Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գորիս համայնքում գործող «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Այնուհետև նա 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:
Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:
Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։
2021թ. հոկտեմբերի 27-ին հրապարակած դատավճռով դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Միաժամական, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով:
Դատական ակտն ստանալու և դատարանի պատճառաբանությունների ու հիմնավորումների վերլուծության արդյուքնում կլուծվի պատժի մեղմության առումով անհամափաչության տեսանկյունից այն բողոքարկելու հնարավորության հարցը: