կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 13:44
Մշակույթ

Օձի խայթոցը բուժող եկեղեցին ավելի է զորացել

Օձի խայթոցը բուժող եկեղեցին ավելի է զորացել

Մշակույթի նախարարության հրավերով այս օրերին Հայաստանում էր գտնվում որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիսթինե Լամորեան Բելգիայից, ով օգոստոսի 20-24-ը աշխատանքներ է իրականացրել Որոտնավանքի Սբ Կարապետ եկեղեցում. այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Մաքրվել, ամրակայվել, վերականգնվել է Սբ Կարապետ եկեղեցու հյուսիսային խորանի որմնանկարը /ենթադրվում է XI դար/, ամփոփված 124 սմ տրամագիծ ունեցող շրջագծի մեջ, ուր պատկերված է աստղազարդ երկնագույն երկինք՝ շրջապատված կենդանակերպ ու մարդակերպ պատկերներով, կենտրոնում՝ թևավոր հրեշտակ:

Որմնանկարի հետագա անխաթար պահպանությանն ուղղված աշխատանքներին մասնակցել են նաև վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը Իտալիայից և որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը Հայաստանից: Վերականգնման համար բոլոր անհրաժեշտ նյութերը տիկին Լամորեան իր հետ բերել էր Իտալիայից:

Որոտնավանքը (Վաղատնի վանք) գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա, հիմնադրվել է 1000թ.` Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Որոտնավանքի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, վերակառուցել` հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի:

Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիս-արևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք: Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը:

Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ: Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով: Շահանդուխտ թագուհին վանքի շրջակայքում կառուցում է նաև աղոթարան, արհեստանոցներ, պահեստներ և վանքը շրջափակում պարսպով: Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում:

1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք: Որոտնավանքում գիտական և եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք: Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև, հիմնադրելով Տաթևի համալսարանը: XIII դ. 80-ական թթ. Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, ով 1386 թվականին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցն» աշխատությունը: 1407 թվականին վանք է այցելել Թովմա Մեծոփեցին:

Նույն տարում Որոտնավանքում Առաքել ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել: 1438 թվականին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը: Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը:

1931 թվականին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը: