Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:
Քաղաքապետարանից հայտնում են, որ պետերբուրգցի գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների եղբայրական գերեզմանները: Քաղաքապետ Հայկ Մարությանը և երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Այնուհետև ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում կայացել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը:
Կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության շարունակականությունը՝ քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովը նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Կողմերը նաև փաստել են, որ ստորագրվող փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև գործնական ծրագրերի իրականացմանը:
«Վստահ եմ, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը «Ճանապարհային քարտեզ»-ի շրջանակում էլ ավելի կընդլայնեն գործընկերային հարաբերությունները: Իսկապես, կա լայն դաշտ գործակցություն ծավալելու քաղաքաշինության, սոցիալական, առողջապահության, կրթության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում«,- նշել է քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովին հրավիրել է փոխադարձաբար այց կատարել Երևան:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ այցը լավագույնս կծառայի երկու քաղաքների միջև կապերի ամրապնդմանը և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ կհաղորդի:
«Մենք, ըստ էության, այս փաստաթղթով նոր թափ ենք հաղորդում եղբայրական երկու քաղաքների միջև առկա համագործակցությանը, որը, համոզված եմ, նոր հեռանկարներ է բացելու քաղաքային տարբեր ոլորտներում առարկայական ծրագրեր իրականացնելու համար: Սանկտ Պետերբուրգը համարվում է հայ հոգևոր մշակույթի ռուսական կենտրոններից մեկը և, օգտվելով առիթից, ուզում եմ առանձնակի կարևորել նաև տեղի հայ համայնքի մեծ ներդրումը քաղաքի զարգացման գործում»,- նշել է նահանգապետ Բեգլովն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունների առևտրատնտեսական կապերի զարգացման գործում, կարևոր դեր կխաղա Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի կառուցումը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու քաղաքների միջև ստորագրել են 2021-2025թթ. համագործակցության «Ճանապարհային քարտեզը»:
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր կիրականացվեն առևտրատնտեսական ու գիտատեխնիկական կապերի ընդլայնման, ինչպես նաև մշակութային ոլորտներում: