կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 10:01
Քաղաքական

Փիառի համար քայլեր արեցին և կործանեցին քաղավիացիայի ոլորտը. Գևորգ Գորգիսյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ձախողման պատճառով ՀՀ֊-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները ընդգրկվել են ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» և զրկվել ԵՄ տարածքում թռիչքների իրավունքից: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ամբողջությամբ տապալել է ոլորտը և սա շատ մեծ վնաս է մեր երկրի ռեյտինգի, իմիջի համար:

«Ստուգումներ են իրականացրել և պարզվել է, որ մեր ՔԱԿ-ը ի վիճակի չէ ապահովվել անվտանգության կանոնները: Սա նշանակում է, որ մեր պետական մարմնի կողմից տրված լիցենզիայով, որով մեր ընկերությունները կարողանում էին թռչել տարբեր երկրներ, այլևս ի վիճակի չեն լինելու շարունակել թռիչքները: Շատ շահարկվեց, թե ուր են այդ ավիաընկերությունները: 2-ը կան, մեկը պարբերաբար չվերթներ էր իրականացնում դեպի Լիոն, բայց ամառը՝ նաև բազմաթիվ այլ երկրներ էր գնում, և այդ թռիչքներից գեներացված շահութահարկը վճարվում էր Հայաստանին: Մեկ այլ ավիաընկերություն էլ թռիչքներ էր իրականացնում եվրոպական երկրների միջև, բայց գրանցված էր Հայաստանում, և կրկին հարկերը մտնում էին մեր բյուջե: Մի ամբողջ ոլորտ ենք տապալել և միջազգային բոլոր հարաբերություններում այսուհետ դա հաշվի է առնվելու: Եվրոպական ընկերությունները կշարունակեն թռչել, բայց նրանք էլ այլ խնդիրների են բախվելու: Երբ լոուքոստերները անհավասար պայմաններով մտան Հայաստան, նրանց համար պետությունը ստեղծեց արտոնություններ, և դրանից ելնելով նրանք հիմա անհավասար մրցակցային դաշտում են»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ տեղական ավիափոխադրող ունենալու բոլոր հեռանկարները ջախջախել ենք, բերել անհուսալի գործընկեր լոուքոստերներ, որոնք մեր շուկայից վանում են մեր հուսալի գործընկերներին:

Դիտարկմանը, որ իշխանությունը որպես քաղավիացիայի լավ աշխատանքի արդյունք մատնանշում է հենց լոուքոստերներին, Գորգիսյանը պատասխանեց. «Ավիացիայի ոլորտը գնում է կոլապսի և սրա թիվ մեկ մեղավորը ոլորտի պատասխանատուն է՝ բոլոր ղեկավարներով: Մեկ տարուց ավելի է, մեր բարձրացրած որևէ խնդրի արձագանք չտվեցին: Լոուքոստերների մուտքը ոչ թե հաջողություն էր, այլ ոլորտի ձախողման սկիզբը, այն խանգարեց տեղական ավիափոխադրողի զարգացմանը: Լոուքոստերներ գնում են այն երկրներ, որտեղ կա կայացած շուկա և թռիչքների ավելցուկ: Մեզ մոտ, սակայն, փիառի համար ոլորտը կործանեցին: Սև ցուցակ ընկնելուց հետո քաղավիացիայի ղեկավարը պիտի հեռանար պաշտոնից, ինչը չի արվել: Ընդ որում, նրա հանցավոր անգործության պատճառով մենք այս կետին հասանք: Եթե ժամանակին մենք ճիշտ քայլեր ձեռնարկեինք, միգուցե չհայտնվեինք սև ցուցակում: Տիկին Ռևազյանը տուրիստի նման երկրից երկիր էր շրջագայում և դա մեզ որևէ արդյունք չի բերել»:

Մանրամասները՝ տեսանյութում.