կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-10 13:52
Իրավական

«Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհին 26-ամյա Մերիի մահվան գործով որպես վկա է ներգրավվել

«Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհին 26-ամյա Մերիի մահվան գործով որպես վկա է ներգրավվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով ներգրավված է որպես վկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց մահացած ծննդկանի հոր՝  գործով իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Վերջինիս խոսքով՝ հանձնաժողովային փորձաքննությունից հետո միայն կորոշվի մեղավորության հարցը: Փաստաբանը հայտնեց, որ հետամուտ են լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները չեն կատարել կամ թերի են կատարել, ինչն էլ հանգեցրել է Մերիի մահվանը:

Մարինե Թովմասյանը հայտնեց, որ իրենց մի շարք հարցեր են հետաքրքրում: Մասնավորապես այն, որ եթե բժիշկը հիվանդի մոտ օրեր շարունակ բարձր ջերմություն է տեսնում, չպե՞տք է արդյոք անհապաղ հոսպիտալացնի կամ ի՞նչն է խանգարել «Շենգավիթ» բկ-ում կեսարյան հատման ենթարկել Մերիին:

Փաստաբանը նաև նշեց, որ իրենք քայլեր են ձեռնարկելու, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև երեխայի մահվան փաստով: Թովմասյանը միաժամանակ հորդորեց պահել Շուշանիկ Բախշյանի անմեղության կանխավարկածը:

Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը 2 օր անց մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):