Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
Թուրքիայի դատարանը որոշել է կալանքի տակ թողնել իրավապաշտպան Օսման Քավալային: Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ իրավապաշտպանն ինքը չի մասնակցել Ստամբուլի 13-րդ Բարձրագույն քրեական դատարանի լսումներին։
1539 օրով հետաձգված գործարար Օսման Քավալայի ազատման դիմումը հերթական անգամ մերժվել է։ Դատարանը, ձայների մեծամասնությամբ, որոշել է շարունակել Գեզիի և Չարշիի գործով միակ կասկածյալ Օսման Քավալայի կալանքը՝ 52 մեղադրյալներով միասին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 21-ին։
Հիշեցնենք` Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, «Anadolu Kültür AŞ» մշակութային ֆոնդի հիմնադիրը։ Այդ կառույցը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ուղղված նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում` թուրք և հայ բնակչության հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման վերաբերյալ։
2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում բողոքի ցույցերի մասին գործով կառավարությանը գահընկեց անելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա կալանավորման համար նոր օրդեր էր տվել։ Քավալային նոր մեղադրանքներ էին առաջադրվել, այս անգամ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
2021 թվական հոկտեմբերին 10 երկրի` Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատները Թուրքիային հորդորել էին ազատ արձակել թուրք իրավապաշտպանին։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱԳՆ-ին կարգադրել է անցանկալի անձ հայտարարել իրավապաշտպան Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին։
Հոկտեմբերի 25-ին դեսպանատները հայտարարել էին, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն` հավատարիմ են մնում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու դրույթին, ինչից հետո Էրդողանն ասել էր, որ դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու հետ կապված դիվանագիտական ճգնաժամը լուծվել է։