կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 21:21
Հասարակություն

Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. նիստն ընդմիջվեց մինչև նոյեմբերի 8-ը

Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. նիստն ընդմիջվեց մինչև նոյեմբերի 8-ը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ դեռևս 1.5 տարի առաջ ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելու համար։

ԲԴԽ-ում այսօր սկսվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ նշված ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

Մինչ, ըստ էության քննությունը, ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը հայտնեց, որ խնդրո առարկա գործի վերաբերյալ տեղեկությունները «Դատալեքս» համակարգում սահմանափակ են՝ ակնարկելով, որ Զ. Նախշքարյանի վերաբերյալ միջնորդության քննությունը եւս լինի դռնփակ, սակայն դատավոր Նախշքարյանը հայտնեց, որ ըստ ընդդատության ուղարկելու հարցը քննվել է դռնբաց, հետևաբար ԲԴԽ-ում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության դռնփակ ռեժիմով քննության համար հիմքեր չկան։ ԲԴԽ-ն որոշեց դռնբաց շարունակել գործի քննությունը։

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության՝ դատավորը վերադարձրել է գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցադիմումներից մեկը՝ արձանագրելով, որ սույն գործը չի կարող քննվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, քանի որ պատասխանողը գրանցված է Վանաձորում, հետևաբար, գործը պետք է ըստ ընդդատության քննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, մինչդեռ, նախարարությունը գտնում է, որ դա վարկաբեկել է դատական իշխանությունը, նվազեցրել հանրության վստահությունը և կասկածներ առաջացրել՝ դատարանների անկողմնակալության, անաչառության վերաբերյալ։ Դավիթ Գասպարյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացրել է որոշումը՝ արձանագրելով, որ դատարանը հայցվորին ծանրաբեռնել է ավելորդ ձևական պահանջներով, ինչով, ըստ Գասպարյանի, սահմանափակվել է անձի դատական մատչելիության իրավունքը։

Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյոք վարույթ հարուցելիս իրենք տեղեկացված եղել են, որ դատավորը քննել և մերժել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի հայցադիմումը, ինչին ի պատասխան նախարարության ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց։

Սահակյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի հայցադիմումի հիմնավորումները դատավոր Նախշքարյանի հետ, որ հայցվորի սխալների համար փորձում են պատասխանատվության ենթարկել դատավորին, սակայն հարցին պատասխան չտրվեց։

Ընդ որում, թեև Գասպարյանը պնդում է, թե դատավորի կողմից հայցադիմումը վերադարձնելու հետևանքով խախտվել է անձի դատական մատչելիության իրավունքը, պարզվում է, որ դատավորը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացրել է դեռևս 1.5 տարի առաջ, իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը սույն գործը վարույթ է ընդունել 1 տարի երկու ամիս անց՝ պայմանավորված հայցադիմումը վերադարձնելու որոշման դեմ ներկայացված բողոքներով և այլ դատավարական գործընթացներով։ Դատավոր Նախշքարյանի դիտարկմամբ՝1 տարի 2 ամիս դատավարական տարբեր գործողությունների արդյունքում հայցվորի հայցը քննության առարկա չի դարձվել։

«Չե՞ք կարծում արդյոք, որ դատարանի՝ հանձինս ինձ, դատական ակտը՝ հայցը վերադարձնելու վերաբերյալ՝ ուղղված էր հենց առաջին հերթին հայցվորի արդար դատաքննության իրավունքի մատչելիությանը և իր իրավունքին՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ակնկալիքին»,- նշեց Նախշքարյանը՝ դիմելով Գասպարյանին, որը, սակայն խուսափեց հարցին ուղիղ պատասխանելուց՝ հայտարարելով, թե օրենքի պահանջներով ներկայացված հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունման և դատարանն ունի գործիքակազմ՝ վարույթ ընդունելուց հետո գործն ուղարկելու ընդատության։

Նախշքարյանն արձանագրեց՝ նախարարության ներկայացուցիչը չի պատասխանում իր հարցին, պատասխանում է մեկ այլ հարցի, որն ինքը չի հնչեցրել։

ԲԴԽ նիստն ընդմիջվեց՝ մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 15.00-ն։