Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ն նկատել է ռուսական զորքերի լայնածավալ և արտասովոր կենտրոնացում Ուկրաինայի սահմանի մոտ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։
«Մենք քննարկել ենք անվտանգության իրավիճակը Ուկրաինայում և շրջակայքում։ Վերջին շաբաթներին մենք ականատես եղանք Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի լայնածավալ և արտասովոր կենտրոնացման։ Այս իրավիճակը նման է այս տարեսկզբին Ղրիմում և Սև ծովում ռուսական զինուժի կուտակմանը: ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այս իրավիճակի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են Դաշինքի դաշնակիցների՝ Ուկրաինայի և ԵՄ երկրների հետ։
«Ռուսաստանի սադրանքներն ու ագրեսիվ դիրքորոշումը մտահոգություն են առաջացնում։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ թափանցիկ դարձնել իր ռազմական գործունեությունը։ Կարևոր է խուսափել լարվածության աճից։ ՆԱՏՕ-ն համերաշխ է Ուկրաինայի հետ. մենք չենք ընդունել և չենք ընդունելու Ղրիմի բռնակցումը, մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ դադարեցնել Դոնբասում զինյալներին աջակցելը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն և դաշինքի անդամ երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային։
Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի եւ դաշնակիցների զորավարժությունները սեւծովյան տարածաշրջանում պաշտպանական են եւ թափանցիկ։
Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրավիրվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին Լատվիայում։
«Գլխավորը էսկալացիան և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալը կանխելն է»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա նաեւ հայտնել է, որ, Բելառուսի հետ սահմանին ճգնաժամից բացի, լարվածությունը սրվել է նաեւ Արևմտյան Բալկաններում։ «Շատ բաներ են կատարվում միաժամանակ։ ՆԱՏՕ-ն պետք է ուշադիր հետևի դրանց և զգոն լինի: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին՝ թուլացնել լարվածությունը»,- ամփոփել է Ստոլտենբերգը։