կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 21:23
Հասարակություն

Բողոքների քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը

Բողոքների քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր դիմել ՍԴ դիմելու և վարույթը կասեցնել։ Միջնորդության մեջ Բաղդասարյանը հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազի կարծիքով, այդ որոշումը կարող է նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այօրվա նիստին հայտարարեց, որ սույն դատավարության ընթացքում այդ փաստաթուղթը չունի որևէ իրավական նշանակություն։ Դրա մեջ չկա որևէ իրավական մեկնաբանություն, որը ՀՀ Դատական օրենսգրքի իմաստով պարտադիր է դարձնում այս դատարանի համար ՄԻԵԴ-ի մեկնաբանությունը։ Ըստ պաշտպանի՝ դատախազության ներկայացրած փաստաթուղթը չի կարող դիտվել որպես փաստական հանգամանք։

«Այս փաստաթուղթն ունի կարևոր նշանակություն, բայց ոչ սույն քրեական գործի քննության շրջանակներում։ ՄԻԵԴ որոշումը, որ կայացվել է որևէ անձի բողոքով, ում հնարավորություն չի տրվել հրատարակել իր թերթը, չի կարող էական նշանակություն ունենալ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակության վրա այն պայմաններում, երբ Քր․ Օր․-ի սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական», - ընդգծեց Օրբելյանը։

Նա հիշեցրեց, որ ՍԴ-ն, քննարկելով Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը, չի ասել, որ այն համաչափ չէ կամ կա տեխնիկական որևէ խնդիր, այլ ՝ բարձրացրել է ամբողջ 300․1 հոդվածի որոշակիության խնդիրը։

Օրբելյանի կարծիքով՝ դատախազության միջնորդությունը պետք է թողնվի առանց քննության, եթե ոչ, ապա պետք է մերժվի, իսկ եթե չմերժվի, ապա լուծումը պետք է հետաձգվի։

Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատախազության միջնորդության բավարարումն անթույլատրելի է, որովհետև պարունակում է փաստական և իրավական բազմաթիվ սխալներ և թերացումներ․ դատախազության դիրքորոշումը ներկայացվում է իբրև ՄԻԵԴ-ի դիրքորոշում։

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից և դատարանները ՍԴ դիմելու մեկ հնարավորություն ունեն․ դատախազությունը կարող է դիմել ՍԴ գործի նախաքննության փուլում։ Սակայն այդ ընթացքում դատախազությունը չէր տեսնում այդ հոդվածի որոշակիության խնդիրը, չնայած, որ դրա մասին բազմիցս և հրապարակավ խոսել են հենց պաշտպանները։

«Իսկ հիմա դատախազությունը դատարանի ձեռքով փորձում է իր իսկ ստեղծած պրոբլեմը լուծել։ Այդ փուլը դատախազները բաց են թողել սեփական անբարեխղճության պատճառով», - նշեց Ալումյանը։

Պաշտպանական կողմը կարծում է, որ կատարված թարգմանությունը պաշտոնական չէ, այնինչ դատախազությունը պնդում է, որ այն ստացվել է Արդարադատության նախարարության կողմից և պաշտոնական է։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ դատախազության ներկայացրա ՄԻԵԴ-ի՝ «Դարեսկիզբ ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռի թարգմանությունում թարգմանական խնդիր կա: Նա կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ դա պաշտոնական թարգմանություն է ու մանրամասնեց. «Տեքստում ակնհայտ սխալ կա, իսկական իմաստին տրամագծորեն հակասող թարգմանություն կա: 58-րդ կետում կառավարության դիրքորոշման վերաբերյալ ակնհայտ հակառակ պնդում է պարունակվում: Կառավարությունը պնդել է իր առարկությունների մեջ, որ 2008-ի մարտի 1-ի դրությամբ ազգի կյանքի սպառնացող վտանգ է առկա եղել, թարգմանել են հակառակը՝ իբր կառավարությունը վիճարկել է՝ արդյոք ազգի

Պաշտպանական կողմի համար անհասկանալի էր, թե ինչու է նման միջնորդություն ներկայացվել դատարան, որի հիմքում դրվել է «Հայկական Ժամանակ»-ն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճիռը, համաձայն որի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը դատական ստուգման առարկա երբեք չի դարձել։  «Դաախազության կողմից մատնանշված ՄԻԵԴ վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքարկման եռամսյա ժամկետը դեռևս չի սպառվել։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի խախտված իրավունքները որևէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հետ, ինչի հետ փորձ է արվում կապել։ Բացի այդ ՄԻԵԴ վճռի թարգմանությունը ևս պաշտոնական չէ»,- նշեց պաշտպան Հայկ Ալումյանը։

Օրվա վերջում դատարանը հայտարարեց բողոքների քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 17։00-ին։