կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 16:32
Տարածաշրջան

Թուրքիան հնարավոր է խստացնի մթերքի կուտակման համար նախատեսված պատժամիջոցները

Թուրքիան հնարավոր է խստացնի մթերքի կուտակման համար նախատեսված պատժամիջոցները

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պատգամավորները խորհրդարանին են ներկայացրել սննդամթերքի կուտակման համար տուգանքները բարձրացնելու մասին նոր օրինագիծ. հաղորդում է T24-ը:

Ութ կետից բաղկացած առաջարկը, որը ներկայացվել է ի պատասխան տնտեսական անկման պայմաններում կտրուկ գնաճին, նախատեսում է տուգանքներ՝ 100,000-ից մինչև 2 միլիոն լիրա (մոտ 7,000-ից 144,000 դոլար):

«Օրինագիծը վերաբերում է արտադրողների, մատակարարների և մանրածախ առևտրականների գործողություններին, որոնք շուկայում դեֆիցիտ և անհավասարակշռություն են ստեղծում ու խաթարում ազատ մրցակցությունը»,- ասել է T24-ը՝ կոչ անելով խստացնել տույժերը, որոնք ավելի խիստ զսպող միջոց կծառայեն նման գործողությունների համար:

Նոյեմբերին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով աճել է մինչև 20,7%, իսկ պարենային ապրանքների գները, ըստ պաշտոնական տվյալների, աճել են միջինը 27,1%-ով, ինչը կապված է փոխարժեքի կտրուկ անկման հետ։

Նշենք, որ միայն այս տարի թուրքական լիրան կորցրել է իր արժեքի մոտ 40%-ը, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է վարել իր ոչ ավանդական տնտեսական քաղաքականությունը՝ պահպանելու համար փոխառությունների ցածր արժեքը:

Էրդողանը բացեիբաց մեղադրել է մթերող ձեռնարկատերերին գների բարձրացման մեջ և սպառնացել ավելի խիստ պատիժներով։

«Ագահ ձեռնարկությունները, որոնք անհրաժեշտից ավելի շատ ապրանքներ են կուտակում, մասամբ մեղավոր են գների աճի համար»,- T24-ը մեջբերում է թուրք առաջնորդի խոսքերը: