կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 23:01
Հասարակություն

Ազգային արխիվի 4 աշխատակցի առանց ծանուցագրի կանչել ու հեռացրել են աշխատանքից

Ազգային արխիվի 4 աշխատակցի առանց ծանուցագրի կանչել ու հեռացրել են աշխատանքից

Ազգային արխիվի 4 աշխատակից հունվարի 3-ին գնացել է աշխատանիքի և իմացել է, որ ազատված է աշխատանքից՝ հաստիքի կրճատման հիմքով: Երկուսը եղել են վարչական աշխատողներ, երկուսը՝ հաստիքային:

«Ծանուցագիրը, որը պետք է տային աշխատանքից ազատելուց երկու ամիս առաջ՝ չեն տվել:  Հունվարի 3-ին գնացել ենք գործի, ասել են, որ ազատված ենք աշխատանքից: Այսինքն, կանչել, ծանուցագիրն ու հրամանը իրար հետ տվել են: Ծանուցագիր չի տվել տնօրենը, տույժ է վճարել ու, փաստորեն, վնաս է հասցրել պետական միջոցներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կեսոյանը, ով եղել է Ազգային արխիվի գիտակազմակերպչական աշխատանքների համակարգողը:

Նա հայտնեց, որ դիմելու են դատարան և բողոքարկելու են որոշումը, քանի որ առանց ծանուցագրի, առանց նոր աշխատանք գտնելու հնարավորության՝ ազատել են  աշխատանիքից:

Գևորգ Կեսոյանը, ի դեպ, նախորդ տարի մասնակցել է Ազգային արխիվի տնօրենի մրցույթին:

«Ես մրցույթը հաղթել եմ, ներկայիս տնօրենի հետ ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը լինի տնօրեն, ես՝ փոխտնօրեն: Մրցույթը եղել է 2020թ. դեկտեմբերի 15-ին, նշանակումը՝ դեկտեմբերի 18-ին: Հիմա ես փոխտնօրեն չեմ, տնօրենը հրաժարվեց պայմանը կատարել: Սկզբից ասաց, որ մի 3 ամսից տեղակալ կնշանակի, դրա համար միջանկյալ հաստիք հատկացվեց: Չէի ուզում, հետո սխալվեցի, համաձայնեցի: Հետո հրաժարվեց նաև 3 ամիս անց տեղակալ նշանակելու մտքից: Հիմա գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող եմ, սակայն լիազորությունները նվազագույնի են հասցված, ուստի պայքար եմ սկսել, որի արդյունքները շուտով կերևան: Դիմել եմ վերադաս մարմիններին, կառավարությանը, իրավապահ մարմիններին»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Գևորգ Կեսոյանը: