կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-27 12:12
Քաղաքական

Ոստիկանությունը «սիրային» նամակներ է գրում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին

Ոստիկանությունը «սիրային» նամակներ է գրում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին

ՀՀ վարչական դատարանում այսօր տեղի կունենա Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների հայցով դատական նիստը։ Yerkir.am-ի հետ զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում ուշագրավ իրադարձություններ են սպասվում։

«Ավագանու ՔՊ-ական անդամների ներկայացրած հայցադիմումով դատական առաջին նիստն է: Մասնակցելու ենք, դատավարական մի շարք գոծողություններ ու միջնորդություններ ունենք անելու, այդ թվում՝ քննարկման առարկա ենք դարձնելու դատավորի ինքնաբացարկի հարցը: Ինչպես նախկինում հրապարակային տեղեկացրել էինք՝ դատավորին գործը մակագրել է Հրաչ Այվազյանը՝ օրենքի խախտմամբ: Տարօրինակ պատահականությամբ այդ դատարանի նախագահն արդեն որերորդ աղմկահարույց գործով մակագրման հետ կապված խնդիրներ է ստեղծում: Բայց սա ինքնաբացարկի միակ հիմքը չէ, այլ հիմքեր էլ կան»,- ասաց Հարությունյանը։

Ավելի վաղ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն են դիմել՝ խնդրանքով՝ հայտնաբերել Վարդենիսի համայնքապետարանի կնիքը, բանալին եւ մնացած փաստաթղթերը, որոնք անհետացել են։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ընթացք կա, ի պատասխան՝ փաստաբանն  ասաց, որ մարզային ոստիկանությունն անգործության է մատնված՝ վարույթն իրականացնում է «սիրային» համատեքստում։

«Ոստիկանությունը նամակ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին, հարցնում՝ «քո մո՞տ է, թե՞ ոչ», նա պատասխանում է գրավոր, որ «ոչ», եւ այս պրոցեսը տեւում է երեք օր: Հետո մյուս հարցն են գրավոր ուղարկում՝ «բա լավ, ո՞ւմ մոտ կլինի»: Այսպես՝ դանդաղ, առանց շտապելու: Չի կարող սրճեփի համար ոստիկանության Գեղարքունիքի մարզի մարզային վարչությունը դիմակավորված անձանց խումբ ուղարկել Երեւան՝ Սայաթ Շիրինյանին Մարտունի բերման ենթարկելու համար, իսկ մի ամբողջ խոշորացված համայնքի համայնքապետարանի կնիքն ու բանալիները հայտնաբերելու համար նամակագրություն անել: Չէ՞ որ այդ կնիքով ինչ ասես կարող է կնքված լինել։ Հարց ենք բարձրացրել ոստիկանությունում՝ արդյո՞ք երդման արարողության պահից սկսած, երբ նախկին քաղաքապետի լիազորությունները դադարել են, այդ կնիքը չի օգտագործվել: Ոստիկանության պարտքն է մեր գրածի հիման վրա ինքնուրույն նախաձեռնությամբ փորձել պարզել։ Գուցե ինչ-որ մեկն այդ կնիքը օգտագործե՞լ է: Այստեղ արդեն խոսում ենք պետական շահի մասին»,- նշեց փաստաբանը։

Հարությունյանը շեշտեց՝ մարզային  ոստիկանությունն օրենքով սահմանված օժանդակելու՝ իր պարտականությունը դանդաղ է անում, այնքան դանդաղ, որ կարելի է ասել՝ չի կատարում:

««Սիրային» նամակների «զենքերով» են պայքարում այդ ապօրինության դեմ եւ հույժ կարեւոր առարկաները փնտրելու այս եղանակն են արդյունավետ համարել: Ոստիկանությունը գտնում է, որ կարիք չկա գնալու, տեղում նայելու, բանավոր հարցնելու, բացատրություն վերցնելու: Նամակով, փոստային ծառայության միջոցով են անում։ ՔՊ-ականները կարծում են, որ Ահարոն Խաչատրյանը պիտի գնա համայնքապետարան, օրինակ՝ դուռը ջարդի, որ կարողանա իր լիազորությունները կատարել: Մեր կողմի պետականամետ, օրենքի գերակայությունը հարգող, ինքնիրավչությունը բացառող դիրքորոշման ապացույցն է, որ գործում ենք բացառապես օրենքի դաշտում: Մենք թույլ չենք տա ինքնիրավչություն,  ի տարբերություն այլ անձանց»,- նշեց նա:

Հաշվի առնելով դեպքերի ժամանակագրությունը՝ ավագանու առաջին նիստից սկսած, Ահարոն Խաչատրյանի երդման արարողության օրը տեղի ունեցած դեպքերը, վերլուծելով իրադարձությունների շղթան՝ Հարությունյանը հիմնավոր ենթադրություններ է անում՝ ոստիկանությունն այս դեպքում էլ քաղաքական պատվեր է իրականացնում:

Լիանա Սարգսյան