կարևոր
3733 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 15:54
Քաղաքական

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել. փաստաբան

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել. փաստաբան

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։ Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել։

«Վաղեմության ժամկետն անցել է, եւ ամեն դեպքում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Այն նախաձեռնությունը, որը թույլ տրվեց գլխավոր դատախազի կողմից այդ միջնորդագիրը ներկայացնելով, ինքնին ապօրինի է: Սեյրան Օհանյանը չի նախաձեռնել վաղեմության ժամկետի հետ կապված որեւէ քայլ, նա պարտավոր էլ չէր նախաձեռնել: Նա համարում է, որ ինքն անմեղ է, ներկայացված մեղադրանքները հիմնազուրկ են: Գլխավոր դատախազը ընդհուպ «մեղադրանք» տերմինն օգտագործեց: Դա նշանակում է, որ մինչեւ այս պահն էլ ապօրինի քրեական հետապնդում են իրականացրել ԱԺ պատգամավորի նկատմամբ, որովհետեւ քրեական հետապնդում իրականացնելու արգելքի պայմաններում, փաստացի, քրեական հետապնդում են իրականացրել պարոն Օհանյանի նկատմամբ»,- նշեց Մեժլումյանը:

Փաստաբանի ենթադրմամբ, նպատակը Օհանյանին պատգամավորական մանդատից զրկելն է:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։