կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 18:55
Քաղաքական

Թուրքական ապրանքների ներմուծումը վերաբերմունք է թուրքական ագրեսիային և մեր հայրենական արտադրանքին. տնտեսագետ

Թուրքական ապրանքների ներմուծումը վերաբերմունք է թուրքական ագրեսիային և մեր հայրենական արտադրանքին. տնտեսագետ

 Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի կիրառումը դասական պոպուլիզմի օրինակ էր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների՝ Մոսկվայում սպասվող  հանդիպմանը, ինչպես նաև, հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հերթական դրական ազդակին, այն է` թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքի չեղարկմանը։

«Ժամանակին, երբ այն մտցվեց, պատճառաբանվեց անվտանգության խնդիրներով և Թուրքիայի տնտեսության մեջ հայկական կապիտալի հոսքերը սահմանափակելու անհրաժեշտությամբ։ Սակայն Հայաստանը ներկրում էր թուրքական ապրանքի 0.01%-ը. տնտեսական տեսանկյունից՝ մեր արգելքը մեծ ազդեցություն չի կարող թողնել թուրքական տնտեսության վրա։ Սա մեր վերաբերմունքն էր թուրքական ագրեսիային և մեր հայրենական արտադրանքին։ Այդ արգելքը հույս էր արթնացրել տեղական արտադրողների մոտ, որ իրենք կարող են ընդլայնել իրենց արտադրության ծավալները և շուկան վերցնել իրենց ձեռքը։ Արգելքը, որը պետք է նպաստեր ներքին շուկայում թուրքական ապրանքները տեղականով կամ այլ երկրների արտադրանքով փոխարինելուն, տևեց ընդամենը մեկ տարի, բայց սահմանափակումները ոչ միշտ են լիարժեք գործում։ Հիմա, երբ ընդհանրապես հրաժարվում են ներմուծման արգելքը շարունակելուց, տնտեսության վնասներն անհամեմատ ավելի մեծ կլինեն»,- ասաց Ս.Պարսյանը։

Հարցին` իշխանությունների որդեգրած նման քաղաքականությունն ինչպիսի՞ հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը, և ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, տնտեսագետը պատասխանեց, որ այս կառավարությունը բազմիցս փորձել է նախապատրաստել հասարակությանը թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետի չեղարկմանը։

«Այս կառավարության՝ նախկինում հնչեցրած հայտարարությունները խոսում էին այդ ամենի մասին։ Հիշեցնեմ՝ երբ այս որոշումը արդեն կար, գործող կառավարությունը հայտարարում էր` մենք կօգտվենք թուրքական նավահանգիստներից, ապաշրջափակումը տնտեսական մեծ հնարավորություններ կտա. այս բոլոր հայտարարությունները հող էին նախապատրաստում արգելքի չեղարկման համար։ Իշխանությունները մի կողմից ընդունել էին թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բայց մյուս կողմից հայտարարում էին, որ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը կապում են Թուրքիայի հետ»,- ասաց տնտեսագետը։

Ըստ Սուրեն Պարսյանի` իշխանությունների որդեգրած տնտեսական քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանք Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները կապում են Թուրքիայի հետ։

«Ըստ էության, Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են հայ-թուրքական բանակցությունների սեղանի շուրջը ցույց տալ, թե նախապայմաններ չունեն։ Հայկական կողմը փորձում է առանց նախապայմանների բանակցություններ սկսել։ Սակայն Թուրքիան հստակ առաջ է քաշել իր նախապայմանները»,- ասաց նա։

Տնտեսագետի կարծիքով` գործող իշխանություններն իրենց հայտարարություններով հող են նախապատրաստում, որ նույնիսկ պատրաստ են ճանաչել տարածքային ամբողջականությունն ու տրամադրել միջանցք՝ հանուն տնտեսական հնարավորությունների։

«Համեմատության համար նշենք, որ Վրաստանի  սահմանները բաց են  բոլոր հարևան պետությունների առջև, բայց Վրաստանի տնտեսական հնարավորությունները մի քանի անգամ չեն գերազանցում Հայաստանին. եթե Հայաստանում աղքատության մակարդակը 27% է, նրանց մոտ՝ 21%։ Եթե 2020 թ. մեզ մոտ տնտեսական անկումը 7.4% էր, ապա նրանց մոտ 6% էր։ Այս իշխանությունները չափից շատ և չափից շուտ սպասում են առաջացնում հանրության մոտ, որ, Թուրքիայի հետ սահման բացելով, երկիրը զարգանալու է։ Որևէ ուսումնասիրություն, որևէ վերլուծություն այս ուղղությամբ չկա»,- նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով իրողությանը, որ  մարդիկ, որոնք հավատացել էին իշխանություններին ու թուրքական ապրանքները հայկականով փոխարինելու համար ներդրումներ էին կատարել իրենց արտադրություններն ընդլայնելու կամ նոր արտադրություն ստեղծելու նպատակով, հայտնվում են խնդիրների առջև, տնտեսագետն ասաց, որ ներդրումներ կատարողները նախանձելի իրավիճակում չեն։

«Հայաստանում կոմունալները թանկացել են, Հայաստանում կա բավականին բարձր աղքատության մակարդակ, արտագաղթ։ Այս պայմաններում շուկայում ի հայտ կգան  թուրքական ապրանքները, որոնք, անշուշտ, լուրջ մրցակցային առավելություններ ունեն հայկական ապրանքների նկատմամբ. թուրքական ապրանքները էժան են։ Հայրենական արտադրողը վարկ է վերցրել, բիզնես է սկսել և հիմա փորձում է իր ապրանքը վաճառել, բայց քանի որ թուրքականն անհամեմատ ավելի էժան է, դա է վաճառվելու»,- ասաց Ս.Պարսյանը։

Տնտեսագետը վստահեցնում է, որ  այս աղքատ հասարակությունը էժան ապրանքն է գնելու, քանի որ մարդկանց մեծ մասը ուշադրություն չի դարձնելու՝ ապրանքը թուրքական է, թե՝ ոչ․ գնելու են, քանի որ էժան է։

Սուրեն Պարսյանի գնահատմամբ` այս իշխանությունների հիմնական նպատակն իրենց իշխանությունը պահելն է։ «Այս իշխանությունների համար առաջնային է սեփական անվտանգության խնդիրը: Նրանք վախենում են, քանի որ հասարակությունը հոգեպես, բարոյապես պատրաստ չէ նոր պատերազմի, և եթե լինի, ապա հասարակությունն իրենց կվերացնի։ Այս ամենը հասկանալով` այս իշխանությունները իրենց առջև դրված խնդիրն են լուծում, այն է` իշխանությունը պահելը։ Դա կլինի հայտարարությունների ձևով, թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հանման միջոցով, թե՝ բանակցությունների, միևնույն է` նրանց նպատակը մեկն է։ Այս թույլ, հոգեպես ճնշված վիճակով դու չես կարող բանակցություններ վարել. պարտվողը չի կարող հավասարը հավասարի հետ  բանակցություններ վարել»,- եզրափակեց բանախոսը։

 

                                                                                             Լենա Կարապետյան