Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է Վանաձոր համայնքի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը։
«Հիմք ընդունելով ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ 06.10.2021 փոփոխություններով, ինչպես նաեւ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, իրավական առումով Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին ավարտվել էր Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի լիազորությունների ժամկետը։ Հոկտեմբերի 12–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Վանիկ Օհանյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ), եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:
Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նշենք նաեւ, որ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան՝ բողոքարկելով ավագանու մանդատների բաշխման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը։ Դատարանը նախօրեին մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։
Դեռ պարզ չէ, թե երբ տեղի կունենա ավագանու առաջին նիստը, որում պետք է ընտրվի համայնքապետը։ Փաստացի մինչ այդ Վանաձորը կմնա առանց ղեկավարի։