կարևոր
2284 դիտում, 21 ժամ առաջ - 2025-07-25 12:27
Քաղաքական

Գառնիկ Դանիելյանն ահազանգում է երկու ամսով կալանավորված «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Աղվան Արշակյանի առողջական վիճակի վատթարացման մասին

Գառնիկ Դանիելյանն ահազանգում է երկու ամսով կալանավորված «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Աղվան Արշակյանի առողջական վիճակի վատթարացման մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Սրբազան պայքարի համակիր, քաղբանտարկյալ, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են։

Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվեց ծանր հիվանդություն։ Բարդ վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր՝ Աղվանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո։ Ըստ ժամանակացույցի՝ հաջորդ հետազոտությունը պետք է իրականացվի սեպտեմբերին։

Բացի այդ, Աղվանի առողջապահական վիճակի բարելավման համար անհրաժեշտ են զբոսանքներ, մաքուր օդ, հատուկ սննդակարգ։

Աղվանի դեպքն արժանի է առանձին ուշադրության, քանի որ իր՝ անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը բացասական է անդրադառնում երիտասարդ տղայի առողջությանը։

Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ամենից հայրենասեր քաղաքացիներն առանց որևէ հիմքի հայտնվում են բանտերում։ Բռնապետական ռեժիմի համար անգամ զսպող հանգամանք չէ մարդու առողջական դրությունը։ Կալանքը՝ որպես խափանման միջոց, սրանց օրոք վերածվել է պատժի միջոցի։

Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ ՄԻՊ֊ին։ Կրկնում եմ՝ պայմանավորված առողջական վիճակով՝ Աղվան Արշակյանն օր առաջ պետք է լինի ազատության մեջ՝ իր մայրիկի կողքին։

Վստահ եմ, որ այսպիսի ազնիվ և խիզախ երիտասարդներն են կերտելու վաղվա մեր օրն ու ապագան»։