կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-27 18:16
Իրավական

56 միլիոն դրամի գողության գործով վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

56 միլիոն դրամի գողության գործով վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

«Մանանա Գրեյ» ընկերությունից 56 միլիոն 400 հազար դրամի գողության գործով այսօր վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց դատաքննությունը: Դատարանը,  դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, լսեց ամբաստանյալներ Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի փաստաբանների և մեղադրողի ճառերը, այնուհետև` ամբաստանյալների վերջին խոսքն ու անցավ խորհրդակցական սենյակ:

 

Ամբաստանյալ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է կատարված գողությանը օժանդակելու մեջ: Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր ճառի ընթերցումը սկսել էր նախորդ դատական նիստին և ավարտեց այսօր: Իր խոսքում նա շեշտեց, որ առաջին ատյանի դատարանը, որն իր պաշտպանյալին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման, մեղադրական դատավճռի հիմքում դրել է վարկած, այլ ոչ թե հիմնավորված ապացույց:

 

Այսպիսով` Աշոտ Առուշանյանի դեմ միակ ապացույցը եղել են գործով ամբաստանյալ անցնող և ներկայումս հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքները, որը նա տվել է կալանքից ազատ արձակվելուց մեկ օր առաջ: Իսկ կալանքից ազատվելուց օրեր անց ինքնասպան է եղել: Փաստաբանի խոսքով` կան ապացույցներ, որ Արտաշես Գալուստյանը երրորդ անձի դեմ, այսինքն` Աշոտի դեմ ցուցմունք տվել է խոշտանգումների և այլ պայմանավորվածությունների արդյունքումՆրա խցակից Տիգրան Առաքելյանն իր ցուցմունքներում նշել է, որ Արտաշեսը վատ հոգեվիճակում է եղել, իրեն պատմել է, որ ձերբակալելուց հետո իրեն նվաստացրել են, ծեծել, նույնիսկ տուժողները կարողացել են ներս մտնել և ոստիկանության բաժանմունքում ծեծի ենթարկել իրեն: Ասել է նաև, որ իր դեմ կիրառված խափանման միջոցը փոխվելու է, այսինքն` կալանքից ազատ է արձակվելու, սակայն ինքը դա չի ուզում, վախենում է, որ ազատության մեջ տուժողները կարող են գտնել իրեն: Կալանավայրում մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել, լամպը կոտրել է և կոտրված ապակիով վնասել պարանոցը, փորձել է սավանով կախվել, իրեն նետել է դանակի վրա: Մի քանի անգամ կրկնել է, թե` «կախվեմ-պրծնեմ»: Տ. Առաքելյանի այս ցուցմունքները հաստատվել են նաև Գալուստյանի մյուս խցակիցների կողմից:

 

Փաստաբանի խոսքով` առաջին ատյանի դատարանը պետք է դիմեր դատախազություն` վերոնշյալի վերաբերյալ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, ինչը չի արել: Դատարանը պետք է նույն կերպ վարվեր նաև Աշոտ Առուշանյանի դեպքում. նա բազմիցս պնդել է, որ նախաքննության ընթացքում իր հանդեպ հոգեբանական ճնշումներ են կիրառվել, հորդորել են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ, ավելին` ձերբակալել են բազմամարդ վայրում, բռնությամբ, այնինչ` Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է անձին կանչելու կարգը` ծանուցման միջոցով:

 

Լ. Սիմոնյանը նշեց նաև, որ առաջին ատյանի դատարանի կողմից անթույլատրելի ապացույց է ճանաչվել Աշոտ Առուշանյանի և Արտաշես Գալուստյանի միջև առերեսումը, քանի որ դրան Առուշանյանի նախկին փաստաբանը շուրջ 40 րոպե բացակայել է:

 

Իսկ ինչ վերաբերում է Գալուստյանի վերջին ցուցմունքին, որում հայտնել է, թե Առուշանյանն է իրենց տեղեկություններ հայտնել «Մանանա Գրեյի» և գողացված փողերի վերաբերյալ, ապա փաստաբանը նշեց, որ ինչո՞ւ Արտաշեսը նախկինում տված իր 5 խոստովանական ցուցմունքներում չէր հիշատակել ո'չ Աշոտին, ո'չ էլ նրանից որևէ տեղեկություն ստանալու մասին: Գալուստյանի այս ցուցմունքը նույնպես անթույլատրելի ապացույց է ճանաչվել առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն, այնուամենայնիվ, դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել:

 

Լիպարիտ Սիմոնյանը նշեց նաև, որ ապացուցված չէ, որ Աշոտ Առուշանյան նման հանցագործություն անելու շարժառիթ է ունեցել: Նա գերազանցությամբ ավարտել է դպրոցը, համալսարանը, ձերբակալությունից 8 օր հետո պիտի պաշտպաներ թեկնածուական ատենախոսությունը, ընտանիքը ապահովված էր, բարձր վարձատրվող աշխատանք և փայլուն կարիերա անելու հնարավորություններ ուներ և չուներ որևէ մոտիվացիա` իր ապագան կասկածի տակ դնելու համար: Փաստաբանը պահանջեց իր պաշտպանյալին արդարացնել:

 

Մյուս ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանը, ով մեղադրվում է հանցագործությանը մասնակից լինելու մեջ, առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նրա պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանն իր պաշտպանական ճառում նույնպես հայտնեց, որ Էդգարի մեղքն ապացուցող հիմքեր չկան: Վկաները հստակ չեն ասել, թե դեպքի վայրում տեսել են իր պաշտպանյալին, այլ պարզապես նմանեցրել են նրան, մյուս կողմից` տարածքը նկարահանող տեսախցիկներից ստացված նյութերը մոնտաժված են, և փորձաքննության արդյունքներն էլ ցույց են տվել, որ դրանց միջոցով անձին նույնականացնել հնարավոր չէ:

 

Իսկ այն, որ մեքենայի վրա, որտեղից գողացվել է գումարը, հայտնաբերվել է հագուստի մի փոքր կտոր և դրա նման շապիկ հայտնաբերվել է Էդգարի տանը, նույնպես չի կարող իր պաշտպանյալի մեղքի ապացույց լինել, քանի որ փորձագետը հստակ եզրակացություն չի տվել, որ գտնված կտորը Էդգարի հագուստի բաղկացուցիչն է, և այդ կտորը կարող էր մեքենայի վրա հայտնվել տարբեր ճանապարհներով:

 

Ինչ վերաբերում է Արտաշես Գալուստյանի` Էդգարի դեմ տրված ցուցմունքներին, ապա փաստաբանը հայտնեց, որ Էդգարը հնարավորություն չի ունեցել նրա հետ առերեսվելու: Փաստաբան Ռ. Սաֆարյանը դատարանին խնդրեց արդարացնել իր պաշտպանյալին, կամ եթե, այնուամենայնիվ, համաձայն չլինեն իր դիտարկումների հետ, մեղմ պատիժ նշանակել նրա հանդեպ:

 

Այնուհետև մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Տիտալ Ուզոյանը: Նա իր խոսքում նշեց,  թե հաստատված հանգամանքներ են, որ Աշոտն ու Էդգարը մտերիմ ընկերներ են, Աշոտը եղել է բանկի աշխատող և սպասարկել է «Մանանա Գրեյի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանին և մեծ գումարներ է վերցրել նրանից` որպես բանկի աշխատող, տեղյակ է եղել ընկերության ֆինանսական շարժին: Եվ, Ա. Գալուստյանի ցուցմունքի համաձայն, Աշոտն է բանկային գաղտնի փաստաթուղթ փոխանցել իրենց` ընկերության ֆինանսական շարժի վերաբերյալ:

 

Ինչ վերաբերում է առաջին ատյանի կողմից Գալուստյանի ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելուն, ապա դատախազը հայտնեց, որ դատարանը խախտմամբ է նման որոշում ընդունել, և վերաքննիչ ատյանին խնդրեց վերանայել այն: Մեղադրող դատախազը միջնորդեց առաջին ատյանի մեղադրական դատավճիռը թողնել անփոփոխ:

 

Ռեպլիկով հանդես եկան պաշտպանները և նշեցին, որ դատախազն իր ճառի հիմքում դրել է միայն դատարանի կողմից արդեն իսկ անթույլատրելի ճանաչված ապացույցներ:

 

Կողմերին լսելուց հետո դատարանն անցավ խորհրդակացական սենյակ` դատական ակտ ընդունելու համար: Այն կհրապարակվի վաղը` ժամը 11:50-ին: