կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-28 22:44
Մշակույթ

Ինչպե՞ս են հայտնիները զարգացնում իրենց էջերը. ո՞վ է այս հարցում օգնում նրանց

Ինչպե՞ս են հայտնիները զարգացնում իրենց էջերը. ո՞վ է այս հարցում օգնում նրանց

Համացանցն օրեցօր ավելի մեծ տեղ է զբաղեցնում մարդկանց կյանքում, դե իսկ հայտնի լինելու դեպքում այն նաեւ աշխատանքի մի մասն է: Տարբեր երկրներում աստղերն իրենց համացանցային հարթակներն օգտագործում են թե՛ իրենց արվեստի տարածման, թե՛ գումար վաստակելու համար: Հայաստանում եւ արտերկրում ապրող հայ հայտնիները եւս ակտիվ օգտագործում են սոցիալական տարբեր հարթակներ՝ Youtube, Instagram, Tik-Tok եւ այլն, իսկ արդյո՞ք նրանք կարողանում են այս ճանապարհով գումար վաստակել, եւ ինչպե՞ս են զարգացնում իրենց էջերը. այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ SMM մասնագետ Արմեն Ասրյանից, որը զբաղվում է հայ հայտնիներից շատերի Youtube-յան ալիքներով եւ մյուս սոցիալական հարթակներով:

Արմեն Ասրյանը երկար տարիների գործունեության ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն օգտագործել ու աշխատել է տարբեր ժանրի երգիչների հետ՝ Սիլվա Հակոբյան, Սոնա Սարգսյան, Վաչե Ամարյան, Արամ Mp3, Քրիստինե Պեպելյան, Իվետա Մուկուչյան, Կարեն Բոքսյան եւ այլք:

«Համագործակցում եմ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծամասնության հետ, բայց ուզում եմ նշել, որ էջերի առաջխաղացումը ապահովում եմ ոչ արհեստական եղանակով՝ տվյալ սոցիալական հարթակի գովազդային արշավների կազմակերպման, ճիշտ լսարանի թիրախավորման, աշխատանքի ու ռազմավարության մշակման միջոցով։ Կան մարդիկ, որ կարծում են, թե կարելի է ուղղակի թվերն ավելացնել, բայց նախ իմաստ չկա, բացի այդ ամեն ավելացված թիվ դատարկ լսարան է, հարկավոր է նպատակային ընտրել հետեւորդներին: Թե՛ սկսնակ մարդու, թե՛ հայտնիների համար հարկավոր է նախ բովանդակություն ունենալ էջում, որից հետո շատ կարեւոր է դիզայնն ու վիզուալ ճիշտ մատուցումը: Մարքեթինգի մասնագետ լինելուց զատ, ես վեբ ու գրաֆիկ դիզայներ եմ, ինչն օգնում է աշխատանքիս որակն էլ ավելի բարձրացնել: Հարկավոր է նշել, որ հիմա հատկապես Tik-Tok-ում եւ Instagram-ում շատ կարեւոր է գեղեցիկ ու գրագետ կոնտենտ մատուցել, քանի որ գոյություն ունի երեք վայրկյանի սկզբունքը՝ եթե մարդուն հենց սկզբի մի քանի վայրկյանում գրավեց ու հետաքրքրեց նկարը կամ էջը, ապա կշարունակի հավանել ու հետեւել: Հաջորդ քայլն արդեն բովանդակությունն է, թե ինչպես կվարեն էջն ու ինչ կառաջարկեն: Youtube-ում այլ մոտեցումներ են»,-ասում է Արմեն Ասրյանը:

Խոսելով այն մասին, թե ո՞րն է Youtube-ի առանձնահատկությունը եւ  արդյոք համացանցում միլիոններ վաստակելը Հայաստանում հնարավոր է, մասնագետը նշում է.

«Երգիչների համար ըստ կարեւորության առաջին հարթակը Youtube-ն է: Օրինակ Facebook-ը եկամտի աղբյուր չէ հայ հայտնիների համար, իսկ Youtube-ը գումար տրամադրում է, բայց անպայման հարկավոր է նշել, որ դա միլիոնների ու շատ մեծ գումարների մասին չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե դիտումները ո՞ր երկրներից են: Հայաստանից ունեցած դիտումների համար Youtube-ը շատ չնչին գումարներ է տալիս՝ ԱՄՆ-ից 1000 դիտման համար տրամադրվող գումարը 4-5 դոլլար է, իսկ նույն քանակի Հայաստանից դիտման համար տալիս է մի քանի ցենտ: Գաղտնիք չէ, որ հայ հայտնիների լսարանի մոտ 70 %-ը Հայաստանից է: Եթե ոմանց տեսահոլովակների կամ հաղորդումների դիտումները միլիոնավոր են, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանք միլիոններ են վաստակել Youtube-ում»:

 Մասնագետը նշում է, որ Youtube-ում նախ օգտատերը պետք է դառնա ընկերության գործընկեր՝ 1000 հետեւորդ ու 4000 րոպե ժամաքանակ ունենալու դեպքում, որից հետո պետք է հայց ուղարկի, հաստատվի գործընկերությունը ու սկսի աշխատել ալիքը: Առանց մասնագետի օգնության էլ այս գործընթացը հնարավոր է անել, բայց մարքեթինգի մասնագետի եւ դիզայների օգնությամբ ավելի որակյալ է արվում աշխատանքը: Արմեն Ասրյանն ինքն է զբաղվում էջերի լսարանի թիրախավորմամբ, տեսանյութի տեղադրմամբ, կոնտենտի ձեւավորմամբ եւ մշակմամբ, պրեմիերաների բացումով ու կառավարումով, ինչը հեշտացնում է օգտատերերի աշխատանքը: Նա բացի հայտնիներից օգնում է նաեւ տարբեր բիզնես էջերի զարգացմանը՝ ապահովելով վերլուծություն:

«Գումար վաստակելու մյուս տարբերակը գովազդն է, երբ նյութն այնքան հետաքրքիր է, որ Youtube-ը որոշում է իր գովազդը դնել դրա մեջ: Նրանք ժամաքանակն են հաշվի առնում, թե որքան մարդ է նայել ու արդյոք մինչեւ վերջ դիտել են տեսանյութը, քանի հոգի է կիսատ նայել ու չի շարունակել»,-եզրափակում է Արմեն Ասրյանը:

Աննա Խաչատրյան