կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-14 12:39
Հասարակություն

Սաակաշվիլիի բուժող բժիշկը հայտարարել է նախկին նախագահի վիճակի վատթարացման մասին

Սաակաշվիլիի բուժող բժիշկը հայտարարել է նախկին նախագահի վիճակի վատթարացման մասին

Հացադուլի 44-րդ օրը Վրաստանի կալանավորված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խիստ թուլացել է եւ չի կարողացել մահճակալից վեր կենալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի բուժող բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

«Ես այցելել եմ բանտախուց, քանի որ նա (Սաակաշվիլին) չի կարողացել ներքեւ իջնել: Ես վերցրել եմ անալիքներ, ստացել պատասխանները, սակայն այսօր առաջին անգամ էր, երբ նախագահը չի կարողացել վեր կենալ մահճակալից»,-ասել է Կիպշիձեն:

Բժիշկը գտնվել է բանտում ավելի քան հինգ ժամ: ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ ուշ երեկոյան Գլդանիի բանտ է ժամանել ռեանոմոբիլ:

Կիպշիձեն նշել է, որ ներկայում Վրաստանի երրորդ նախագահը շարունակում է մնալ բանտային հոսպիտալի գլխավոր բժշկի հսկողության ներքո: Պատասխանելով լրագրողի հարցերին՝ նա ընդգծել է, որ ներկա փուլում պացիենտին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու հարցը չի քննարկվում:

Նա հավելել է, որ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, սակայն վերսկսել է դեղորայք ընդունել, որն անհրաժեշտ է կենսական պարամետրերն ապահովելու համար:

Վրաստանի արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սաակաշվիլիի վիճակը կայուն է: Բանտից չեն հաստատում տեղեկատվությունը, որ ռեանոմոբիլը կանչել են նախկին նախագահի համար: Միաժամանակ հավաստիացնում են, որ անհրաժեշտության դեպքում բանտի հիվանդանոցում Սաակաշվիլիին շտապ օգնություն կցուցաբերվի:

«Չնայած Սաակաշվիլին վերակենդանացման կարիք չունի՝ կանխարգելման համար գտնվում է պալատում, որը վերակենդանացման պալատի հարեւանությամբ է: Վերակենդանացման պալատը համալրված է ամբողջովին ժամանակակից, անհրաժեշտ տեխնիկայով եւ դեղորայքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բոլոր պացիենտները գտնվում են միեւնույն տարածքում: Լրագրողները ենթադրել են, որ այդտեղ Սաակաշվիլիին տեղափոխելու դեպքում, հնարավոր է, անհրաժեշտ լինի մյուս հիվանդների տեղափոխումն այլ պալատներ: Արդարադատության նախարարությունում հավաստիացնում են, որ Սաակաշվիլիին բուժօգնություն կցուցաբերեն առանց կալանավորներին տարհանելու:

Սաակաշվիլին, որը հոկտեմբերի 1-ից գտնվում է Ռուստավի քաղաքի կալանավայրում, նոյեմբերի 8-ին տեղափոխվել է Գլդանիի բանտի հիվանդանոց: Նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նրան խաբեությամբ տեղափոխել են ուղղիչ հաստատություն՝ ենթարկվելով արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի:

Այս շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է արել Սաակաշվիլիին դադարել հացադուլը՝ ընդծելով, որ իշխանությունները պետք է ապահովեն կալանավորի համապատասխան բուժումը, այդ թվում՝ վերականգնման գործընթացում: Սաակաշվիլին հաշվի է առել ՄԻԵԴ-ի կոչն ու խոստացել դադարել հացադուլը բժիշկների կոնսիլիումի կողմից ընտրված մասնավոր կլինիկա տեղափոխվելուց անմիջապես հետո: