կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-25 19:14
Իրավական

Վարդենիսի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Վարդենիսի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով՝ պաշտոնեական անփութության համար:

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2019թ. փետրվարի 25-ից հանդիսանալով համայնքի ղեկավար և պաշտոնատար անձ, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև՝ համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու լիազորություն, 2018թ. դեկտեմբերի վերջերին տեղեկացել է Վարդենիս քաղաքի «Գառնիկ Կարապետյանի» անվան զբոսայգու տարածքում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ կառուցած սրճարանի խոհանոցի և սրճարան կառուցելու մասին, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել նշված զբոսայգու տարածքում առանց թույլտվության կառուցված նշված կառույցի հետևանքները վերացնելու, ինչպես նաև՝ ինքնակամ շինության կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ», - ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Վարդենիս համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: