Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քաղաքացի Ռուբեն Գուլգուլյանի նկատմամբ' կալանքը որպես խափանման միջոց ընտրելու' նախաքննական մարմնի միջնորդությունը: Բանն այն է, որ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Գուլգուլյանին մեղադրանք առաջադրած նախաքննական մարմինը 2014-ի հունվարի 23-ին հայտարարել էր հետախուզում, և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նույն թվականի փետրվարի 19-ին Ռուբեն Գուլգուլյանն ինքնակամ ներկայացել էր վարույթն իրականացնող մարմնին, նույն օրն էլ նրան մեղադրանք էր առաջադրվել: Եվ քանի որ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո պետք է 72 ժամվա ընթացքում տանել դատարան' վերահաստատելու կալանքի մասին որոշումը, Ռուբեն Գուլգուլյանին տարել են դատարան:
Դատական նիստի ժամանակ քննիչը շարունակել է պնդել Գուլգուլյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը և խնդրել բավարարել այն: Նա բերել է մի շարք պատճառաբանություններ' նշելով, որ Ռուբեն Գուլգուլյանը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատիժը մեկ տարուց ավելի է: Նա արդեն իսկ թաքնվել է քրեկան վարույթն իրականացնող մարմնից, հետևաբար, ազատության մեջ մնալով, կարող է անօրինական ազդեցություն գործել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա:
Պաշտպանն առարկել է միջնորդության դեմ.
Մեղադրյալի պաշտպանը' Կարեն Քալանթարյանն, առարկել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդության դեմ և նշել, որ դեռևս 2013թ-ի դեկտեմբերի 11-ին քննիչը ծանուցագիր է ուղարկել իր պաշտպանյալին որպես վկա հարցաքննության ներկայանալու համար: Ինքը հեռախոսազրույց է ունեցել քննիչի հետ, ներկայացել, որ Գուլգուլյանի փաստաբանն է և խնդրել' հարցաքննությունը տեղափոխել մեկ այլ օր, որից հետո քննիչը հարցաքննության է հրավիրել դեկտեմբերի 18-ին: Հարցաքննության ժամանակ Գուլգուլյանը ցուցմունք է տվել և մատնացույց արել կոնկրետ դեպքի վայրերը, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել: Փաստորեն Գուլքանյանն աջակցել է քննչական մարմնին:
2014թ-ի հունվարի 21-ին քննիչը հեռախոսազանգով պաշտպանին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը հաջորդ օրը կրկին հրավիրված է հարցաքննության, սակայն ինքն այս անգամ ևս խնդրել է հետաձգել հարցաքննությունը' զբաղվածության պատճառով: Հաջորդ օրը, պաշտպանը գրություն է ներկայացրել' նշելով, որ իր վստահորդի հարևանները հայտնել են, թե ոստիկաններն այցելել են նրա բնակության վայր: Գրությամբ պաշտպանը հետաքրքրվել է ոստիկանության այցի նպատակների մասին: Ոստիկանությունից պաշտպանը որևէ պատասխան չի ստացել: Պաշտպանը նշել է հավելել է, որ անպատասխան է մնացել նաև 2014թ-ի փետրվարի 1-ի գրավոր դիմումը, որով քննիչին խնդրել է հայտնել իր վստահորդի դատավարական կարգավիճակը:
Քալանթարյանն ավելի ուշ տեղեկացել է, որ Գուլգուլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և վերջինիս խորհուրդ է տվել ներկայանալ ոստիկանության բաժին: Այսպիսով' պաշտպանը հանգել է այն եզրակացության, որ վարույթ իրականացնող մարմինն իր պաշտպանյալի նկատմամբ արհեստականորեն հետախուզում է հայտարարել, իսկ մինչ այդ նրան բերման ենթարկելու համար որոշում կայացնելու որևէ հիմք չի ունեցել:
Քալանթարյանը նշել է նաև, որ իր պաշտպանյալը նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ուստի չկան բավարար հիմքեր' ենթադրելու, որ նա կարող է խուսափել քննությունից կամ ալյ տարբերակով խոչընդոտել գործի քննությանը: Իսկ եթե դատարանն, այնուամենայնիվ, կորոշի կալանքի առնել Գուլգուլյանին, ապա ինքը միջնմորդում է որոշում կայացնել վերջինիս կալանքից գրավի դիմաց ազատելու մասին:
Ռուբեն Գուլգուլյանը դատարանում պատմել է, որ ինքը ընտանիքի հետ միասին ամանորը դիմավորել է արտերկրում' մորաքրոջ ընտանիքի հետ: Դրանից հետո շարունակել է ծնողների հետ բնակվել նրանց տանը, քանի որ ծնողներն զբաղվում էին մորաքրոջ երեխաների խնամքով: Նա նշել է, որ պաշտպանի միջոցով է տեղեկացել իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և անմիջապես ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: Մեղադրյալը դատարանին խնդրել է մերժել նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը' վստահեցնելով, որ չի թաքնվի կամ այլ կերպ չի խոչընդոտի գործի քննությանը:
Դատարանն արձանագրել է նախաքննական մարմնի թերությունները
Դատարանն արձանագրել է, որ քննիչի միջնորդության մեջ բացակայում է որևէ հիմնավորում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին: Միջնորդության մեջ քննիչը նշել է, որ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նրան պետք է անհապաղ' 72 ժամվա ընթացքում, տանել դատարան' ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկման համար: Այսինքն ստացվում է, որ Գուլգուլյանի նկատմամբ դատարանն արդեն իսկ կալանքն ընտրել է որպես խափանման միջոց, և քննության է դրված այն վերահաստատելու կամ վերացնելու հարցը:
Դատարանն անհրաժեշտ է համարել նաև արձանագրել, որ քննիչը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացնելիս դատարանին չի տեղեկացրել փաստաբան Քալանթարյանի կողմից ներկայացրած դիմումի մասին: Եվ քանի որ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզության մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, ապա այս պարագայում կարելի ասել, որ նախաքննական մարմինը խախտում է թույլ տվել:
Դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալը, տեղեկանալով իր նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նա այդպիսով վերացրել է իր նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու հիմքը' վարույթն իրականացնող մարմնից խուսափելը: Դատարանը հաշվի է առել նաև մեղադրյալի անձը բնութագրող տվյալները' նա երիտասարդ է, ունի մշտական բնակության վայր, նախկինում դատված չի եղել, ինքնակամ ներկայացել է, ինչպես ուսումնական հաստատությունում, այնպես էլ բնակության վայրում բնութագրվում է դրական: Այս ամենը հիմք ընդունելով' դատարանը գտել է, որ չկան բավարար հիմքեր' ենթադրելու, որ երիտասարդը, ազատության մեջ մնալով, կարող է խանգարել գործի քննությանը: Քննիչի պատճառաբանությունն էլ այն մասին, թե ազատության մեջ մնալով Գուլգուլյանը հնարավորություն կունենա անօրինական ազդեցություն գործադրել տուժողի նկատմամբ, դատարանը ենթադրություն է համարել, հատկապես, երբ քննիչը դատական նիստի ընթացքում նույնիսկ նշել է, որ չունի որևէ փաստ' պատճառաբանությունը հիմնավորելու համար: