կարևոր
3880 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 19:02
Հասարակություն

Փաստաբանները պաշտպանում են դատավորի խոսքի ազատությունը. «ֆլեշմոբ»՝ ի աջակցություն Զարուհի Նախշքարյանի

Փաստաբանները պաշտպանում են դատավորի խոսքի ազատությունը. «ֆլեշմոբ»՝ ի աջակցություն Զարուհի Նախշքարյանի

Փաստաբանները սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են նախաձեռնել՝ իրենց աջակցությունը հայտնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթը հարուցվել է՝ իր կարծիքն ու դիտարկումները հայտնելու համար։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պաշտպանելով դատավորի խոսքի ազատությունը։

«Ես՝ փաստաբան Երվանդ Վարոսյանս (արտոնագիր 776), ուսումնասիրելով դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչների հրապարակած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ հայտարարում եմ.

1/ միջնորդության փաստական հիմքը կազմող դատավորի հրապարակային խոսքն ակնհայտորեն տեղավորվում է արտահայտման ազատության՝ միջազգային չափորոշիչներով դատավորին թույլատրված սահմաններում։

2/ այդ պայմաններում արդարադատության նախարարի միջնորդությունը դատավորի նկատմամբ գործադիրի կարգապահական լիազորության չարաշահում է և ինքնին ոտնձգություն է Սահմանադրական հիմնարար արժեքների, հատկապես՝ խոսքի ազատության, դատավորի անկախության, իշխանությունների տարանջատման նկատմամբ։

Փաստաբան գործընկերներիս կոչ եմ անում ծանոթանալ միջնորդությանը և այս գնահատականը կիսելու դեպքում միանալ սույն հայտարարությանը՝ ինձ նշելով առանձին գրառում կատարելու կամ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելու ձևով։ Խնդրում եմ նշել արտոնագրի համարը ևս»,- նշել է Վարոսյանը, ինչից հետո փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միանում են հայտարարությանը։

Այս պահին արդեն մի քանի տասնյակ փաստաբան միացել է ֆլեշմոբին։