կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 15:31
Քաղաքական

Թուրքական աշխարհում «Դաշնակցություն» անունը լսելիս անգամ փշաքաղվում են. ԱԺ պատգամավոր

Թուրքական աշխարհում «Դաշնակցություն» անունը լսելիս անգամ փշաքաղվում են. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը երեկ խորհրդարանում բարձրացրեց  հակահայկական քարոզչությանը վերաբերող հարցեր:

Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց որոշակի մանրամասներ և ասաց` խոսքը կոնկրետ ինչին է վերաբերում: Բանն այն է, որ Ուզբեկստանում արդեն տևական ժամանակ է` տարվում է ընդգծված հակահայկական քարոզչություն. տպագրվում են հոդվածներ, գրքեր: Այս ամենի հետևում, ըստ պատգամավորի, կանգնած է Ադրբեջանը:

«Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է իրագործել  իր վաղեմի` պանթյուրքիզմի գաղափարը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այդ գաղափարի իրականացմանն ամենաընդգծված ձևով խոչընդոտում է Հայաստանը:- «Ամենախանգարողը հայկական պետականությունն ու Հայաստանի գործոնն են, և եթե չլիներ մեր երկիրը, ավելի հեշտ կլիներ իրականացնել պանթյուրքիզմի գաղափարը:  Հիշենք Ալիևի` օգոստոսի վերջին արած հայտարարությունը, թե Զանգեզուրն իրական թուրքական շրջան է, և եթե չլիներ Զանգեզուրի հարցը, Ադրբեջանը կունենար ընդհանուր սահման Թուրքիայի հետ: Ուզբեկստանում հակահայկական քարոզչությունը պանթյուրքիզմի գաղափարի շարունակությունն է և, առհասարակ, Միջին Ասիայում վերջերս կատարվող իրադարձությունները, ինֆորմացիոն քարոզչությունը ևս»:

Պատգամավորը բացատրեց` ինչո՞ւ հենց Ուզբեկստան:  «2014 թվին  մի հոդված տպագրվեց այնտեղ, որը կոչվեց «Դաշնակները Թուրքեստանում»: Մենք դրա վրա աչք փակեցինք`ասելով, որ հիմարություն է, պետք չէ արձագանքել, բայց դրանից հետո արդեն տպագրվեց երկրորդ գիրքը, որը կոչվում է «Թուրքեստանը և Հարավային Կովկասը 18-19 դարերում»: Նրանք հաշվի չառան,  որ դա բոլշևիզմի համատարած պրոյեկտն էր` աշխարհով մեկ, որտեղ կարող էին լինել նաև հայ զինծառայողներ, որոնք կկատարեին բոլշևիկների հրամանները: Նույն բանը ուզբեկը կարող էր կատարած լինել»,- ասաց նա:

 Ախոյանը շեշտեց, որ այս ամենի հետևում Ադրբեջանն  է, հենց այդ երկիրն է գաղափարներ տալիս, ֆինասավորում, որպեսզի նման հակահայկական նյութեր տարածվեն նաև Ուզբեկստանում: «Ամենավտանգավորն այն է, որ Միջին Ասիայում հայատյաց մարդկանց թիվը գնալով ավելանում է, որը կարող է մեր այնտեղի ազգակիցների համար շատ վտանգավոր լինել: Մեր արձագանքն այս ամենին պետք է լինի ադեկվատ, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան շեշտ դրել է դաշնակցականների վրա, քանի որ սա այն կուսակցությունն է, որ մեկ դարից ավելի պայքարել է և կարողացել ամբողջ աշխարհում հայապահպան գործունեություն իրականացնել:

«Թուրքական աշխարհում «Դաշնակցություն» անունը լսելիս անգամ մի տեսակ փշաքաղվում են, նրանց մարմնով սարսուռ է անցնում: Նրանք օգտագործում են Դաշնակցության գործոնը, որպեսզի շեշտված ու էֆեկտիվ լինի իրենց ասածը: Դեռ էն ժամանակներից միակ  կառույցը, որն ասոցացվում է վրիժառուների հետ, հենց Դաշնակցությունն է»,- եզրափակեց Արագած Ախոյան: