կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 12:34
Հասարակություն

ՀՅԴ-ի հետ քննարկելու ենք այդ հարցը. Ազգային արխիվի տնօրեն

ՀՅԴ-ի հետ քննարկելու ենք այդ հարցը. Ազգային արխիվի տնօրեն

Չլիներ 1918 թվականը, չէր լինի նաև 1920 թվականի Խորհրդային Հայաստանը, հետևաբար` չէր լինի նաև Հայաստանի երրորդ հանրապետությունը. այսօր լրագրողներին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: 

«Մենք հաջորդ տարի նշելու ենք մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը և չպետք է առանձնացնենք երրորդ հանրապետությունը առաջինից, քանի որ այս հանրապետությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի արդյունքն  է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Առաջին հանրապետությանը վերաբերող արխիվներին, ապա Վիրաբյանը նշեց, որ իրենք մի ժողովածու են ստեղծել, որում զետեղվելու են բոլոր փաստաթղթերը, որոնք կան Առաջին հանրապետության վերաբերյալ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, օսմաներեն լեզուներով:

Ըստ նրա` իրենք ստեղծելու են հանրագիտարան` նվիրված այդ հերոսամարտերի զինվորականներին: «Այս մարդկանց հիշատակը մենք պետք է հավերժացնենք, որովհետև նրանց քաջագործության շնորհիվ մենք այսօր կանք, Երևանը կա, հայ ժողովուրդը կա»,- ասաց Վիրաբյանը, ապա հավելեց, որ նաև Առաջին հանրապետության 100-ամյակին իրենց ունեցած բոլոր նյութերը ցուցահանդեսով ներկայացնելու են Սարդարապատում:

Ազգային արխիվի տնօրենի խոսքով` մեր արխիվներն էլ ժողովրդի նման են` սփռված աշխարհով մեկ: «Առաջին հանրապետության, բացի ռազմական նախարարության փաստաթղթերից, մնացած բոլոր փաստաթղթերը մեզ մոտ պահպանվել են: Պառլամենտի փաստաթղթերի մի մասն է մեզ մոտ, մյուս մասը ՀՅԴ Բոստոնի արխիվում է: Առաջին հանրապետության արխիվային փաստաթղթերն ամբողջությամբ պահպանված են»,- ընդգծեց նա:

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, որ ռազմական նախարարության արխիվներ չկան, ըստ Վիրաբյանի` ճակատամարտերի փաստաթղթերն այդքան շատ չեն, քանի որ նրանք փաստաթուղթ ստեղծելու ժամանակ չունեին, և պայմաններն այնպիսին էին, որ միայն պետք է կռվեին: «Զարմանալին  այն է, որ երեք ճակատամարտերից երկուսում մենք հաղթել ենք` Բաշ-Ապարանում և Սարդարապատում, իսկ Ղարաքիլիսայում պարտվել ենք, բայց Ղարաքիլիսայի մասին փաստաթղթերն ավելի շատ են, որովհետև այս երկուսում հաղթել էինք` ուշադրություն դարձնող չկար: Ռազմական հրամանատարությունը ստիպել է, որ մանրամասն գրվի այն մասին, թե ինչպես եղավ, որ Ղարաքիլիսայում պարտվեցինք»,- ասաց Վիրաբյանը: 

Դրսում գտնվող փաստաթղթերի մասին նա նշեց, որ Մոսկվայի հետ մեկուկես տարի աշխատել են, և շուտով այնտեղ գտնվող բոլոր փաստաթղթերը կունենանք: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այնտեղից գնում են արխիվային փաստաթղթերը` մեկ էջը` 4 լարի:

«Արտասահմանյան բոլոր հայկական արխիվներում տխուր վիճակ է ստեղծվել, աշխատողներ չկան, իրենց բառով ասած` գոցված են դրանք:  ՀՅԴ-ի հետ քննարկելու ենք արխիվներից նյութերը բերելու հարցը»,- խոսքն ամփոփեց Վիրաբյանը: