կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 19:36
Աշխարհ

Գործարկվեց Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղու նախագիծը

Գործարկվեց Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղու նախագիծը

Այսօր գործարկվեց Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ (ITI) երկաթուղու նախագիծը՝ Պակիստանից Իրան եւ Թուրքիա բեռնարկղային գնացքի շարժման հետ կապված, հայտնում է Mehr-ը։

Արարողությանը, որին մասնակցում էին Պակիստանի երկաթուղիների եւ Առեւտրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իրանի եւ Թուրքիայի, Տաջիկստանի, Ղազախստանի դեսպանները եւ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ներկայացուցիչը, Պակիստանի երկաթուղիների նախարար Ազամ Խան Սվաթին հայտարարեց, որ Պակիստանից Իրան եւ Թուրքիա տանող կոնտեյներային գնացքի գործարկումը տարածաշրջանի երկրների վաղեմի երազանքն էր: Նա հավելել է, որ երկաթուղային համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քուրեշին, ով նույնպես ներկա էր արարողությանը, իր հերթին ասաց, որ միջոցառումը նոր փուլ է հարեւանների եւ այլ երկրների միջեւ տարածաշրջանային հաղորդակցության եւ առևտրի քաղաքականության առաջխաղացման ծրագրում: Նրա խոսքով` տարածաշրջանային գործարար համախմբվածությունն այնպիսի կարեւոր նախագծերի կարիք ունի, ինչպիսին Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղին է:

Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղու երկարությունը 6500 կմ է, որից 2570 կմ-ն՝ Իրանում, 2000 կմ՝ Թուրքիայում, մոտ 1900 կմ՝ Պակիստանում։

Որպես Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հիմնական հիմնադիրներ՝ երեք երկրները՝ Իրանը, Թուրքիան եւ Պակիստանը, մտադիր են վերսկսել բեռնատար գնացքների երթեւեկությունը տասնամյա ընդմիջումից հետո` առեւտրային եւ տարածաշրջանային կապերին նպաստելու համար: