Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Սոչիի մաքսակետում Հայաստանից Ռուսաստան արտահանված թառափ տեսակի 200 կգ ձուկ է ոչնչացվել: Ապրանքը պատկանել է «Արարատ ֆորել» ընկերությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Արամ Մանուկյանը նշեց, որ ինքն ունի բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը, այսինքն՝ ձկնամթերք արտահանելու համապատասխան թույլտվություն: «Ես առաջ նման խնդիր չեմ ունեցել: Ճիշտ է` առաջին անգամ էր ԵՏՄ մտնելուց հետո, որ ուզում էի ձուկ արտահանել, բայց մեկ է, բոլոր թղթերս օրինական են: Դեռևս 15 տարի առաջ Ռուսաստանն արգելել էր մեր մոտից ձուկ արտահանելը, սակայն այդ մոտեցումը վերանայվեց: 33 տարբեր ձեռնարկությունների թույլ տրվեց ձուկ արտահանել: Մի քանի տարի տևեց ռուսական շուկայում ադապտացվելը: ԵՏՄ մտնելուց հետո նոր ռեեստր է բացվել, ես դիմում գրեցի ու ինձ մտցրեցին այդ ռեեստրի մեջ: Հիմա էլ Ռուսաստանն ասում է, որ մեր նոր ռեեստրը չի ընդունում, բայց մեր հայկական կողմը տվել է ինձ բոլոր համապատասխան թղթերը»,- ասաց Մանուկյանը` հավելելով. «Մեր ունեցած ռեեստրում գրված է, որ մենք իրավունք ունենք ԵՏՄ անդամ երկրների տարածք արտահանել մեր ապրանքը: Չգիտեմ` էս ինչ խառնաշփոթ է: Պայմանագրերը շատ էին, բայց ես ասացի` փորձնական 200 կգ ասետրինա արտահանեմ, լավ ա, որ մյուսների հետ էլ պայմանագիր չեմ կնքել: Ինքնաթիռով ենք ուղարկել, ասացի` մի հատ ամեն ինչ հասկանամ` ոնց ա, նոր մեծ քանակի հետ գործ ունենամ: Դրեցի ինքնաթիռ, ուղարկեցի, հասավ մաքսակետ, ընդեղից զանգեցին, ասացին, որ թույլ չի տրվում անցկացնել ապրանքը»:
Մանուկյանը նշեց, որ Սոչիի մաքսակետում ասել են, թե նոր ռեեստրը չեն ճանաչում: «Ինչ թուղթ ասես` ուղարկեցինք, բայց ոչ մի արդյունքի չհասանք: Մենք բոլոր թույլտվություններն ունենք: Վերջը, էլ ի՞նչ ասեմ, ընդեղ 3 օր պահեցին, հետո էլ ասացին` արի, տար ապրանքդ: Ես էլ ասացի` չեմ կարող 300 հազար դրամ էլ ծախսել, մի հատ էլ գալ, տանել: Առանց այն էլ մեկուկես միլիոն դրամ տուժել եմ: Ասացի` ինչ ուզում եք, արեք, իրանք էլ վառեցին: Ես դրան դեմ չէի: Բա էլ ի՞նչ էի անում արդեն փչացած ձուկը: Նորից եմ ասում` մեր ռեեստրում ռուսերեն տառերով էլ գրված է, որ մենք ունենք արտահանելու թույլտվություն, բայց ընդեղից էլ ասում են, որ էդ նորը չի անցնում»:
Մանուկյանն անդրադարձավ նաև «Ռոսսելխոզնադզորի»` Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկման դաշնային ծառայության գործունեությանը. ծառայությունը նամակներ է պատրաստում, որոնք հղելու է Բելառուսին, Ղազախստանին ու Հայաստանին` նորվեգական ձկնեղենի ներմուծման սահմանափակման խնդրանքով: «Ես մի բան չեմ հասկանում, եթե Նորվեգիայից Հայաստան ձուկ չգա, մերոնք ի՞նչ պետք ա ուտեն: Մեկ էլ գիտեմ, որ վիետնամական ձուկ են բերել Հայաստան, ու մերոնք առգրավել են, որովհետև խնդիրներ են տեսել»,- ասաց Մանուկյանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Yerkir.am-ի հետ զրույցում ևս հաստատեցին, որ ընկերությունն ունեցել է համապատասխան թույլտվություն, և հիմա գերատեսչությունը դիմել է իր ռուս գործընկերներին, որպեսզի հասկանան, թե ինչն է իրականում խնդիրը: Իսկ մինչ այդ` 200 կգ ձկան ոչնչացումն այդպես էլ մնում է առեղծված:
Լուսինե Հակոբյան