Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի ամենամեայ նախաձեռնութեան հերթական խորհրդաժողովները՝ թէ՛ հայ, եւ թէ՛ պարսիկ լսարանի համար, պէտք է համարել կայացած։
Փորձենք հպանցիկ ակնարկներով բնութագրել-գնահատել զոյգ խորհրդաժողովները։
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
15-16 փետրւարի երկօրեայ խորհրդաժողովը, որն նախատեսւած էր հայկական լսարանի համար, կարող էր աւելի բեղմնաւոր ու բազմակողմանի արդիւնաւորում ունենալ, եթէ խորհրդաժողովին հրաւիրւած Հայաստանի եւս երկու զեկուցաբերներ (նախկին ԱԳ նախարար Արա Այւազեան եւ անկախ մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեան) տարբեր հանգամանքների բերումով չբացակայէին խորհրդաժողովից…
Այդուհանդերձ, երկօրեայ խորհրդաժողովի ընդմիջից, իրանահայ լսարանը առիթն ու հնարաւորութիւնն ունեցաւ հայոց ճգնաժամային եւ օրախնդիր մարտահրաւէրների վերաբերեալ փաստավաւերագրական լրացուցիչ տեղեկութիւններ կորզել, շուրջ մէկ տասնեակ զեկոյցների ընդմիջից։
Հարկաւոր է առանձնացնել կարեւոր մի հանգամանք, որը բնորոշ է հէնց տւեալ խորհրդաժողովին, եւ որի նախադէպը եղել է դեռեւս նախկին տարիներին կազմակերպւած սեմինարներում։
Այսպէս՝ 2006-ի խորհրդաժողովին որպէս անհրաժեշտ ու խրախուսելի ներկայութիւն, հրաւիրւել էր Ստանբուլում հրատարակւող «ԱԿՕՍ» թերթի գլխ. խմբագիր ու խիզախ հայորդի Հրանտ Դինքը։ Պարզ է՝ այդ օրերին Հայկական հարցը, Հայոց Պահանջատիրութիւնն ու Ցեղասպանութեան ճանաչման-դատապարտման ու դա նորովի մեկնաբանելու կիզակէտում էր գտնւում պոլսահայ Դինքը։ Եւ իրաւամբ՝ այդ նոյն խորհրդաժողովը իր ձեւով ու բովանդակութեամբ դարձաւ բացառիկ, որտեղ մտքերի բախումն ու առաջադրանքների փոխանակումը նոր հորիզոններ ուրւագծեցին գալիք խորհրդաժողովների համար։
15-րդ խորհրդաժողովը, սակայն, տրամագծօրէն տարբեր պայմաններում կայանալով, այդուհանդերձ ձեւով ու բովանդակութեամբ պարտաւոր էր լուսարձակի տակ առնէր համազգային մերօրեայ ճգնաժամերն ու աննախադէպ մարտահրաւէրները։
«Արցախի կորուստ», «գոյապայքար», «Հայոց Եկեղեցու դէմ անբարոյ պայքար», «Պետականութեան պահպանման համար տարբեր սպառնալիքների դիմագրաւում»։ Ահա այն թեմաներն ու բնաբանները, որոնք վեր հանելու կոչւած էր հերթական՝ 2024-ի խորհրդաժողովը։
Եւ ամենեւին պատահական չէր Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի մտայղացումը (ինչպէս պատահական չի եղել Հրանտ Դինքին 2006-ի խորհրդաժողովին հրաւիրելը), հայաթափւած Արցախի քաղաքական ներկայացուցչի, ինչպէսեւ՝ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդի որպէս առանցքային զեկուցաբերներ խորհրդաժողովին հրաւիրելը, երբ այսօր իսկ ազգովի դիմագրաւելու ենք կանգնած ազգադաւ ու ապազգային ուժերի աններելի մեղքով Արցախի, իսկ վաղը՝ նոյնինքն ՀՀ-ի կորստի առջեւ։ Եւ չէ՞, որ նոյն ուժերի կողմից, ահա, թիրախաւորւում ու վարկաբեկւում է Մեր Ազգային հաւաքականութեան ու պետականութեան կռւան՝ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին։
Ահաւասիկ, հրաւիրեալ երկու առանցքային զեկուցաբերների ուշագրաւ ու առարկայական լուսաբանումները անմիջականօրէն իրանահայ լսարանի, իսկ մօտ օրերս նաեւ հայրենական ու սփիւռքեան հասարակայնութեան առաւել լուսաբանմանն ու զգօնութեանը խթան են հանդիսանալու։ Զգօնութիւն, որն թէ՛ հայրենի, եւ թէ՛ արտերկիր-Սփիւռքի հասարակայնութեան լայն խաւերում վերակենդանանացնելու նւազագոյն պարտք ունի կատարելու իւրաքանչիւր հայ։
ՊԱՐՍԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Կիրակի, փետրւարի 18-ի պարսիկ լսարանի համար նախատեսւած մէկօրեայ խորհրդաժողովը եւս իրաւամբ՝ ձեւաչափերով ու բովանդակային առումներով արդարացւած ու կայացած պէտք է համարել։
Հիմնական թեման ու բնաբանն իր հերթին արդիական էր ու համարժէք՝ իրանական ու հայկական քաղաքական մտքի մերօրեայ առաջնահերթութիւններին։
Ահաեւ՝ Իրանի ու Հայաստանի Անվտանգային ինչպէս պետական երկկողմ, այնպէս էլ՝ սեփական, թէ՛ համատեղ սպառնալիքները, բաւականին գրագէտ ու բարձր մակարդակի զեկոյցների ընդմիջից, նոր հորիզոնների հեռանկար բացեցին ինչպէս հայ, այնպէս էլ պարսիկ լսարանի առջեւ։ Ուշագրաւ էր յատկապէս պարսիկ ուսանողների ու մանաւանդ անկախ քաղաքական փորձագէտների աշխոյժ ներկայութիւնն ու մասնակցութիւնը՝ խորհրդաժողովում հնչած ելոյթների գծով հարց-պատասխանի ինչպէսեւ՝ մեկնաբանութիւնների առումով։
Պարսիկ վերլուծաբան-քաղաքագէտ զեկուցաբերների համընդհանուր եւ հասարակաց միտք-բնաբանը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ տարածաշրջանում ու մասնաւորապէս Հարաւային Կովկասում Հայկական Սիւնիքի առանցքային եւ օրախնդիր նշանակութիւնը՝ յատկապէս Արցախի հայաթափումից յետոյ։
Պատմական ու ժամանակակից փաստագրական տւեալների ընդմիջից գերկարեւորւեց Իրանի թէ՛ աշխարհագրա-քաղաքական, եւ թէ՛ ազգային ու պետական շահերից մեկնած լուրջ զգայնութիւնը՝ Սիւնիքի եւ բնականաբար նաեւ՝ ՀՀ-ի անվտանգութեան սպառնալիքները չէզոքացնելու առումներով։ Իսկ տւեալ զեկոյցների ընդմիջից խիստ ուշագրաւ էր «հայ-իրանական ռազմական դաշինքի կնքման անյետաձգելիութեան եւ անխուսափելիութեան» մասին բարձրաձայնումները, որոնք, ինչ խօսք՝ նոյնիսկ առաջարկ-յորդորի ոճով ուղղւում էին երկրի ռազմա-քաղաքական ու յատկապէս՝ արտաքին քաղաքական գերատեսչութիւններին։
Պարսկական լսարանում, նախորդ խորհրդաժողովների օրինակով եւս, լսւեց հայաստանեան քաղաքական ու փորձագիտական մտքի առաջնահերթութիւնները։ Դրանք թէեւ արտացոլւում էին ՀՀ-ում ընդդիմադիր թեւերի խորհրդարանական ներկայացուցիչների կողմից,այդուհանդերձ, առանցքում ունէին երկու հարեւան ու բարեկամ երկիր-ժողովուրդների համատեղ՝ պետական ու ազգային շահերի ու անվտանգային հանգամանքների գերկարեւորումը։ Յատկապէս, երբ երկու հարեւան երկրների հարազատ բնօրրանը համարւող Հարաւային Կովկասում ծայր առած իրադարձութիւնները արտատարածաշրջանային խաղացողների դաւադիր մանեւրումների ասպարէզ է դարձել…։
Ահաւասիկ, «Հայ Դատն այսօր 15-րդ խորհրդաժողովն» ու դրան կից՝ պարսիկ լսարանի համար կազմակերպւած սեմինարը, որպէս կայացած իրադարձութիւններ, նոր փորձառութիւնների կուտակման խթան են հանդիսանալու՝ հայ-իրանական հազարամեայ բարեկամութիւնն ու յուսալի հարեւանութիւնը մշտարծած պահելու համար։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու