կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 16:24
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել «քաղաքական որոշումներ» կայացնել դաշինքին երկրի ինտեգրման համար

Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել «քաղաքական որոշումներ» կայացնել դաշինքին երկրի ինտեգրման համար

Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ, և եկել է ժամանակը կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնելու՝ ինտեգրման գործընթացը աշխուժացնելու համար։ Այդ մասին չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: Կարծում եմ, որ եկել է ժամանակը կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնելու՝ մեր ինտեգրման գործընթացն ակտիվացնելու համար»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանն արդեն ունի բոլոր գործնական գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և հանրապետությունը բանակցություններ է վարում գործընկերների հետ դաշինքին իր անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշում պատրաստելու համար։ «Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կկրկնեմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի համար ամենակարևոր խնդիրն է, որին աջակցում է վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Մենք արդեն ունենք անդամակցության բոլոր գործնական գործիքները։ Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշում նախապատրաստելու համար»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումը, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան դաշինքի անդամ, այսօր արդիական է մնում։ «Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 2008-ին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշնակիցները որոշեցին, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ: Այն ժամանակ դա ուժեղ ուղերձ էր, որը մնում է արդիական այսօր: Այդ իսկ պատճառով մենք այնքան ջանասիրաբար աշխատում ենք այդ որոշումը կյանքի կոչելու համար»,- հավելել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ, Վրաստանի վարչապետը հավելել է, որ Վրաստանը հաջողությամբ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Սև ծովում։ «ՆԱՏՕ-ի հետ մեր գործնական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է Սևծովյան անվտանգության գործընկերության շրջանակներում: Հաստատվել է, որ եվրատլանտյան անվտանգությունը չի կայանա առանց անվտանգ և կայուն սևծովյան տարածաշրջանի»,- եզրափակել է նա: .