կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 14:43
Քաղաքական

Երեւանի քաղաքապետի հետ տարաձայնությունները ծագել են 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո․ «Իմ քայլը»

Երեւանի քաղաքապետի հետ տարաձայնությունները ծագել են 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո․ «Իմ քայլը»

Երեւանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի միջեւ քաղաքական տարաձայնությունները ծագել են դեռ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած քննարկումների ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ չհստակեցնելով, թե ինչու է դա մեկ տարի ուշացումով ասվում։

Այդ ժամանակ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունից հրաժարվելու ցանկության մասին, ինչն էլ հետագայում արվեց։ «Մինչ այդ նրա հետ որոշակի խնդիրներ ունեինք, բայց դրանք բավականին լուծելի էին։ Հիմնականում խոսքն աշխատանքային բնույթի խնդիրների մասին էր»,- վստահեցրեց Գալջյանը։ 

Ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավարը Երեւանի գործող քաղաքապետին իշխանությունների նկատմամբ ավելի լոյալ գործիչով փոխարինելը հիմնավորեց Ընտրական օրենսգրքի պահանջով ու տրամաբանությամբ։. «Հիմա մեր քաղաքացիները մասնակցում են ընտրություններին եւ քվեարկում են համամասնական ընտրակարգով։ Դա նշանակում է, որ նրանք քվեարկում են ոչ թե առանձին անձի, այլ որոշակի քաղաքական ուժերի օգտին, որոնք էլ իրենց հերթին առաջադրում են այս կամ այն թեկնածուներին»,- պարզաբանեց Գալջյանը։

Մարությանի հրաժարականի անհրաժեշտությունը հաստատեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ բացահայտորեն իր դժգոհությունը հայտնելով գործող քաղաքապետից։

Նրա կարծիքով՝ Մարությանն իր պաշտոնում չարդարացրեց քաղաքացիների հույսերը։ Նա Մարությանի աշխատանքը որպես քիչ անարդյունավետ գնահատեց: Ընդ որում՝ բոլորն ընդունեցին, որ Երեւանի քաղաքապետի փոփոխությունը ավելի շուտ հիմնավորված է ներկուսակցական քաշքշուկներով, որոնք ծագել են ներկայիս իշխանության թիմում։

Իշխող «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանն իր աջակցությունը հայտնեց Մարությանին։ Նրա կարծիքով՝ առանց մայրաքաղաքի բնակիչների տեսակետները հաշվի առնելու մայրաքաղաքի քաղաքապետին ավելի հեշտ համոզվող թեկնածուով փոխարինելու ցանկությունը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին եւ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ հռչակված կարգախոսներին։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը պառակտվել է: Դրա 57 անդամներից միայն 35-ն են ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ, անհրաժեշտ 39 ստորագրությունն ապահովվել է «Բարգավաճ Հայաստանի» ջանքերով, որը կրիտիկական պահին կրկին սատարեց Փաշինյանի կուսակցությանը։ Դեկտեմբերի 22-ին նշանակված է մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի նիստը, որը կքննարկի Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը։