Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը և իրանագետ Արտյոմ Տոնոյան այսօր լրագրողների հետ խոսեցին ԱԺ-ի կողմից ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի հաստատման և հայ-իրանական հարաբերություններում դրա կարևորության մասին:
Ըստ Սուրեն Պարսյանի` Իրանը 306 ապրանքի մասով արտոնյալ մաքսատուրքերի հնարավորություն է ունենալու, այսինքն` կարողանալու է արտոնյալ մաքսատուրքերով ԵԱՏՄ երկրներ ներմուծել 306 ապրանքատեսակ` տասանիշ դասակարգմամբ. դասակարգումներն ապրանքների արտաքին կոդերն են: Համապատասխանաբար, ԵԱՏՄ երկրներն Իրան կարող են ներմուծել արդեն ութանիշ դասակարգմամբ 303 ապրանքատեսակ: Տնտեսագետը նշեց, որ, ըստ էության, ԵԱՏՄ երկրներն ավելի մեծ արտոնություն են ստանալու Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքներ ներմուծելիս:
Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, ապա Պարսյանը հավաստիացնում է, որ իրանական կողմը չի զրոյացրել որևիցե մաքսատուրք, այլ զգալի չափով դրանք նվազեցրել է: «Մասնավորապես` ոչխարի միսը պահպանել է իր 5% մաքսատուրքը, այսինքն` սառեցվել է: Դեղորայքի դեպքում ունենք մաքսատուրքերի`20-50% նվազում, տեքստիլի պարագայում սահմանված մաքսատուրքը ներկայումս 56 % է, որը դառնում է 38.5 %, տավարի միսը` 26%-ի փոխարեն 10%, ինչպես նաև հանքային ջրի, գազավորված ըմպելիքների դեպքում սահմանված մաքսային տուրքը 55%-ից նվազելու է 14%-ի»,- ներկայացրեց տնտեսագետը:
Ըստ Պարսյանի` Իրանն, անշուշտ, ունի իրեն հետաքրքրող ապրանքները: «Հիմնականում հետաքրքրված են կարտոֆիլի, լոլիկի, կաղամբի, վարունգի, խնձորի, լոլիկի մածուկի և այլ ապրանքների ներմուծմամբ ԵԱՏՄ տարածք, և մեր տնտեսական քաղաքականությունը պետք է պատրաստ լինի, քանի որ իրանական այս ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ տարածք տեղական արտադրողի համար ստեղծելու է մրցակցություն ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև Ռուսաստանի շուկայում` այն պարզ պատճառով, որ մեր հիմնական արտահանման շուկաները նաև Ռուսաստանը և ԵԱՏՄ տարածքն են: Այստեղ մեր տնտեսական քաղաքականությունը պետք է պատրաստ լինի մաքստուրքերի իջեցմանը»,- նշեց նա` հավելելով, որ հրուշակեղենի դեպքում կողմերը համաձայնության են եկել, ըստ որի` ինչ չափով Հայաստանը կտրամադրի արտոնություն, այնքան էլ իրանական կողմն է պատրաստ է տրամադրել հրուշակեղենի նորմուծման դեպքում:
Տնտեսագետի խոսքով` համաձայնագրի հիմքում ընկած են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքները, որոնց առանձին դրույթներ կողմերը կարող են յուրովի մեկնաբանել, և դրանք դառնան բանակցությունների կամ վեճերի թեմա:
«2018 թվականի ընթացքում Հայաստանի արտահանումը աճել է 7.8%-ով, այն դեպքում, երբ դեպի Իրան արտահանումը աճել է 12%-ով: Մենք այս պահին դեպի Իրան արտահանման բավականին մեծ ցուցիչ ունենք: Եթե Հայաստանի ներմուծումն աճել է 21.1%-ով, ապա Իրանից ներմուծումը 54.2% է»,- նշեց Պարսյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2018 թվականին ներմուծման աճը, նա պատասխանեց, որ պատճառը մի շարք ապրանքների ծավալների ներմուծման աճն է: «Մասնավորապես` ցեմենտի ներմուծումը 5.5 անգամ աճել է, մետաղական կոնստրուկցիաների և շինարարական նյութերի, նավթահումքային ապրանքների ներմուծումը ևս աճել է: Սակայն մտահոգիչ է 2019 թվականի հունվարը: Մենք ունենք, օրինակ, արտահանման դեպքում մոտ 80 %-ով կրճատում այս տարվա հունվարի ու նախորդ հունվարի նկատմամբ: Թեև ներմուծման աճի տեմպը դեռևս դրական է`10.7%, սակայն սա ևս խոսում է, որ մենք Իրանի շուկան դեռևս լավ չենք ուսումնասիրել, ու այնտեղի գնորդների հետ բավարար աշխատանք չի տարվում: Ցավոք, այս ժամկետը մենք բաց ենք թողնում հիմա, և մեր կառավորությունը այս մասով շատ անելիք ունի արդեն նոր տնտեսական տիրույթում»,- ասաց տնտեսագետը:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ հարցի քաղաքական կողմին և ընդգծեց, որ կազմակերպել արտահանում ցանկացած երկրի համար բավականին բարդ երևույթ է, մանավանդ` Իրանի նման փակ տնտեսություն ունեցող երկրի համար: «Հատկապես այն տնտեսական քաղաքականությունը, որը որդեգրել է Հասան Ռոհանիի կառավարությունը, էլ ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակը: Սա կոչվում է դիմադրողական տնտեսություն, որտեղ արտահանման գերակայությունը ներմուծման նկատմամբ առաջնային է»,- նշեց իրանագետը`հավելելով, որ իրանական համապատասխան մթերքները, բանջարեղենը չափազանց էժան են Իրանում, և հայաստանյան շուկա արտահանելու դեպքում լուրջ խնդիրներ ենք ունենալու: «Այլ է խնդիրը, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ` հաշվի առնելով այն փաստը, որ Իրանը հայտնվել է որոշակի տնտեսական պատժամիջոցների տակ»,- ասաց նա:
Իրանագետը հավաստիացնում է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր են Իրանի հետ հարաբերությունները, հատկապես` տնտեսական պլանում գրանցած առաջընթացը, չնայած աշխատանքներ այս ուղղությամբ տարվել են շատ վաղուց. հ Համաձայնագրի տեքստը պատրաստ է եղել 2017 թվականից, և նոր կառավարության կողմից շատ քիչ փոփոխություններ են արվել:
«Մեր արևելյան հարևանը` Ադրբեջանը, վարում է Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ դնելու քաղաքականություն և ոչ միայն կատարում է քայլեր այս ուղղությամբ, այլ նաև մեծ ուշադրություն է դարձնում քարոզչությանը: Ե’վ երկրի նախագահի, և’ այլ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով անընդհատ հայտարարություններ են հնչում առ այն, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է տարբեր ձևաչափերով տարածաշրջանային համագործակցության խորացումը իր և, բնականաբար, Հայաստանի հարևան այլ երկրների միջև` միաժամանակ Հայաստանի դուրս թողնելով այդ ձևաչափերից: Մասնավորապես` խոսվում է Իրան-Ադրբեջան-Վրաստան, Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, նաև քառակողմ` Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Իրան ձևաչափերից: Մի քանի հանդիպումներ են եղել Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով, որոնց հիմքում ևս կա տնտեսական գործակցության խորացման հեռանկար»,- ասաց Տոնոյանը և հավելեց. «Պետք է քայլեր ձեռնարկել Իրանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, օրինակ` ճանապարհների վիճակը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է մնալ անմխիթար: Կարելի է զարգացնել նաև երկաթուղու խնդիրը: Եթե ցանկանում ենք տնտեսական արդյունք գրանցել, ապա պետք է այս ուղղությամբ ևս մտածել: Հատկապես այս համաձայնագրից հետո խնդիրը դառնում է չափազանց արդիական ու կարևոր»: