կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-15 11:13
Քաղաքական

«Ելք»-ը կոչ է անում փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում

«Ելք»-ը կոչ է անում փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում

ԱԺ այսօրվա նիստում «Ելք» խմբակցության պատգամավորներն անդրադարձան թանկացումներին: Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին հայտարարությանը, նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ Հանրապետական մեծամասնությունը և իշխանությունները նոր են իմացել, որ թանկացումներ կան, և ամեն ինչ ուզում են անել, որ գնաճը մեղմացնեն:

«Երբ սեղմված գազի ակցիզային հարկը երեք անգամ մեծացնում էիք, դրա մասին չէի՞ք մտածում, որ թանկացումները ունենալու են դոմինոյի էֆեկտ, և շղթայական թանկանալու է ամեն ինչ: Այս լսումները կազմակերպելն անիմաստ է, որովհետև գազը բաց թողնելու ինչ-որ միջոցառում է լինելու, մինչդեռ պետք է Հարկային օրենսգիրքը հրատապ մտցնել ԱԺ և համապատասխան փոփոխություններ իրականացնել»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց նաեւ, որ իրենց կոչը քաղաքացնիներին հետևյալն է` հունվարի 19-ին դուրս գալ փողոց և բողոքի ձայն բարձրացնել: «Ի՞նչ եք ուզում մեղմել, պետք է Հարկային օրենսգիրքը փոխել»,- եզրափակեց նա:

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2017-ին եղել է սարսափելի գնաճ, ապա թվարկեց պաշտոնական տվյալները, թե որ ապրանքը ինչքանով է թանկացել: «Հունվարի 1-ին հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո գնաճը նոր տեմպ ու թափ է ստացել: Արդեն իսկ թանկացել է վառելիքը, դիզվառելիքը, լիցքավորման գազը, սա բերելու է շղթայական թանկացումների: Գնաճը կհասնի 20-30%-ի: Գնաճի առաջն առնելու միջոցը Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխություններ անելն է` ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի մասով»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը չի գնալու զիջումների, եթե տասնյակհազարավոր քաղաքացիներ դուրս չգան փողոց և իրենց պահանջը չձևակերպեն:

Արամ Սարգսյանն էլ ասաց, որ այս կառավարությունը «Չարի վերջը»-ի հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է այս պետության գլխին և ասում է` այն ոլորտները, որտեղ աճ կա, կացինս բերեմ, ծառը կտրեմ:

«Խնդիրը վերաբերում է թե' ՏՏ, թե' գյուղատնտեսության ոլորտում 58-ից ավելի միլիոնի դեպքում ԱԱՀ-ով հարկելու խնդրին: Այսօրվա դրությամբ նման օրենք մտցնելով` մենք ամբողջությամբ հարվածում ենք զարգացող ոլորտներին` կտրելով աշխատատեղերի հնարավորությունը: Ես էլ համոզված եմ, որ այս իշխանությունը, բացի պետական բյուջեն ինքնանպատակ լցնելուց, ուրիշ որևէ խնդրի ունակ չէ»,- ասաց նա:

Սարգսյանը ևս կոչ արեց քաղաքացիներին` փողոց դուրս գալ և նշեց. «Միայն այս դեպքում կարող ենք այս օրենքները հետողորմյա անել»: