Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Թեհրանում բանակցությունների արդյունքներով ստորագրել են երկու երկրների միջև 2023-2026 թթ.-ին համակողմանի համագործակցության ճանապարհային քարտեզը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է БелТА գործակալությունը: Ճանապարհային քարտեզը նախատեսում է Բելառուսի և Իրանի համակողմանի համագործակցություն քաղաքական, տնտեսական, հյուպատոսական, գիտատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև կրթության, մշակույթի, արվեստի, ԶԼՄ-ների և զբոսաշրջության ոլորտներում:
Ռայիսին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երկու տարում բեկումնային են եղել: «Մեր հարաբերությունները միշտ վերելք են ապրել, բայց վերջին երկու տարիների ընթացքում մենք իսկապես բեկում ենք տեսնում: Անտարակույս, Ձեր այցն Իրան լուրջ խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - ընդգծել է Ռայիսին: Իր հերթին Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Թեհրանը պետք է զարգացնեն սերտ համագործակցությունը։
«Ես հաճոյանալու համար չեմ ասել, որ Բելառուսի և Իրանի միջև առկա շփումները, հատկապես վերջին երկու տարիներին, իրոք Ձեր վաստակն են: Կասեմ անկեղծ, գուցե, նույնիսկ նաև իմ պատճառով, Բելառուսի պատճառով ենք մենք փոքր-ինչ թուլացրել ուշադրությունն Իրանի պետության նկատմամբ», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարը նշել է, որ կողմերը փոխըմբռնման են եկել՝ հաստատելու ավելի սերտ համագործակցություն։ 2021 թ.-ին երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 33 միլիոն դոլարը՝ 2020 թ.-ի համեմատությամբ աճելով ավելի քան մեկ երրորդով։ 2022 թ.-ին Բելառուսն ու Իրանը 100 միլիոն դոլարի առևտուր են արել՝ ցույց տալով ապրանքաշրջանառության եռակի աճ։ Բելառուսի նախագահի պաշտոնական այցն Իրան սկսվել է մարտի 12-ին: