կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 15:28
Քաղաքական

Ովքե՞ր էին պատվիրատուները. Հոկտեմբերի 27-ը և ջհանգիրյանական բենեֆիսը՝ տարիների հեռվից

Ովքե՞ր էին պատվիրատուները. Հոկտեմբերի 27-ը և ջհանգիրյանական բենեֆիսը՝ տարիների հեռվից

Yerkir.am-ը ներկայացնում է Մյունխենի Հայկական հարցերի հաստատության հրատարակած «Հայ դիվականության պատմություն» գրքի այն հատվածը, որը վերաբերում է հոկտեմբերի 27-ի ողբերգությանը (գրքի հեղինակ՝ Վարդան Գրիգորյան): Լուսահոգի Էդուարդ Հովհաննիսյանի թարգմանությամբ և առաջաբանով հրատարակված նշյալ աշխատանքը շարադրվել է 1997-2002 թթ.: Այն նվիրված է 1990-ական թթ. նորանկախ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին, դեպքերին ու առանցքային դեմքերին:

 

Ազգային ժողովում ողբերգությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Հայաստանի պետականության համար այն սեւ չորեքշաբթի օրը ահաբեկիչները դիմահար գնդակահարեցին հայկական պետականությունը,որի հետ կապված իրադարձությունները հայտնի են, եւ դրանց վրա կանգնելն ավելորդ եմ համարում։ Կսահմանափակվեմ միայն սեփական տպավորություններով,որոնք չեն համընկնում հետաքննության արդյունքների հետ,որն, ինչպես հայտնի դարձավ,անցկացվել է հանցավոր պատվախնդրությամբ եւ հակապետական տրամադրություններով՝ անվիճելիորեն հաստատելով բավականին ճյուղավորված եւ միաժամանակ հրաշալի քողարկված ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ առկայությունը։ Դավադրություն,որն ուղղված էր հայկական պետականության դեմ։

Այդ դավադրության առկայության մասին Վազգեն Սարգսյանին նախազգուշացնում էին դեպքից առնվազն մեկ ամիս առաջ։ Տարօրինակ կերպով տեղեկությունները ստացվում էին ոչ թե գաղտնի ծառայություններից,այլ քաղաքական շրջանակներում եղած «տեղյակ աղբյուրներից»,այսինքն՝ տեղեկությունները կառուցվում էին լուրերի, ենթադրությունների,որոշ փաստերի համեմատությունների հիման վրա եւ ոչ ավելի։ Իսկ այդ «տեղեկությունները» լրջությամբ ընդունելը եւ որոշակի քայլեր ձեռնարկելը Վազգենի չափանիշներով ամոթ էր։ Բայց դրա հետ միասին նա համոզված էր,որ իր մահը շատ շատերին ձեռնտու կլինի,ուստի բազմիցս կրտսեր եղբայրներին խորհուրդ էր տալիս. «Եթե ինձ հետ որեւէ բան պատահի,չհամարձակվեք կասկածել իմ ընկերներին»։ Իսկ ընկերներ համարում էր բոլոր նրանց,ում հետ պաշտպանել էր սահմանները,ում հետ հաղթանակներ էր տարել պատերազմի դաշտում,ում հետ ստեղծել էր բանակը եւ զբաղվել քաղաքականությամբ։ Այդ թվում՝ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին,Վանո Սիրադեղյանին,Ռոբերտ Քոչարյանին,Սամվել Բաբայանին, Սերժ Սարգսյանին,Վահան Շիրխանյանին,Գագիկ Ջհանգիրյանին,Մանվել Գրիգորյանին եւ շատ ու շատ ուրիշների,որոնց,ինչպես պարզվեց հետագայում,Վազգենի մահը ԿԱՐՈՂ ԷՐ ձեռնտու լինել։

Ոմանց ձեռնտու էր,որովհետեւ նրա ձեռքից չստացան ցանկալի պաշտոններ, ոմանց՝ որովհետեւ նրա ուժեղացումը թուլացնում էր իրենց դիրքերը,երրորդներին՝ որովհետեւ Վազգենի՝ առաջնակարգ դիրքեր գրավելը նրանց զրկեց իշխանության վերադառնալու հույսից։

Ականատեսները պատմում են մի դրվագի մասին,որ տեղի էր ունեցել մարտ ամսի սկզբներին կառավարական ամառանոցում,որտեղ արդեն 10 տարի ապրում էր Վազգեն Սարգսյանը։ Խնջույքի ժամանակ,որին մասնակցում էր ամբողջ ղեկավարությունը,տնից դուրս են գալիս Վազգենը եւ Սամվել Բաբայանը՝ իբր մաքուր օդ շնչելու։ «Սյամոն» գրեթե հիստերիկ,գերլարված վիճակում գոռում էր. «Հասկացի՛ր, եղբա՛յր,սրանք մարդ չեն,սրանք անիծներ են,նրանք քեզ կխաբեն, գլուխդ կուտեն… Մի հավատա նրանց,նրանք ՔՈ, ՄԵՐ թշնամիներն են,ՆՐԱՆՔ այնպիսի բան են մտադրվել… Թույլ տուր ես նրանց ոչնչացնեմ, ինչպես կատաղած շների»։ Վազգենին հաջողվեց այդ օրը,որ իր ծննդյան օրն էր,հանգստացնել Սյամոյին եւ, ուսին խփելով, վերադարձնել առանձնատուն։ Սակայն Սյամոյի պոռթկումն անհետեւանք չմնաց։ Շուտով նա զրկվեց Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնից,իսկ ավելի ուշ՝ 2000 թվականի փետրվար ամսին, նաեւ Ղարաբաղի բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնից,հետո եղբոր հետ մեղադրվեց  Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ կատարելու մեջ եւ դատապարտվեց։

Դավադրություն կար,հակառակ դեպքում ո՞ւմ էր պետք նպատակասլաց եւ ստուգողական կրակոցով սպանել Կարեն Դեմիրճյանին։ Եթե Դեմիրճյանը ողջ մնար, նախատեսված հեղաշրջումը՝ ահաբեկչության գլխավոր նպատակը,չէր կարող տեղի ունենալ։ Դավադրության եւ պետք է ասել փայլուն կազմակերպված դավադրության վարկածը հաստատվում է դերակատարների շատ «հաջող» ընտրությամբ,որոնք ունեին պրոֆեսիոնալ մարդասպանի հատկանիշներ՝ զուգորդված միջնադարյան արյունարբու ֆանատիզմով։ Մարդասպանները, այսպես ասած, գաղափարականներ էին,որոնք, իրենց հետագա խոստովանությունների համաձայն, որոշ առաքելություն ունեին եւ ձգտում էին արժանի պատմական դատավարության։ (Իմիջիայլոց, ազգի ներկայացուցիչների մեջ,որ ահա արդեն 15 դարեր ի վեր սերնդե սերունդ դաստիարակվել է ծնողասպան Սամվելի «հերոսությամբ»,նման դերակատարներ գտնելը դժվար չէր)։

Ովքե՞ր էին պատվիրատուները։ Արտաքին ուժե՞րը։ Ոչ, դա անկարելի է,բոլորովին ուրիշ ոճ է,բոլորովին չէր համապատասխանում դրված նպատակներին։

Նախագահ Քոչարյա՞նը եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյա՞նը։ Սկզբնական շրջանում բավական տարածում գտած մի վարկած էր սա,որին,  ցավոք, հավատաց նաեւ բարձրաստիճան զինվորականությունը։ Ծայրաստիճան անհամոզիչ տարբերակ է, նրանց բոլորովին ձեռնտու չէր Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Այդ սպանությունը նրանց ներքին քաղաքականության եւ մանավանդ արտաքին քաղաքականության բնագավառում դրեց բավականին լուրջ խնդիրների առջեւ։ Նրանց համար Վազգենը հուսալի վահան էր,չնայած շատ անհարմար եւ ծանր,շատ հաճախ քողարկում էր արեւը,բայց գոնե գործում էր ընդունված օրենքների համաձայն։ Եվ, բացի դրանից, շատ մակերեսային էր նրանց ենթադրական շահագրգռվածությունը Վազգենի մահվան մեջ, ինչը չէր կարող հաշվի չառնվել իսկական կազմակերպիչների կողմից։

Իմ կարծիքով եւ խոր համոզմունքով՝  շատ բան կարող է բացատրել այն ձեւը,որի տակ կատարվեց հանցագործությունը՝ աղմուկով,ցուցամոլությամբ,ծով արյունով, քաղաքական շահարկումներով,կեղծ հեղափոխական դատարկաբանությամբ։ Մի խոսքով՝ աղմկալից ՔԱՂԱՔԱԿԱՆ իրադարձություն,որը հիշեցնում էր 80-ական թվականների ցույցերը եւ երթերը։ Ձեռագիրը սարսափելի ծանոթ է։

Դրա հետեւում ոչինչ չկար,բացի դատարկությունից. ականատեսների վկայությունների համաձայն՝ ահաբեկիչները պարզապես չգիտեին,թե ինչ պիտի անեն Կարեն Դեմիրճյանի,Վազգեն Սարգսյանի,ինչպես նաեւ՝ նրանց երկու տեղակալների սպանությունից հետո (մնացած 6 պատգամավորների սպանությունը իբր չէր մտնում նրանց ծրագրերի մեջ)։

Հրաձգությունը դադարեցնելուց 10 րոպե անց սկսվում է հետքերի վերացման ընթացքը՝ չնայած նրան,որ կարող էին հանգիստ փախչել։ Նրանք իրենց պաշտպանելու կոչով դիմում են Կոմկուսի եւ Դաշնակցության ֆրակցիաներին,պատգամավորներից խլված բջջային հեռախոսներով  կապվում են ինչ-որ մարդկանց հետ։ Ինչպես հետագայում պարզվեց,վերջիններս ընդհանրապես տեղյակ չէին կատարվածից,մինչդեռ Դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանին առաջարկում են «սկսել գործը»՝ ասելով,թե՝ «մենք մեր գործն արեցինք»։ Հետո ձեռագրերի մի կապոց են հանում,որտեղ կային իշխանափոխության ինչ-որ օրինագծեր,որոնց համաձայն՝ իշխանությունը պետք է անցնի հանցագործների ղեկավարին։ Ընդ որում՝ դրանց տակ արդեն ստուգիչ կրակոցով սպանված պառլամենտի նախագահ Կարեն Դեմիրճյանի անունն է…

Գոյություն ունի նաեւ այն տարբերակը,անշուշտ՝ ենթադրական,որ ահաբեկիչների ղեկավարը եւ նրա եղբայրը հաճախ այցելում էին Թուրքիա ու ամիսներով ապրում այնտեղի 5 աստղանի թանկարժեք հյուրանոցներում։ Հետագայում քննության եւ դատավարության ընթացքում այս իրողության վերաբերյալ ցանկացած հարց սարսափելի նյարդայնացնում էր հանցագործների ղեկավարին։ Վերադառնանք այն վարկածի էությանը,որի համաձայն՝ իբր թե Թուրքիան եղբայրներին պատրաստում էր ահաբեկչության՝ միաժամանակ նրանց վարժեցնելով զենք գործածելուն։ Ամբողջովին տրամաբանությունից զուրկ է,քանի որ անհասկանալի է մնում,թե այս դեպքում ինչո՞ւ էին նրանց պահում թանկարժեք հյուրանոցներում։ Նույնիսկ եթե այդպես է,ապա ինչո՞ւ էին նրանց տվել շքեղ հյուրանոցների վճարումների ստացականները,իսկ ահաբեկիչներն էլ պահել էին դրանք։

Իրականում այդ ամենը «Քոչարյանի» եւ «դաշնակների» նկատմամբ ստեղծված կեղծ հետքի նման մեկ այլ կեղծ հետք ստեղծելու փորձ էր։ Չարամտությա՞մբ,թե՞ հիմարությամբ (հազիվ թե) շարժվեց հետաքննությունը,որը վարում էր զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս անձնավորությունը դեռեւս 1995թ. տխուր հռչակ ձեռք բերեց պառլամենտական ընտրությունների ժամանակ կատարած իր քաջագործություններով։ Լինելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ջհանգիրյանը, բառիս բուն իմաստով, ղեկավարում եւ թելադրում էր ընտրությունների ընթացքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը,ավելի ճիշտ՝ ՀՀՇ-ն, նրան «դեն նետեց» ու չնշանակեց խոստացած՝ գլխավոր դատախազի պաշտոնում,իսկ Վազգենը վերցրեց ու նրան հարմարեցրեց իր պահանջներին,որի բերումով էլ համարվում էր Վազգենի մարդը։ Ջհանգիրյանը ծայրահեղ ինքնավստահ, ինքնասիրահարված եւ գոռոզամիտ անձնավորություն էր եւ իրենից ներկայացնում էր դավաճանի ու խառնակչի դասական կերպար,որն ընդունակ էր տրորել ցանկացածի։

Վազգեն Սարգսյանի բարեկամները եւ գործընկերները,ինչպես նաեւ գեներալները կտրականապես եւ իրավացիորեն չէին վստահում այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ենթադրում էին,որ նա նպաստել է մի շարք սպանությունների հետաքննությունների տապալմանը։ Հոկտեմբերի 27-ի դեպքից մի քանի օր անց նրանք պնդեցին եւ կարողացան հասնել Աղվան Հովսեփյանի,ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ու Սուրեն Աբրահամյանի պաշտոնազրկմանը,սակայն,դժբախտաբար,անհասկանալի կերպով վստահում էին Ջհանգիրյանին,պահանջում էին,որ հետաքննությունը հանձնարարվի զինվորական դատախազությանը։ Հասան իրենց նպատակին եւ հավատում էին, որ ՆԱ արագ կկոտրի ահաբեկիչներին եւ կբացահայտի,թե ով է կանգնած նրանց հետեւում։

Սակայն Ջհանգիրյանը չբացահայտեց,որովհետեւ չէր ուզում, միտումնավոր կերպով բռնել էր «քոչարյանական» կեղծ հետքը եւ դրանով իսկ հետաքննությունը շեղելով հանցագործության իրական հովանավորներից։ Ջհանգիրյանը կարողացավ ահաբեկիչների ղեկավարից ցուցմունքներ կորզել նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին եւ բանտարկեց նրան, որպեսզի կարողանա  մենախցում tet-a-tet պարզել, թե վարչապետ Վազգեն Սարգսյանը ներկայացրե՞լ է, արդյոք, Ջհանգիրյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար։ Բացասական պատասխան ստացավ իր հարցին, հոգին վշտացավ եւ չափազանց անկեղծացավ կալանավորի հետ. «Եթե ես այսօր գլխավոր դատախազ լինեի, դու, իհարկե,չէիր նստի…»։

 Գլխավոր դատախազ լինելու ցանկությունը բարդույթ, անբուժելի հիվանդություն էր, որը զինդատախազին մղում էր խառնակչությունների եւ նույնիսկ ստորությունների։ Դրա վառ օրինակն է 2000 թ. գարնան սկզբին իրականացված՝ Ջհանգիրյանի հերթական կեղտոտ խաղը։ Նա վարչապետին (Վազգենի եղբորը),գլխավոր դատախազին,պառլամենտի մեծամասնության ղեկավարին (ապագա վարչապետին) ինչ-որ անհասկանալի մամուլի ասուլիսի քարշ տվեց՝ խոստանալով,որ Քոչարյանին ոչնչացնող ցնցող բացահայտումներ է անելու։ Դրանով  նա մամուլի ասուլիսի մասնակիցներին ստիպեց հրապարակել «Երկրապահների» ծայրահեղ հականախագահական հայտարարությունը,որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի պահանջվող X ժամին,այսինքն՝ պետք էր պատրաստ լինել ջհանգիրյանական բենեֆիսին։

Հասկանալի է,որ ստացվեց ոչ թե սենսացիա,այլ իսկական դատարկաբանություն, որը կտրուկ հարված հասցրեց հասարակության կողմից վարչապետի եւ զավեշտալի խաղի մնացած մասնակիցների հանդեպ վստահությանը։ Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին,ապա նա հենց դրան էլ ձգտում էր։ Նա հույս ուներ,որ այդպիսի վարչապետի թեւի դեմ երեխայական հարձակումների շնորհիվ ձեռք կբերի նախագահական թեւի հարգանքը եւ, ի վերջո, արդեն նախագահի ձեռքից կստանա գլխավոր դատախազի պաշտոնը։

Դրա հետ միասին ես համոզված եմ,որ 27-ի գործով քննության անփառունակ տապալումը սխալ կլիներ բացատրել միայն Ջհանգիրյանի անհատական նկրտումներով։ Այս տապալման արդյունքում անխուսափելի է այն եզրակացությունը, որ այդ արյունոտ հանցագործությունը հայկական պառլամենտում իրականացրել են ոչ մեկի կողմից չուղղորդվող մի խումբ հանցագործներ,սա ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ մաս էր կազմում,որի նպատակը պետական հեղաշրջման իրականացումն էր։ Եվ այդ հեղաշրջումն անպայման տեղի կունենար,քանի որ հատուկ ծառայությունները հուսալքված էին,նախագահը շփոթության մեջ էր, եւ այդ զինվորականները հիստերիայի մեջ էին։ Հեղաշրջումն անպայման տեղի կունենար, եթե չլիներ Պաշտպանության նախարարության հատուկ ծառայության գունդը, որը ենթարկվում էր Պաշտպանության նախարարության վարչության պետ Ազոյանին, եւ եթե չլինեին ռազմական ոստիկանության ստորաբաժանումները՝ Գասպարյանի հրամանատարությամբ,որոնք էլ ճակատագրի բերումով դարձան սահմանադրական վարչակարգի փրկիչներ։ Իրադարձությունների սկսվելուց 15 րոպե անց նրանց զինված ջոկատները շրջապատել էին պառլամենտի շենքը եւ կարողացան վերահսկողություն հաստատել իրավիճակի վրա,հենց նրանք առաջինը ցույց տվեցին բնակչությանը,որ երկրում գոյություն ունի օրինական իշխանություն ու սկսել է գործել։ Բարձրաստիճան գեներալները վերոնշյալ գնդապետներից ավելի ուշ բանակը բերեցին բարձր մարտական պատրաստականության։ Այն ժամանակ նախագահն իզուր էր բողոքումեւ հետագայում էլ չէր թաքցնում իր վիրավորվածությունը,որ բանակը չսպասեց իր՝ գլխավոր հրամանատարի հրամանին։ Եթե գնդապետները եւ պաշտպանության նախարարը մի քիչ էլ ուշացնեին իրենց գործողությունները,ապա նրանցից հետո հենց իր կաբինետում պատանդների շարքում կարող էր հայտնվել նախագահ Քոչարյանը (հիշենք վերջնագիրը)։

Հակազդեցությունը վրա հասավ արդեն հաջորդ օրվա առավոտյան, երբ ահաբեկիչները զենքերը վայր դրեցին։ Նախորդ օրվա ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը ուղղաթիռով Գորիսից շտապ վերադարձավ Երեւան։ Օդանավակայանում կարողացավ խուսափել երկրապահների մի խմբի հետ հնարավոր պարզաբանումներից,որոնք ուզում էին պարզել, թե այդ ինչպես է պատահում,որ Ղարաբաղ կատարած նրա բոլոր այցելությունների ժամանակ Երեւանում գնդակահարում են գեներալի,իսկ այս անգամ իրեն՝ սպարապետին։

Կրքերը ծայրաստիճան շիկացած էին,բայց կարծես Ռոբերտ Քոչարյանն արդեն հասկացել էր,որ հետ նայելու ժամանակ չկա, եւ կացությունն ինքնըստինքյան չի հանդարտվի։ Սպանվածների թաղումից անմիջապես հետո,սովորականին հակառակ,սկսեց ակտիվորեն վերականգնել ոտնահարված քաղաքական դաշտը՝ արդարացիորեն համարելով,որ ուժերի հավասարակշռության վերականգնման մեջ է իր անձնական փրկությունը։ Անհրաժեշտ էր վերականգնել հռչակավոր ՎԱՀԱՆԸ, եւ նախագահն այդ դերի համար ընտրեց Վազգենի կրտսեր եղբայր Արամին,որը մինչ այդ հարազատ Արարատում գրավում էր ցեմենտի գործարանի տնօրենի պաշտոնը։

Հայտնի չէ՝ այդ ընտրությունը կատարվեց մտքի պայծառացմա՞ն,թե՞ մտորումների շնորհիվ,բայց արդարացրեց գլխավոր հույսը. լարվածությունը մեղմացավ։ Վազգենի թիմը մասամբ հանգստացավ, կրտսեր եղբոր վարչապետությունը երաշխավորում էր կլանի շահերի պաշտպանությունը եւ բացառում էր ազդեցության ոլորտների վերանայումը։

Ավելի առաջ Ռոբերտ Քոչարյանը շահեց մի կարեւոր խաղ իր հակառակորդների նկատմամբ։ Նա համաձայնեց «Վազգենի մարդ» համարվող Ջհանգիրյանին հանձնել հոկտեմբերի 27-ի գործը եւ դրանով իսկ ցրել իր շահագրգռվածության նկատմամբ եղած կասկածները։ Բացառված չէ,որ Քոչարյանը սկզբից հասկացավ, թե ինչով է այս ամենը վերջանալու…

Շարունակությունն այլեւս հետաքրքիր չէ։

Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը (Ազգային անվտանգության նախարարությունից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին տեղափոխվելով) կես տարվա ընթացքում հեշտությամբ հաղթանակ շահեցին Արամ Սարգսյանի թիմի միամիտ քաղաքական գործիչների նկատմամբ,որոնք բոլորը, միասին վերցրած, չունեին Վազգեն Սարգսյանի հեղինակությունը եւ կարողությունները։ Ընդ որում՝ Արամի անկումը տեղի ունեցավ նրա շրջապատի օգնությամբ,որը վարչապետին դրդում էր հակադրվել նախագահին, ինչից հաջողվել էր խուսափել հոկտեմբերի 27-ից հետո։ Դա այնքան էլ չէր թաքցվում։ Օրինակ՝ թունդ ՀՀՇ-ական Տիգրան Հակոբյանը, որն Արամ Սարգսյանի օրոք ղեկավարում էր Տեղեկատվության պետական վարչությունը, բազմիցս հայտարարել էր,որ ինքը կառավարության մեջ ուզում է ստեղծել ճգնաժամ եւ իշխանությունը վերադարձնել ՀՀՇ-ին։ Այդ հայտարարությունների ձայնագրությունը դրվեց վարչապետի սեղանին։ Վարչապետը լսեց այն,ժպտաց եւ ասաց,որ «չարաճճին կատակել է»։

Հետո նշանակվեց նոր վարչապետ,որը նույնպես ներկայացնում էր պառլամենտի չարաբաստիկ մեծամասնությունը ,այս անգամ՝ավելի շփոթված ու գլխատված։ Ներքին քաղաքական կյանքը հիշեցնում էր հին երգեհոնիկ,որն անվերջ երգում էր իր տափակ ու անհամ երգը…