կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 10:20
Հասարակություն

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի փետրվարի 7֊ին

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի փետրվարի 7֊ին

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ափսոս, որ դատաքննությունը դռնբաց չէր, թե չէ մի շարք «հմուտ» պաշտոնյաներ այս խայտառակության պատճառով պետք է հրաժարական տային։

Հուսանք, որ ողջամտությունը կգերիշխի և Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ իրավունքի և ժողովրդավարության առումով մենք չենք գլորվի նախնադար։

Դատարանի որոշումը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 7-ին ժամը 11:00-ին»,֊գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Բախշիյանի պաշտպանները միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել, որը, սակայն, մերժվել է, եւ Արղամանյանն է շարունակում քննել ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։