կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 16:58
Քաղաքական

Իշխանությունը դիվահարվում է Ռ. Քոչարյանի անունը լսելիս. Սերժ Սրապիոնյան

Իշխանությունը դիվահարվում է Ռ. Քոչարյանի անունը լսելիս. Սերժ Սրապիոնյան

Ռուբեն Ռուբինյանն այնքա՜ն փոքր գործիք է այս մեծ դավադրության մեջ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, գրականագետ, ԵՊՀ դոցենտ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը` անդրադառնալով Ռ. Ռուբինյանի հայտարարությանը, թե՝ մենք  ինչ ուզենք, այն էլ կբանակցենք։

Գրականագետի կարծիքով՝ եթե մարդն իրեն երևակայում է դիվանագետ և չունի համբերություն, զսպվածություն, խոսում է արևածաղկի սերմ չռթողի մակարդակով, այդ տեսակի մասին ի՞նչ կարծիք պետք է հայտնես։

«Ռուբինյանի վարքագիծը խորացնում է այն ողջամիտ կասկածները, որ ինքը, այո՛, մեզ հայտնի պետության (Թուրքիայի-խմբ.) գործակալ է, եթե պաշտոնական գործակալ էլ չէ, այդ գործակալից շատ ավելի դրական գործունեություն է կատարում նույն այդ պետության համար»,- ասաց բանախոսը։

Ըստ գրականագետի` Ռուբեն Ռուբինյանը քանի՞ հազար տարի պետք է ապրի, որ կարողանա ապացուցել` ինքը գործակալական գործունեություն չի ծավալում հօգուտ Թուրքիայի։

«Ի՞նչ է նշանակում` ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ, ո՞ր իրավունքով։ Այս երկիրը Ռ. Ռուբինյանի հոր` Կարապետ Ռուբինյանի ստեղծած երկիրը չէ, որ ինքն այդ երկրի հետ ուզենա վարվել այնպես, ինչպես ինքը հարմար համարի»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Ըստ նրա՝ Ռ. Ռուբինյանը առանձնապես տեսանելի գործիչ չէ, քանի որ նրա պատրոնը, որ այսօր բազմել է Հայոց պետականության ամենաբարձր գահին, նույն արտահայտությունը արել էր մինչև նոյեմբերի 9-ը և դրանից առաջ։

«ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարեց` բանակցում ենք այն, ինչ ուզում ենք։ Եվ այս անձը, երբ «հաղթելու ենք» կեղծ հայտարարությունների տակ երկիրը տանում էր կործանման, պարտության, երբ աննշան արժեքի նման հայոց երիտասարդությունը և ապագան տանում էր պառկեցնելու թուրքերի զենքերի տակ, նույն այդ մարդը ասում էր` կասկածո՞ւմ եք, որ ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ։ Հետագայում էլ` ինքը մեղավոր է,  բայց պատասխանատու չէ»,- ասաց Ս.Սրապիոնյանը։

Գրականագետի բնորոշմամբ` սա նշանակում է հակահայ թիմ, հակահայ խմբավորում, որի բառապաշարը վերևից մինչև ներքև նույնն է, իսկ բառապաշարն արտահայտում է մարդկանց մտածողությունը։

«Այս անձանց մտածողությունը խարսխված է  իրենց անպատժելիության զգացումի վրա։ Եվ իսկապես անում են այս ժողովրդի գլխին այն, ինչ իրենք ուզում են, կամ ինչ իրենց պատրոններն են ուզում օտար երկրներից, և անում են անհամեմատ ավելի լավ, քան կանեին այդ երկրի՝ մեզ ատող գործիչները։ Սկսում ենք մտածել այսպես, որ, եթե այս երկիրը գրավեր Թուրքիան, կամ, Աստված մի՛ արասցե, Ադրբեջանը, ապա այդ երկրի հանդեպ այդպիսի ատելության և քանդման մոլուցքով չէին վերաբերվի, ինչպես սրանք են վերաբերվում։ Ի՞նչ է նշանակում՝ գնացել,  մեկուկես ժամ նստել է Քըլըչի հետ, բազարներ (թո՛ղ ներեն ինձ օտար բառի համար, բայց դա այլ կերպ չես էլ բնութագրի) արել, ասում է` ընդամենը ծանոթության խոսակցություններ են եղել»,- նշեց գրականագետը։

Սերժ Սրապիոնյանը հիշեցնում է բոլորիս հայտնի վերելակային բանակցությունը, որը նույնպես ծանոթության քողի տակ, ըստ էության, ներկայացվեց, և պարզվեց, որ այդքան էլ ծանոթություն չէր։

«Այդ կիրթ և կառուցողական թշնամու հետ մարդը ծրագիր էր մշակելու, որի արդյունքը եղավ այն, որ երկիրը բերեց և հասցրեց այս վիճակին։ Ռուբեն Ռուբինյանի գործոնն այստեղ ընդամենը հետևանք է»,- ասաց բանախոսը։

Եթե Ռ. Քոչարյանի օրոք մենք գիտեինք` ի՞նչ օրակարգով է գնում Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա այս իշխանություններն ամեն կերպ փորձում են թաքցնել այն օրակարգը, որով գնում են այդ բանակցություններին: Սերժ Սրապիոնյանը պատճառը բացատրում է այսպես. «Նրանք հստակ գիտակցում են, որ այսօր Հայաստանում հրապարակում հայտնի անունների մեջ միակ անձնավորությունը, որն իր ամբողջ ապրած կյանքով, գործունեությամբ ցույց է տվել կամք, նվիրվածություն, ցույց է տվել բանակցություններ վարելու, հաղթանակից հաղթանակներ կերտելու բնատուր տաղանդ, իրենց գլխավոր խանգարիչն է»։

«Դա է պատճառը, որ տեղի-անտեղի, խնդիրն առնչվի Քոչարյանի իշխանությունների ժամանակներին, թե` ո՛չ, Քոչարյանի ընտանիքին, թե` ո՛չ, Քոչարյանի որևէ գործունեությանը, թե`ո՛չ, իրենք անպայման հիշեցնում են Քոչարյանի մասին` առանց որևէ մեկ փաստի և միայն ցույց տալու համար, որ Քոչարյանն ինչ-որ մի տեղ վրիպել է։ Իհարկե, յուրաքանչյուր մարդ խոցելի տեղ ունի։ Քոչարյանը երբ աշխատել է, կարող էր նաև վրիպել»,- ասաց բանախոսը։

Ըստ Սերժ Սրապիոնյանի՝ Ռ. Քոչարյանը վրիպեց, երբ այս անձը պետության դեմ կազմակերպեց հեղաշրջման փորձ, որը, սակայն, չհաջողեց։  

«Հիշեցնեմ` սպարապետի եղբոր` Արմեն Սարգսյանի հայտարարությունը. այն մարդիկ, ում ձեռնտու էր հոկտեմբերի 27-ի եղեռնը ԱԺ-ում և Վազգենի սպանությունը, այդ մարդիկ այսօր պաշտոնների են կամ հովանավորում են այսօրվա պաշտոնյաներին։ Քոչարյանի վրիպումներից մեկը, հավանաբար, այս մարդկանց ցմահ դատապարտել չտալն էր։ Քանի որ Քոչարյանը պետականակերտ անձնավորություն է, և նրա համար առաջնայինը կայունությունն ու երկրի զարգացումն է եղել միշտ, նա դատավարություններին չխառնվեց, մինչդեռ սրանք պատվիրովի դատավարություն են անում»,- ասաց գրականագետը։

Բանախոսի կարծիքով` Վազգեն Սարգսյանն իր երկրի նվիրյալն էր, իր գործած դրական, երբեմն էլ վրիպող գործունեությամբ։ Վազգեն Սարգսյանը մաքրվեց հրապարակից, որովհետև խանգարող հանգամանք էր։ Աշոտ Երկաթին կարո՞ղ են պարտադրել, որ նա Սյունիքից հրաժարվի, իհարկե` չեն կարող. նա այսօր ճաղերի հետևում է։ Առուշ Առուշանյանն իր գործունեությամբ ապացուցել էր, որ ինքը Սյունիքի նվիրյալն է, նա այսօր ճաղերի հետևում է։ Այսինքն՝ ձեռագիրն այնքան նույնն է, որ  կույր լինելու ցանկություն պետք է ունենաս, որ չտեսնես։ Փաստերն անողոք են, և դա է պատճառը, որ նրանք միանգամից դիվահարվում են, երբ լսում են Ռոբերտ Քոչարյանի անունը։

«Իրենք գիտեն, հստակ գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի հրապարակ իջնելը և այդ հրապարակում որոշակի դիրք գրավելն իրենց բոլոր դիվական ծրագրերի կործանման սկիզբն է։ Ռ. Քոչարյանն անգամ այս պետականությունից գրեթե զրկված երկիրը ոտքի կանգնեցնելու ունակ եզակի դեմքերից է, և դա լավագույնս գիտեն սրանք, ուստի և տարիներ շարունակ  դեղին մամուլով փորձեցին սասանել այս մարդու ամբողջ հեղինակությունը՝ ոչնչից ինչ կերպար ասես կերտելով»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Ինչո՞ւ է այս իշխանությունը նյարդայնանում, երբ ընդդիմությունը փորձում է հասկանալ, իմանալ բանակցությունների այն թեմատիկան, որը վերաբերում է ամբողջ երկրի ճակատագրին: Սերժ Սրապիոնյանի կարծիքով` իշխանությունը պարտավոր է ընդդիմությանն ասել` ինչ է բանակցել։

«Երկրից և ժողովրդից թաքցնում են իրենց բոլոր դիվային ծրագրերը: Երբ բերեն և երկրի առաջ դնեն արդեն կատարված փաստը, դրա առաջ կանգնած երկիրն ի՞նչ ահռելի ճիգեր պետք է գործադրի, որպեսզի սրանց ավերածություններից գլուխը կարողանա բարձրացնել»,- եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։

 

                                                          Լենա Կարապետյան