կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 11:20
Հասարակություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հրապարակել է դատական բարեփոխման ճանապարհային քարտեզներ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հրապարակել է դատական բարեփոխման ճանապարհային քարտեզներ

2021 թվականի նոյմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ նվիրված հետևյալ կարևորագույն հարցերին.

Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։ Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։ 

Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները: Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։ 

Առաջին ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել են դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմները արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում, դատական բարեփոխումների, ներառյալ՝ դատական վեթինգի իրականացման միջազգային և հիմնական ստանդարտները, դատական բարեփոխման, ներառյալ՝ դատական վեթինգի միջազգային փորձը՝ ըստ երկրների։ Ուսումնասիրվել է նաև ազգային փորձը և դրա հիման վրա առաջարկվել է ՀՀ-ում դատավորների բարեվարքության ստուգում իրականացնելու մեխանիզմների ճանապարհային քարտեզը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններով։

Երկրորդ ուսումնասիրությունը նվիրված է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձին, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերին, որի շրջանակներում ուսումնասիրվել է 15-ից ավել երկրների փորձը։ Այնուհետև, միջազգային և ազգային փորձի հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ հայաստանյան դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերի բարձրացման և առաջնահերթ բարեփոխման իրականացման ուղղությունների վերաբերյալ։

Ուսումնասիրությունները կարող են օգտագործվել ՀՀ պատկան մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից՝ այս ոլորտում բարեփոխման իրականացման նպատակով։

Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք պատկան մարմիններին և բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներին, կուսակցություններին, մասնագիտական հասարակական կազմակերպություններին սկսել ներառական, կառուցողական և խորքային քննարկումներ՝ ուսւմնասիրություններով բարձրացված հարցերի շուրջ՝ ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ, խորքային և իրական բարեփոխման, այդ թվում  դատա-իրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված գործողությունների հետևողական իրականացման նպատակով։ 

Նշենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան: