Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ազգային ժողովի դեկտեմբերի 24-ի նիստում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ.
Սիրելի՛ հայրենակիցներ, քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը:
Մարդու իրավունքներ, որոնց պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություն է: /ՀՀ Սահմանդրություն, հոդված 3.2․/
Տ-ն Գրիգորյան, հարց ու պատասխանի ժամանակ ես ընթերցեցի Սահանադրության 48-րդ հոդվածի 4-րդ կետը – Ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատպարտված և պատիժը կրող անձինք: Եվ ձեզ ուղղեցի 2 հարց․
- Ընդունում եք արդյոք, որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից:
Այս հարցն ունի երկու հնարավոր պատասխան ՝ այո, ընդունում եմ, կամ ոչ, չեմ ընդունում։
Եվ երկրորդ հարցը՝
- Հանրային իշխանությունները պարտավոր են արդյոք պաշտպանել մարդու սահմանադրական իրավունքը և ապահովել դրանց իրացումը։
Այս հարցը նույնպես ունի երկու հնարավոր պատասխան ՝ այո, պարտավոր են, կամ ոչ, պարտավոր չեն։
Իսկ Դուք գրեթե կրկնեցիք արդարադատության նախարարի պատասխանը, դուք պատասխանեցիք որպես փոխնախարար, ոչ թե որպես ՄԻՊ թեկնածու։ Դուք տվեցիք ոչ ճիշտ, խուսափողական պատասխան ոչ թե նրա համար, որ պատասխանը չգիտեիք, այլ նրա համար, որ չունեցաք համարձակություն ճիշտ պատասխան տալու։
Ես կփորձեմ մարդու իրավունքներին վերաբերվող հարցերին անդրադառնալ դեկտեմբերին մեր երկրում կայացած ՏԻՄ ընտրություներին հաջորդող գործընթացների համատեքստում: Եվ քանի որ պրակտիկան արդեն ցույց է տվել, որ ի արձագանք իմ ելույթների մի քիչ ուշ կամ մի քիչ ավելի ուշ սովորաբար հնչում են ձևով կլոր, բովանդակությամբ մեղմ ասած հարթ ելույթներ, նախապես նշեմ, որ ներկայացնելու եմ միայն փաստական տվյալներ և մեջբերումներ օրենսդրությունից։
Եվ այսպես․ 2021թ. Դեկտեմբերի 5-ին 36 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություների արդյունքում իշխող ուժը՝ ՔՊ-ն, ստացավ մասնակիցների ձայների 47.36%-ը, կեսից պակաս և 36 համայնքներից 22-ում չունեցավ համայնքի ղեկավար միայնակ ընտրելու հնարավորություն: դեռ ավելին, 12-ում քպ-ն ոչ միայն 50%---ից ավել քվե չի ստացել, այլ ամենաշատ ձայն չի ստացել, որոշ համայնքներում էլ՝ Փարաքար, Վանաձոր, Ապարան, Նոր Հաճըն, Նաիրի, հավաքել է 24-30% ձայն:
Որոշ համայնքներում էլ, թեկուզ ունեցել է ամենաշատ ձայները, բայց ընդդիմադիր ուժերի միավորման արդյունքում էլի չի կարողացել համայնքի ղեկավարի ընտրության վրա ազդել, օրինակ. Ախուրյան, Ամասիա, Վարդենիս և այլն:
Եվ այս ամենը շատ ծանր տարավ ու դեռ տանում է իշխող ուժը:
Սկսվեց ճնշումների գործընթացը:
Տիկին Ստեփանյան, ասում եք, թե նույն բանը անընդհատ կրկնում եմ: Այո, կրկնում եմ և կրկնելու եմ, մինչև տեղ հասնի, մինչև ձեր ուժը հասկանա, որ ինքնակառավարում, նշանակում է, որ բնակչությունը ինքն է որոշելու, թե իր համայնքի ավագանու կազմում և համայնքի ղեկավարի պաշտոնում ովքեր են կայացնելու իրենց կյանքի վերաբերյալ որոշումները:
Խոսեմ նախ Վարդենիսի մասին:
Ընդդիմադիր ուժերի միավորումը ստացավ 14 ձայն, ձեր ուժը՝ 13 և հետևաբար իրենք են ընտրելու համայնքի ղեկավար: Հարգելի ՔՊ-ականներ, կխնդրեի որպես աքսիոմատիկ ճշմարտություն ընդունել այն փաստը, որ 14>13, որքան էլ դա ձեզ դուր չգա:
Ձեր ներկայացուցիչը հայտարարում է, որ ինքն է որոշելու, թե համայնքի ընտրված ղեկավար Ահարոն Խաչատրյանը կմտնի համայնքապետարան, թե ոչ: Աշխատակազմի ղեկավարին փակում են զուգարանում, որ արձանագրություն չստորագրի: Համայնքապետարանի կնիքն ու աշխատասենյակի բանալին են պահում։
Խելքի աշեցեք:
Եվ դա այն դեպքում, երբ ինքն ընդամենը փոքրամասնություն է ներկայացնում Վարդենիսում, ունի ընդամենր իր 1 մանդատը: Պատկերացնում եք, թե այդ անձնավորությունը ինչեր կարող էր իրեն թույլ տալ, երբ համայնքի ղեկավար էր:
Տիկին Գրիգորյան, դուք չեք գտնում արդյոք, որ այս պարագայում խախտվել են վարդենիսցիների իրավունքները, իրենց ընտրած համայնքի ղեկավարի իրավունքները։ Վարդենիսցին գիտի, հասկանում է, որ 14>13 և ավագանու կազմում իր ընտրած ներկայացուցիչներով որոշել է, որ իր համայնքի ղեկավարը Ահարոն Խաչատրյանն է։ Վարդենիսցին այդ իրավունքն ունի, հասկանում եք, դա վարդենիսցիների իրավունքն է, և ոչ մի ՔՊ-ական իրավունք չունի այն խախտել, ինչքան էլ դա ոմանց դուր չգա։
Այժմ Վեդի համայնքի մասին։
Կառավարությունը 2022թ. հունվարի 4-ի որոշումով վաղաժամկետ դադարեցրել է Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, ԿԸՀ-ն արտահերթ ընտրություններ է նշանակել։ Վարչապետի հունվարի 5-ի որոշումով ՔՊ կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«ՏԻՄ օրենքի» 27-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ»:
Քանի որ Վեդին ավագանի չունի, նրա կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում կառավարումը պետք է շարունակեն մինչ այդ պահը գործող, ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները՝ մինչև նոր ընտրություններով տեղական իշխանություն ձևավորելը: Սա էլ ըստ ՏԻՄ օրենքի 102 հոդվածի 3․2 կետի, անցումային դրույթներով։
Բայց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ձեր թիմակից Գարիկ Սարգսյանը անտեսել է ձեր իսկ կողմից ընդունված օրենքի փոփոխությունները, ձեր կողմից ընտրված կառավարության ու վարչապետի որոշումները։ Վարչապետի, ում մասին խոսելիս պ-ն Արշակյանը վերջերս տեղի, անտեղի նշում է․ ժողովրդի ընտրած վարչապետ։ Պ-ն Արշակյան, տպավորություն է, որ դուք կանխազգում եք, որ շատ շուտով գալու է երկիրն այս օրհասական վիճակին հասցնելու համար պատասխանատվության պահը և որպես վարչապետին ընտրող թիմ, դուք կիսելու եք այդ պատասխանատվությունը և փորձում եք այդ ամբողջ մեղքն թողնել էլի ժողովրդի վրա, դուք էլ եք ժողովրդին մեղավոր նշանակում։
Իսկ ձեր թիմակից Գարիկ Սարգսյանը հունվարի 13-ին, ինքն իրեն նոր լիազորություններ է տվել ու Վեդի միավորված համայնքի 17 բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել:
Վեդի համայնքում չկա ավագանի, հետևաբար հաստիքացուցակ ու պաշտոնային դրույքաչափեր չեն հաստատվել: Իսկ Վեդի համայնքում միավորված 17 բնակավայրերի համայնքապետարանների աշխատակազմերն ինչպե՞ս են վարձատրվելու: Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն այս ընթացքում չի կարող ազատել աշխատակազմերին: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ: Եթե հաստիքացուցակում փոփոփություններն անթույլատրելի են, ուրեմն վարչական ղեկավարի հաստիք չի կարող գոյություն ուենալ, և նրա վարձատրությունն անօրինական է:
Տ-ն Գրիգորյան, չեք գտնում արդյոք, որ խախտվել են այս մարդկանց իրավունքները։
Այժմ Վանաձորի, վանաձորցիների, Մամիկոն Ասլանյանի ու նրանց իրավունքների մասին:
Մի քանի օր առաջ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ասում էր. Դուք մոռացել եք, որ Վանաձորը ամենալուրջ արատագաղթի ցուցանիշներն ունի, թե մի կտոր ասֆալտ չկա, թե մանդատագողություն է եղել և այլ նման մեղմ ասած անհիմն տվյալներ:
Պ-ն Հակոբյան, եթե նույնիսկ մեկ րոպե ենթադրենք, որ դուք ճիշտ եք, ձեզ չի թվում արդյոք, որ այդ ամենի մասին վանաձորցին ձեզնից էլ շուտ, ձեզնից էլ շատ կիմանա: Կարծում եմ, որ կհամաձայնեք, որ դա այդպես է:
Ուրեմն, կրկնում եմ, եթե նույնիսկ այն ամենը, ինչ ասացիք, ճիշտ է, ապա վանաձորցին դա իմանալով հանդերձ, այնուամենայնիվ իր ձայնը տվեց ոչ թե ձեր ուժին, այլ «Մամիկոն Ասլանյան» դաշինքին:
Դուք ստացաք ընդամենը 24%-ին մոտ ձայն:
Վանաձորցին որոշեց, որ իր համայնքային կյանքին վերաբերվող որոշումները ձեր ուժը չի կայացնելու: Ընդունեք դա և հարմարվեք դրա հետ:
Վանաձորցին այդ ընտրության հետ նաև մի կարևոր ակնկալիք ուներ, որ իր համայնքի ղեկավարը պետք է Մամիկոն Ասլանյանը լինի: Մամիկոն Ասլանյանը, ում ընտրություններից անմիջապես հետո, դեկտեմբերի 15-ին, մինչև ավագանու առաջին նիստը կալանավորեցիք:
Եվ ասում եք, թե դա քաղաքական որոշում չէր:
Առաջին նիստը նշանակված էր դեկտեմբերի 24-ին:
Բայց «Լուսավոր Հայաստանի» թեթև ձեռամբ նիստը չկայացավ։
Հունվարի 18-ին դատարանը մերժեց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նկատմամբ բողոքը և Ասլանյանը նորից մնաց կալանքի տակ:
Դե, ենթադրվում է, որ «Լուսավոր Հայաստանը» հիմա էլ կդիմի Վճռաբեկ դատարան և Վանաձորի ավագանու նիստ նորից չի լինի։
Եվ այսպես շարունակ:
Եվ դուք պնդում եք, թե մեր երկիրը ամենաժողովրդավար երկիրն է:
Տիկին Գրիգորյան, խախտվում է ոչ միայն Մամիկոն Ասլանյանի սահմանադրական իրավունքը այլ նաև վանաձորցու՝ ընտրություների արդյունքում համայնքի ղեկավար ունենալու իրավունքը, Վանաձորի ու վանաձորցու կյանքին վերաբերվոփղ որոշումների կայացման, բյուջեի հաստատման, զարգացման ծրագրերի հաստատմամբ համայնքային կյանքը նորմալ հունով ընթանալու իրավունքը:
Դիմում եմ նաև իրավապաշտպաններին:
Ինչու չեք բարձրաձայնում քաղաքացու սահմանադրական իրավունքների ոտնահարման մասին։
Դիմում եմ միջազգային կառույցներին, մեր երկիրը ոչ միայն ժողովրդավարության բաստիոն չէ, այլ նաև մեծ հետքայլ է արել ժողովրդավարությունից, մասնակցային ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից։
Ամեն դեպքում իմացեք․ վանաձորցին կատարել է իր ընտրությունը, ընտրել է Մամիկոն Ասլանյան դաշինքին և ակնկալել, որ իր համայնքի ղեկավարը հենց նա է լինելու։
Համոզված եղեք, որ մարդու ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունքը անքակտելի է և վանաձորցին հասնելու է իր ընտրության արդյունքին։ Եվ ես հույս ունեմ, տ-ն Գրիգորյան, որ առայժմ որպես արդարադատության փոխնախարար, հետո էլ որպես ընտրված ՄԻՊ, կպայքարեք, որ մեր երկրում մարդու իրավունքները իսկապես պաշտպանված լինեն և ձեր մասնագիտական գիտելիքները կօգտագործեք, որպեսզի Մամիկոն Ասլանյանը իրացնի իր սահմանադրական իրավունքները։