Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ երկու հիմնական հարց լուծելու համար՝ գների մոնիթորինգ և պաշարների մոնիթորինգ՝ ամբողջ հանրապետության տարածքում. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարեց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Գևորգյանը նշեց, որ գների մոնիթորինգն իրականացվում է հետևյալ կերպ. ՊԵԿ-ի կողմից տեղեկատվություն է ստացվում ՀԴՄ կտրոնների, այսինքն վաճառքների գների մասին, տնտեսվարողներից ստանում ենք իրենց տվյալները՝ թե ով ինչքանով է վաճառում և մոնիթորինգն իրականացվում է հիմնականում խոշոր խաղացողների նկատմամբ:
Ըստ Գևորգյանի՝ ՏՄՊՊՀ-ն այս պահին տիրապետում է իրավիճակին՝ գների առումով և ՀՀ-ում խնդիր չկա տոտալ գների վերահսկողության, իսկ տնտեսվարող սուբյեկտներին կհորդորեն ցուցաբերել պատշաճ վարքագիծ:
«Պաշարների մասով. մենք տնտեսվարող սուբյեկտների պահեստներում ունենք պաշարներ, դրանք ևս մոնիթորինգ են արվում շատ հասարակ գործողությամբ՝ օրվա ծավալի սպառում, մնացորդ, գումարած արտադրություն կամ ներմուծում և այս պահին կարող եմ արձանագրել, որ անհանգստացնող երևույթներ չեն նկատվում: Միակ խնդիրը՝ օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է, քանի որ մեկ օրվա ընթացքում մեծածավալ գնումներ կատարելու համար (ընդ որում ֆիզիկական անձանց կողմից այդ գնումները երբեմն աբսուրդային քանակի են հասնում) այդ պահին պետք է կարողանանք սուպերմարկետի պահեստներից տեղափոխել», - նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում այլուրի, ցորենի, շաքարավազի, թթվասերի, ձեթի, կարագի, պանիրի և այլ ապրանքների խնդիր չկա և հորդորեց քաղաքացիներին` գնումներ կատարելիս մնալ խելամտության սահմաններում:
Անդրադառնալով հայտնի սուպերմարկետային ցանցերից մեկում սպիրտի գների բարձրացմանը, Գևորգյանը ընգծեց, որ թեև դրա վերաբերյալ հայտարարություն է տարածվել, այնուամենայնիվ հակառակ տեղեկատվությունն ավելի արագ է տարածվում:
«ՀՀ Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է հետևյալը. 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով, նվազագույն վաճառքի գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից՝ ներառյալ ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը: Ցանկանում եմ հերքել բոլոր հայտարարությունները: Եթե սպիրտը 300 դրամից դարձել է 2884 դրամ, ապա այստեղ օրենքի խախտում կա՝ 300 դրամով վաճառելու համար: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ գինը հասել է 3600-ի: Մենք մարդ ունենք խոշոր առևտրային ցանցերում: Նկարեցինք, տեսանք, որ գինը 2884 դրամ է և խնդրեցինք աղբյուրին նկար, թե որ խանութում է վաճառվել 2884 դրամով», - ասաց Գևորգյանը:
Գևորգյանը հերքեց, որ այլուրի գները թանկացել են, իսկ այլ ապրանքների թանկացումը պայմանավորեց դոլարի և ռուբլու արժույթի տատանման հետ: Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ կգտնվեն որոշ տնտեսվարողներ, որոնք կբարձրացնեն գները, բայց իրենք հիմնականում վերահսկում են խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են ՀՀ սպառման ծավալների գերակշիռ մասը:
Գևորգյանն ընգծեց, որ բոլոր խախտումները հավաքագրվում են, և անխուսափելիորեն պատասխանատվության են ենթարկվելու օրինախախտները: Որպես վառ օրինակ ՏՄՊՊՀ նախագահը բերեց այսօր առավոտ հարուցված երկու վարույթները, երբ համացանցով որոշակի անձինք փորձել են ալկոգելները վաճառել բարձր գնով. «Իսկ նրանք, ովքեր ֆիզիկական անձինք են, ովքեր list.am-ով կամ այլ կայքերով կփորձեն վաճառել, զբաղվել անօրինական գործողություններով, կփոխանցվեն ՊԵԿ մեր գործընկերներին: Հորդորում եմ ունենալ սոցիալական պատասխանատվություն: ՀՀ-ում ախտահանիչ սպիրտի պաշարը բավարար է, դրանց գները չի բարձրացել», - նշեց պաշտոնյան:
Ինչ վերաբերում բժշկական դիմակներին՝ Գևորգյանը հաստատեց, որ այստեղ կա գնի թանկացում, և դա ամբողջ աշխարհում է, բայց նաև ուրախալի լուր հայտնեց. Չինաստանում գործող ընկերություններն արդեն գների առաջարկներ են ուղարկել Հայաստանին՝ դիմակների վաճառքի համար, քանզի իրենց երկրում արդեն դրանք պահելու խնդիր չկա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.