշտացող հռետորաբանութիւնը եւ յաւակնոտ առաւելապաշտական նկրտումները օրապահանջ են դարձնում ՀՀ գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութեան մէջ արմատատական վերանայումների եւ սրբագրումների անհրաժեշտութիւնը: Դա յատկապէս վերաբերում է Արցախեան հակամարտութեան կտրւածքով անորոշ, աննկարագիր եւ անսկզբունք քաղաքականութեանը, որը, ցաւօք, զուրկ է որեւէ ռազմավարութիւնից ու մարտավարութիւնից, եւ հիմնւած է բացառապէս մէկ անձի՝ գործող վարչապետի յախուռն, պահի տակ արւած, չհաշւարկւած, հակասական եւ յաճախ իրաւաբանական հիմք չունեցող յայտարարութիւնների վրայ, որոնք վեջին երկու տարիների ընթացքում միայն թուլացրել են հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում՝ հակառակորդին տալով մանեւրի յաւելեալ տարածք եւ հնարաւորութիւն:

Ինչպէս բազմիցս նշել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, այս փակուղային իրավիճակից դուրս գալու ամենայուսալի փրկօղակը Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումն է, որը ոչ միայն մէկ յստակ գաղափարի եւ նպատակի շուրջ կը համախմբի ողջ հայութեան ներուժը, այլ, նաեւ,  հայկական կողմի «քաղաքական յայտարարութիւններին իրաւաբանական ուժ հաղորդելու հիանալի հնարաւորութիւն կընձեռի եւ թոյլ կը տայ միջազգային եւ ներպետական իրաւունքի տեսանկիւնից բացարձակապէս անխոցելի դարձնել Հայաստանի՝ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւորի յանձնառութիւնները բոլոր մակարդակներում՝ սկսած անվտանգային հարցերից մինչեւ սոցիալ-տնտեսական եւ արտաքին օժանդակութիւն, ներառեալ՝ աջակցութիւն Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչմանը» (Մէջբերումը ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի արտաքին քաղաքականութեան, սփիւռքի եւ հայրենադարձութեան հարցերի մասնագիտական ոլորտային յանձնախմբի վերջին յայտարարութիւնից է):

Տարածաշրջանաի աշխարհաքաղաքական ներկայ բարդ պայմաններում, երբ հայկական զոյգ Հանրապետութիւնները կանգնած են բարդ իրավիճակի եւ տարաբնոյթ մարտահրաւէրների դէմ-յանդիման, մենք յապաղելու, պահը բաց թողնելու հնարաւորութիւն եւ իրւունք չունենք: Ցանկացած վրիպում կամ բացթողում կարող է բեկումնային լինել բանակցային գործընթացի ընթացքի համար, իսկ հնարաւոր կորուստը՝ ճակատագրական եւ անդառնալի՝ Արցախի, Հայաստանի եւ ողջ հայութեան համար:

Սա առաջինը պէտք է  գիտակցեն ՀՀ գործող իշխանութիւնները, որոնք անմիջական պատասխանատւութիւն են կրում ողջ գործընթացի եւ, բնականաբար, դրա զարգացումների եւ հնարաւոր հետեւանքների համար:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ