կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 16:57
Քաղաքական

Ամատունի Վիրաբյանին հեռացրել են աշխատանքից․ արխիվի տնօրենը հրամանն անհիմն է համարում

Ամատունի Վիրաբյանին հեռացրել են աշխատանքից․ արխիվի տնօրենը հրամանն անհիմն է համարում

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատել են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին։

Պրն․ Վիրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը համարում է անհիմն, քանի որ աշխատանքից ազատման պատճառը նշել են այն, թե 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվը հարկեր չի վճարել և պետությանը հասցրել է վնաս։ Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016-ին պետությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին այդ գումարը հատկացրել է, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և իրենք վճարել են հարկերը։

«Հարկեր չվճարելու համար քրեական պատասխանատվություն է հասնում, բայց ինձ քրեական պատասխանատվության չեն ենթարկել, որովհետև այդտեղ ես ոչ մի մեղք չեմ ունեցել։ Այդ հարկերը չեն վճարել Հայաստանի բոլոր ՊՈԱԿ-ները, և հետո կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է հատկացրել, այդ թվում՝ մեզ, և մենք այդ գումարները վճարել ենք»,- վստահեցրեց Ամատունի Վիրաբյանը։

Հայաստանի նոր իշխանությունների այս որոշման մեջ նա հետապնդում և միտում է տեսնում, քանի որ 2018-ին՝ իշխանափոխությունից անմիջապես հետո ևս, փորձել են ստիպել, որ Ամատունի Վիրաբյանը աշխատանքից ազատման դիմում գրի, բայց նա հրաժարվել է։

Ամատունի Վիրաբյանը կարևոր այդ հաստատության՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրենն էր 20 տարի շարունակ՝ 2001 թվականից։