կարևոր
16738 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-27 17:01
Իրավական

Արթուր Սուքոյանն ազատ արձակվեց․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը

Արթուր Սուքոյանն ազատ արձակվեց․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշեց վերացնել և փոխել Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել խափանման միջոց տնային կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սուքոյանը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, ինչպես նաև՝ նախաքննության փուլում արդեն հարցաքննվել են վկաները, առերեսումներ են եղել։

Հանրային մեղադրողը ևս միջնորդեց փոխել խափանման միջոց տնային կալանքը՝ նշելով, որ վարչական հսկողությունը՝ սահմանափակումներով և բացակայելու արգելքը բավարար է պատշաճ վարքագծի ապահովման համար։ Մեղադրողի դիրքորոշմանը միացավ նաև լրագրող Դավիթ Լևոնյանը։

Լսելով կողմերին՝ դատավորը նշեց, որ թեև առերես հարցաքննվել են, ապա դատարանը գտնում է, որ թեպետ նվազ, բայց պահպանվում է՝ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ինչը կարելի է ապահովել որոշակի սահմանափակումներով՝ անձանց հետ շփումները սահմանափակելով։ Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունները։ Հաջորդիվ՝ դատարանում քննարկվեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Դատարանում մեկնարկեց հիմնական դատալսումները։ Հանրային մեղադրողը հանդես եկավ բացման խոսքով։

Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը ստահոդ լուրեր է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով ինքը տուժող է ճանաչվել։ Արթուր Սուքոյանը մայիսի 1-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։ Հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, որը նախնական դատալսումների փուլում ևս փոխվել է՝ վարչական հսկողությամբ։