Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում այժմ քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ առաջարկում է հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների օրենքի նախագիծը: Առաջարկվում է մասնավորեցնել 47 ընկերություն:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հիմնական զեկուցողից հետաքրքվեց` ինչո՞վ է հրատապ նևրոզների կլինիկայի կամ Երևանի երկաթուղու պոլիկլինիկայի մասնավորեցման հարցը և առանձնահատուկ շեշտադրում կատարեց Ֆանարջյանի ուռուցքաբանության ինստիտուտի մասնավորեցման վրա: Նա նշեց, որ վերջին տարիներին ուռուցքներից մահացածության ցուցանիշը Հայաստանում սահմռկեցուցիչ է, և անթույլատրելի է այդ ինստիտուտի մասնավորեցումը:
Արման Սահակյանը, անդրադառնալով հարցին, նշեց, որ մասնավորեցումը չի նշանակում, որ այդ հիմնարկները փոխելու են իրենց պրոֆիլը: Նրա խոսքով` կան 8 նման հիմնարկներ, որ պայքարում են ուռուցքների դեմ: «Այդ ինստիտուտը նույն սկզբունքներով աշխատելու է: Եթե այն վատ է աշխատում, պետք է այդ ինստիտուտը կա'մ հանձնել հավատարմագրման կառավարման, կա'մ պետք է տանել մասնավորեցման ճանապարհով»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ ինստիտուտը մնալու է որպես Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտ, այսինքն` պահպանելու է իր անվանումը:
«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գեորգիսյանն էլ Սահակյանին ասաց, որ ունենք դառը փորձ, և երբ մասնավորեցվում էր «Հայֆիլմ»-ը ասվում էր, որ այն լավ է գործելու, բայց ոչինչ չարվեց, այլ հակառակը՝ իրականում ավելի վատացավ հայ ֆիլմի վիճակը:
«Այն ժամանակ «Հայֆիլմ»-ը վաճառվեց 8 մլն-ով, հիմա 4 միլիոն է նախատեսված վաճառքի համար: 47 հիմնարկ ներկայացնել մեկ փաթեթով` սա անթույլատրելի է, այս հիմնարկներից ամեն մեկն առանձին քննարկում է պահանջում: Կոնկրետ «Հայփոստ»-ը նորմալ աշխատող հիմնարկ է, շահույթով է աշխատում, ինչո՞ւ այն պետք է վաճառել: Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը` սրա մասնավորեցումը իմաստ չունի, քանի որ սա ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց նա:
Արման Սահակյանն էլ արձագանքեց, որ 2006-2007 թվականներին ԱԺ-ն արդեն հաստատել է Գորգիսյանի նշած հիմնարկների մասնավորեցումը: Գորգիսյանն էլ նշեց, որ եթե ժամանակին ԱԺ-ն սխալ որոշումներ է կայացրել, այժմ չպետք է շարունակել նույն բանն անել: