կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 23:27
Քաղաքական

«Մեր ախպեր ձյաձը». ովքե՞ր են «օրվա հերոսի» հետ առնչվող հայտնիները

«Մեր ախպեր ձյաձը». ովքե՞ր են «օրվա հերոսի» հետ առնչվող հայտնիները

Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված  հայհոյախառն գրառումը (գրառման լուսանկարը՝ ներքևում) արժանացավ հանրության բուռն արձագանքին։ Ըստ դիմատետրի՝ ծնունդով գյումրեցի, երևանաբնակ Հրաչյա Հարությունյանն աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում (ենթադրելի է՝ խոսքը անդամության մասին է), ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում։

Գրառումից և բուռն ալիքից որոշ ժամանակ անց՝ Հրաչյա Հարությունյանն էջը ապաակտիվացրեց, այդուհանդերձ, մինչ այդ մեզ հաջողվեց վերջինիս տարբեր լուսանկարների տակ արված գրառումների և հավանության նշանների միջոցով գոնե մոտավոր կերպով պարզել, որ «օրվա հերոսը» ներկայիս իշխանական որոշ բարձրաստիճան շրջանակների հետ ունեցել է մտերմիկ կապեր, ինչպես երևում է՝ այդ շրջանակների հետ «ճամփա է անցել» կամ, առնվազն, վայելել վերջիններիս սերն ու համակրանքը։

Բնականաբար՝ այս օրերին չէ, որ պետք է հիշյալ շրջանակների (և ոչ միայն) քաղաքական վարքագծի հասցեին հնչեցնել քննադատություններ, և այստեղից ելնելով էլ՝ ընդդիմադիր շրջանակների քննադատություններն ու առաջարկություններն ընդհանուր առմամբ ուղղված են իշխանությունների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ծրագրային թերացումներին ու ակնհայտ բացթողումներին։

Հետևաբար՝ իշխանական թիմում գտնվող անձի կողմից ընդդիմադիր շրջանակների հասցեին նման կարգի որակումները վկայում են, որ իշխանության նշված շրջանակներում դեռևս գերիշխում է ոչ թե պետական բարձր գիտակցությունը, այլ փողոցային վարքագիծը։ Այս ցավալի իրողությունը ևս մեկ անգամ փաստեցին հենց իրենք՝ բարձրաստիճան պատասխանատու որոշ պաշտոնյաներ, ովքեր տեղում խանդավառվեցին փողոցային ոճի գրառման ի հայտ գալով և դատապարտելու փոխարեն ջերմորեն արձագանքեցին դրան։    

Թե ի՞նչ է աշխատում Հրաչյա Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում՝ առայժմ մեզ չհաջողվեց պարզել, փաստենք միայն, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019 թ. պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար): Բնականաբար՝ չի բացառվում, որ ԱԺ-ում պարգևատրվողների ցանկում է նաև «օրվա հերոսի» անունը, իսկ թե ինչի համար՝ արդեն իմացանք։