Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքում երեկվա սրացմանը վերապրեցինք սեպտեմբերի 27-ի էմոցիաները, հավաքվել էինք՝ սպասելու հրամանի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի կազմում Արցախյան 44-օրյա պատերազմը ծայրից ծայր անցած բժշկուհի Գայանե Սահակովան։
Նա մանկաբույժ է, բայց հանգամանքների բերումով ստիպված էր կատարել ռազմական բժշկի հատուկ աշխատանք, և այսօր՝ ռազմական բժշկի օրը, ինքն է շնորհավորում բոլոր ռազմական բժիշկներին ու մաղթում ամրություն ու համբերություն։
«Երեկ կոնկրետ բոլորս վերապրեցինք սեպտեմբերի 27-ի էմոցիաները, նույն տագնապն էր, նույն անհանգստությունը, ես հիշում եմ՝ ոնց էի վազում՝ գնալու սեպտեմբերի 27-ի այդ հավաքին, որ կազմակերպել էր Դաշնակցությունը, և նույն կերպ ես արձագանքեցի երեկ, երբ որոշում կայացվեց, որ պիտի հավաքվենք։ Իհարկե, այնպես չէր, որ մենք երեկ հավաքվում էինք մեկնելու, ինչպես սեպտեմբերի 27-ին, երբ գիտեինք, որ հավաքվում ենք մեկնելու, մենք հավաքվում էինք՝ սպասելու, թե ինչ հրաման կստանանք և ինչ գործողություններ պիտի արվեն։ Բայց ներքին պատրաստվածության զգացողությունը ոչ մեկիս չի լքել, բոլորս իրար հարցնում էինք՝ պատրաստ ես, չէ՞, ու պատասխանը ակնհայտ էր, բոլորս էլ պատրաստ էինք ու, ընդ որում, պատրաստ էինք ոչ թե միայն հոգեբանորեն, այլ մեր բոլոր ռեսուրսնեով ու կարողություններով»,-ասաց Գայանե Սահակովան։
Անկախ նրանից, որ բոլոր տղաները այսօր և միշտ պատրաստ են մեկնել հայրենիքի պաշտպանությանը, նկատեց նա, բայց երեկ մի հարց է կախված եղել բոլորի մեջ խոսակցությունների ընթացքում․ այս պայմաններում, այս կառավարության, այս ղեկավարների հետ նորից գնալ պատերա՞զմ՝ դա ինքնասպանության պես մի բան է։
«Դու գնում ես՝ հավանականությունը, որ քո հետևում պետության թիկունքը կզգաս, ղեկավարներ կզգաս, չունես այդ զգացողությունը․ գուցե քեզ դավեն, մատնեն, քեզ նորից թույլ չտան կռվել, գուցե քո փոխարեն որոշում կայացնեն, գուցե, ինչպես ժողովուրդն էր ասում, քեզ նորից մսաղաց տանեն․․․ մեր տղաները անկախ այդ ամենից պատրաստ են մեկնել հայրենիքի պաշտպանությանը, բայց ավելի ողբերգական է, երբ չունես գերագույն գլխավոր հրամանատար։ Ես վստահորեն զգում եմ, որ եթե ես վաղը մեկնեմ, ես ունեմ շատ հոյակապ հրամանատարներ, մեր գումարտակը ունի շատ լավ հրամանատարություն, բայց մենք չունենք գերագույն գլխավոր հրամանատար»,-ասաց դաշնակցական բժշկուհին։
Ինչը նրան ուժ է տալիս և հավատ է ներշնչում, որպեսզի չերկմտի, դա իրենց կառույցի՝ ՀՅԴ-ի, կազմակերպվածությունն է։
«Մեր կառույցում քարոս չկա, այո՛, կան տարաձայնություններ, դա բնական է, կան տարբեր կարծիքներ, բայց քաոս չի, այդ ամեն ինչը ընկերվարության մթնոլորտում է, դա ինձ շատ օգնում է, ուժ է տալիս, և ինչ-որ տեղ նաև մխիթարում է։ Ես դա երեկ նորից զգացի, մի զանգով շատ մեծ թվով մարդիկ ուղղակի կազմ, պատրաստ էին ցանկացած գործողության համար․ եթե պետք լինի՝ կամավորական ինչ-որ բաներ հավաքագրել, եթե պետք լինի՝ արյուն հանձնել, եթե պետք լինի՝ մեկնել մարտադաշտ, կազմակերպված, պատրաստ եկել էին»,-ասաց բժշկուհին։
Երեկ, երբ հրադադար հաստատվեց, այսպիսի մի միտք է լսել՝ վայ, փառք Աստծո, էլ չեն կրակում․․․
«Հազար փառք Աստծուն տարբեր բաների համար, բայց ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք մենք մխիթարվում, գոհանում նրանից, որ կրակը մեզ չհասավ, այսինքն՝ ինչ լավ է, որ Երևան չհասան, ինչ լավ է, որ ընդամենը 24 զոհ ունեցանք կամ ինչ թիվ որ կշրջանառվի, ինչո՞ւ ենք մենք դրանով գոհանում, մինչև ինչքա՞ն ենք գոհանալու․․․ այսինքն, ոչինչ, որ այդքան զոհեր ու վիրավորներ եղան, այդքան դիրքերի, տարածքների կորուստ, և խարան, և ամոթ, և ծաղր․ ինձ համար դա ոչինչ չէ՛։ Թող ինձ ներեն այն մարդիկ, որ խաղաղության ջատագով են, բայց սա խայտառակ խաղաղություն է, սա խայտառակություն է, սա խաղաղություն չէ, չի կարող խաղաղություն լինել և դու անընդհատ զոհեր ունենաս, անընդհատ վիրավորներ ունենաս, տարածքի կորուստ ունենաս, գերիներ ունենաս, սա խաղաղություն չէ, սա ծաղր է»,-ասաց Գայանե Սահակովան։
44-օրյա պատերազմից առաջ նա երբեք չէր աշխատել վիրավոր զինվորի հետ, չէր տեսել ամպուտացված ձեռք, ոտք, չէր տեսել փամփուշտ մարդու գլխի մեջ, չէր տեսել մարդու ծնոտը փշրված․․․
«Ես մանկաբույժ եմ, իմ աշխատանքը միշտ եղել է երեխաների հետ, բախտի բերմամբ և իմ ուսուցիչների շնորհիվ, որոնք ինձ կրթել են բժշկագիտության ոլորտում, բարեբախտաբար, ունեցել եմ որոշակի գիտելիքներ առաջին բուժօգնություն տրամադրելու և անշարժացնելու, ցավազրկելու և վիրակապելու և այդ գիտելիքների շնորհիվ կարողացա օգտակար լինել»,-ասաց նա։
Սերն է ոտքի վրա պահում մարդուն, համոզված է բժշկուհին, սերը և պիտանի լինելու ձգտումը, եթե մարդը սիրում է գործը, զգում է, որ պետք է, տեսնում է, որ ստացվում է, ուրեմն իրավունք չունի թուլանալու։ Իսկ նրանց այդտեղ հասցրել է իր սերը հայրենիքի հանդեպ և իր երդումը դաշնակցականի ու բժշկի, համարում է, որ կատարել է իր պարտքը՝ ոչինչ ավելի։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․