կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-21 16:14
Հասարակություն

Պատերազմի ավարտից հետո բժիշկ Տիգրանը դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և շահել դատը

Պատերազմի ավարտից հետո բժիշկ Տիգրանը դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և շահել դատը

Աղբյուրը՝ armeniangenocide100

Տիգրան Թաբիբյանի պատմությունը

1858 թ., Անկարա

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Տիգրան Թաբիբյանը զորակոչվել է օսմանյան բանակ և Պոլսի զինվորական հիվանդանոցում բժիշկ ծառայել՝ հարյուրապետի աստիճանով: Ամասիայում տեղի կառավարչի հրամանով դաժանորեն սպանվել է բժշկի կրտսեր եղբայրը՝ բժիշկ Հայկազուն Թաբիբյանը: 1918 թ., պատերազմի ավարտից հետո բժիշկ Տիգրանը դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և հասել նրան, որ Պատերազմական ատյանը 1920 թ. մահվան է դատապարտել Ամասիայի ոճրագործ կառավարիչին, սակայն դատավճիռը չի գործադրվել: Դրանից հետո բժիշկ Տիգրանը մահափորձի է ենթարկվել, որից հրաշքով է փրկվել: Այդ դեպքը վերջնականապես հուսալքել է բժշկին և նա մեկնել է ԱՄՆ:

 

Ծնվել է 1858 թ. դեկտեմբերի 13-ին, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում:

 

Նախնական ուսումն ստացել է Կեսարիայի Ավետիսականաց վարժարանում:

 

Ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջի բժշկական բաժինը:

 

Այնուհետև, մեկնել է ԱՄՆ և ուսանել Վերմոնտի բժշկական համալսարանում:

 

1890 թ. ուսումն ավարտելով վերադարձել է ծննդավայր:

 

Կարճ ժամանակ Կեսարիայում մնալուց հետո նշանակվել է Անկարայի քաղաքապետարանի բժիշկ: Բացի այս պաշտոնից, դարձել է նահանգապետ Աբեդին փաշայի ընտանեկան բժիշկն ու բարեկամը: Փաշայի միջնորդության շնորհիվ խափանել է Անկարայի հայերի՝ Յըլդըզից հրահանգված ջարդը, ինչի պատճառով փաշան պաշտոնանկ է արվել:

 

1895 թ. ԱՄՆ կառավարությունը բժշկին նշանակել է Գաղատիայի պատվո հյուպատոս, սակայն սուլթան Աբդուլ Համիդ II-ն մերժել է այդ նշանակումը՝ հաշվի առնելով նրա հայկական ինքնությունը:

 

1895 թ.-ից սկսած բժիշկը Անատոլիայի զանազան կողմերից ստացած հարստահարությունների և ջարդերի տեղեկագրերը կանոնավոր ձևով հանձնել է եվրոպական երկրների հյուպատոսներին:

Բժշկի միջնորդությամբ Անկարայի հայերի ջարդը չիրականացնելու պատճառով Աբեդին փաշան պաշտոնանկ է արվել, ինչը վտանգել է նաև բժշկի դիրքը: Այդ պատճառով, բժիշկը տեղափոխվել է Կ. Պոլիս և զբաղվել միայն բժշկությամբ:

 

1914 թ., Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Կ. Պոլսի զինվորական հիվանդանոցում բժիշկ ծառայել՝ հարյուրապետի աստիճանով:

 

1915 թ., Ամասիայում, տեղի կառավարիչի հրամանով դաժանորեն սպանվել է բժշկի կրտսեր եղբայրը՝ բժիշկ Հայկազուն Թաբիբյանը:

 

1918 թ., պատերազմի ավարտից հետո բժիշկ Տիգրանը դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և հասել նրան, որ Պատերազմական ատյանը 1920 թ. մահվան է դատապարտել Ամասիայի ոճրագործ կառավարիչին, սակայն դատավճիռը չի գործադրվել: Դրանից հետո բժիշկ Տիգրանը մահափորձի է ենթարկվել, որից հրաշքով է փրկվել:

 

Այդ դեպքը վերջնականապես հուսալքել է բժշկին և նա մեկնել է ԱՄՆ:

 

1937 թ. դրությամբ բնակվում էր ԱՄՆ-ում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 144–145: