կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 17:04
Իրավական

Մանվել Գրիգորյանը դատարանում պնդել է` մեղավոր չէ. կալանքը երկարաձգելու մասին որոշումը կհրապարակվի վաղը

Մանվել Գրիգորյանը դատարանում պնդել է` մեղավոր չէ. կալանքը երկարաձգելու մասին որոշումը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ` գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործում նոր բան չկա: Նրա խոսքով` Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում, սակայն պատրաստ է պատասխանատվություն կրել նաև հարազատներին մեղսագրվող արարքների համար:

Ինչ վերաբերում է գրավին, ապա Մկրտչյանն ասաց. «Գրավի միջնորդություն ներկայացվել է 20 մլն դրամ:  Կարծում եմ` դատարանը կաշկանդված չէ ավելի բարձր գրավի չափ սահմանելու հարցում»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ 6 ամիս շարունակ տեսել է կանխակալ վերաբերմունք Գրիգորյանի նկատմամբ: «Եթե այդ կանխակալ վերաբերմունքը չլիներ, Մանվել Գրիգորյանը չէր լինի կալանքի տակ, ինչպեսև շատ նմանատիպ հոդվածներով մեղադրվող ամբաստանյալներ, որոնք հիմա այլընտրանքային խափանման միջոցների տակ են»,- ասաց նա:

Հարցին` միտում տեսնո՞ւմ է, որ մշտապես Մարինե Մելքոնյանն է քննում Գրիգորյանի գործը, Մկրտչյանը պատասխանեց. «Այո, տեսնում եմ: Մանվել Գրիգորյանի գործով նշանակվում է այնպիսի դատավոր, որ նրա վրա ճնշում գործադրվի վարույթն իրականացնող մարմինի կողմից»:

Փաստաբանի կարծիքով` Գրիգորյանին կալանքի տակ պահելը յուրահատուկ դաժանություն ցուցադրելու նպատակ է հետապնդում:  

Ինչ վերաբերում է հարցին` հնարավո՞ր է ՄԻԵԴ դիմեն, նա պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված խնդիր կա: «ՄԻԵԴ դիմելու դեպքում պետք է նշվի` Մանվել Գրիգորյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Մանվել Գրիգորյանի ընկալումն այնպիսին է, որ իր համար ընդունելի չէ այդ ձևակերպումը»,- ասաց Մկրտչյանը:

Այսօր դատական նիստում Գիրգորյանը հանդես է եկել ելույթով և չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը, նրան պաշտպանական թիմն է համոզել ներկայանալ այս դատական նիստին: Նախկինում չի ներկայացել, քանի որ չի վստահում դատավորին:

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: