|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ոչ իշխանական երեք ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը և ԲՀԿ-ն, այսօր հրապարակեցին ամիսներ առաջ քառյակի ձևաչափով իշխանությանը ներկայացված` 12 կետանոց պահանջների կատարման վիճակի գնահատման վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Ինչպես և խոստացել էին, հայտարարությունը տարածվեց միայն վերոնշյալ երեք կուսակցությունների կողմից, առանց ՀՅԴ-ի: Վերջինիս կողմից տրված պարզաբանումներից, որոնք այդպես էլ չհերքվեցին, պարզ է դառնում, որ եռյակ ուժերը, առանց կոնկրետ բացատրություն տալու, պարզապես խախտել են հայտարարության տեքստը ՀՅԴ-ի հետ համաձայնեցնելու և գնահատականը նաև նրա անունից տալու նախնական պայմանավորվածությունը:
Այսօր, փորձելով բացատրել եռյակի այս պահվածքի պատճառը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը tert.am-ին ասել է. «Ես կարծում եմ՝ ՀՅԴ մեր գործընկերները հայաստանյան իշխանությունների հետ դեռևս իրենց հարաբերությունների ճշգրտման փուլում են գտնվում, և ուստի՝ մենք միշտ պատրաստ ենք իրենց ճշգրտումները ավարտելուց հետո քննարկել հետագա հնարավոր համագործակցության հարցերը»: Ավելի պարզ ասած` եռյակը այսպիսով «պատժում է» ՀՅԴ-ին սահմանադրական փոփոխությունների հարցում այլ դիրքորոշում որդեգրելու և այսօր կայացող հանրահավաքին չմասնակցելու համար:
Սա գուցե հնարավոր լիներ զուտ տակտիկական որոշում համարել, եթե Զոհրաբյանի պարզաբանումները չունենային ՀՅԴ-ին հասցեին` իշխանությունների հետ սեպարատ հարաբերություններ կառուցելու, գործարքի գնալու մեջ մեղադրելու ենթատեքստ` իբր ՀՅԴ-ն այնքան էլ ընդդիմություն չէ, որքան իրեն մատուցում է:
Ակնհայտ է, որ թե' քառյակի և թե' ներկայումս եռյակի ձևաչափով ոչ իշխանական ուժերը միմյանց նկատմամբ ֆորմալ և ոչ ֆորմալ պարտավորություններով երբեք կաշկանդված չեն եղել: Նրանք համագործակցել են միայն այնքանով, որքանով կարողացել են համաձայնությունների, կոնսենսուսի գալ կոնկրետ խնդիրների շուրջ: 12 պահանջների ներկայացումն, ահա, այդպիսի կոնկրետ հարցերից մեկն էր, որտեղ նման համաձայնություն` առնվազն դիրքորոշումների գրեթե նույնական լինելու առումով, առկա էր: Սակայն եթե անգամ այդպես չլիներ, առնվազն տարօրինակ է, երբ նման մեղադրանքները հնչում են մի կուսակցությունից, որը նույնիսկ հիմա, երբ իշխանափոխության անհրաժեշտության մասին է հայտարարում, խուսափում է ինքն իրեն ընդդիմադիր համարելուց` շարունակելով մնալ քաղաքական ու քաղաքագիտական որևէ տրամաբանությունից, տեսական ու պրակտիկ հիմքից զուրկ, այսպես կոչված, «այլընտրանքի» կաղապարներում:
Հարց է առաջանում` այդ երբվանի՞ց հանկարծ ԲՀԿ-ն ձեռք բերեց մյուս որևէ ուժի, անկախ նրանից` խոսքը ՀՅԴ-ին է վերաբերում, թե` ոչ, «իշխանությունների հետ հարաբերություններ ճշգրտելու» մեջ մեղադրելու կամ թեկուզ կասկածելու բարոյական իրավունքը: Երբ, օրինակ, ԱԺ-ում ԲՀԿ-ն քվեարկում էր կառավարության ներկայացրած բոլոր այն հիմնական օրինագծերի օգտին, որոնք բխում էին խոշոր բիզնեսի, ավելի պարզ ասած` օլիգարխիայի շահերից, ինչպես, օրինակ, խոշոր տնտեսվարող սուբյեկտներում պարտադիր աուդիտ անցկացնելու պահանջը հանելը, Սևանից ջրառի չափաքանակն ավելացնելը և այլն, քառյակի ձևաչափում նրա հետ համագործակցող ուժերից որևէ մեկը դա իշխանության հետ հարաբերություններ ճշտելու դրսևորում չհամարեց, թեև բոլորն էլ հասկանում էին, թե ում շահերն է խմբակցությունը սպասարկում: Եվ դա հասկանալի էր` իրենց գործը չէ որակումներ տալ գործընկեր կուսակցության այն քայլերին ու որոշումներին, որոնց շուրջ իրենք համաձայնություններ չունեն: Այսինքն` այդ վերաբերմունքը նախապայման չէր դարձվում: Բացի դրանից` հենց ԲՀԿ-ի գործարար շրջանակների համար մինչև վերջ ընկալելի չէ` լո՞ւրջ է, արդյոք, Նաիրա Զորհաբյանը, երբ խոսում է իշխանափոխության մասին: Որովհետև նրանց համար ԲՀԿ-ն ու իշխանափոխությունը լրիվ տարբեր, իրար հետ որևէ կետում չհատվող կատեգորիաներ են, և որովհետև իրենք ԲՀԿ-ում տաքուկ տեղ են գտել ոչ թե իշխանափոխություն անելու, այլ հենց իշխանության հետ խնդիրներ չունենալու համար: Եվ պատահական չէ, որ, օրինակ, երկու օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանը զարմանում էր այն հարցից, թե հանրահավաքի օրը ԲՀԿ-ն իշխանափոխության հարց առաջադրելո՞ւ է: «Ինչի՞, ԲՀԿ-ն պահանջ է դրել, որ պետք է իշխանափոխություն լինի՞, ինչ-որ նորություններ եմ ձեզանից լսում»,- ասել էր նա: Իսկ ահա ԲՀԿ-ական մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ` պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, նույնիսկ վիրավորվել էր նման հարցադրումից. «Ես հանրապետության նախագահին հարգում եմ, իր ընտրություններին նրան հանրապետությունում ամենաշատ ձայնը ես եմ տվել, ու դրա մասին գիտեն բոլորը: Էդ հարցերով այլևս ինձ չդիմեք»: Եվ սա ասում է այն կուսակցության անդամը, որը, հիշեցնենք, իբր նախորդ նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշում էր կայացրել:
Գուցե Նաիրա Զոհրաբյանը նաև սեփական կուսակցության ներկայացուցիչների՞ն նկատի ունի` իբրև իշխանությունների հետ հարաբերություններ ճշտողների: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե «դավաճանների» մեկուսացումը ԲՀԿ-ն ինչո՞ւ նախևառաջ սեփական թիմից չի սկսում...
Գևորգ Աղաբաբյան