կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 12:46
Հասարակություն

Մոսկվայի և Կարսի պատմական անարդարությունը շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում. միջազգային գիտաժողովի հայտարարությունը

Մոսկվայի և Կարսի պատմական անարդարությունը  շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում. միջազգային գիտաժողովի հայտարարությունը

2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված՝ «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի գիտական հանրույթի մասնագետներ, միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ քսաներկու զեկուցումներով փորձեցին վեր հանել հայ ժողովրդի պատմության այս կարևրո ժամանակաշրջանի պատմաքաղաքական խնդիրների ամբողջությունը:

Գիտաժողովի ընթացքում
• բազմակողմանի, խորը վերլուծության ենթարկվեց 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրման պատմությունը,
• պատմաիրավական, քաղաքական բնույթի արժևորումներ կատարվեցին 1918-1921 թթ. աշխարհաքաղաքական խորքային գործընթացները՝ մեր ժողովրդի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից,
• մասնագիտական քննության առարկա դարձավ պատմական այս ժամանակաշրջանի քաղաքական դասերի արդիականությունն ու ազդցությունը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա,
• փաստվեց, որ հայկական շահերի անտեսման և անարդարության վրա հիմնված քաղաքական կայունությունը, առկա խնդիրների սառեցման մարտավարությունը ժամանակավոր բնույթ են կրում, ցանկացած աշխարհաքաղաքական ցնցում այդ պարագայում խարխլում է ոչ միայն տարածաշրջանային հավասարակշռության համակարգը, այլև իրական սպառնալիք է ստեղծում համաշխարհային ուժային հավասարակշռության պահպանման տեսանկյունից:

Գիտաժողովը շեշտեց, որ Մոսկվայի և Կարսի պատմական անարդարությունը, անգամ հարյուր տարի անց, շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում՝ թույլ չտալով այստեղի պետություններին վարել սուվերեն, փախադարձ շահերի հաշվառմամբ ձևավորված քաղաքականություն:

Գիտաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ հարավկովկասյան ներկա գործընթացներին և հնարավոր զարգացումներին:

Մատնանշվեցին
• ռազմաքաղաքական ներկա իրավիճակի տարբերություններն անցյալ դարի 20-ականներից,
• հայկական գործոնի օբյեկտային վիճակից դեպի սուբյեկտայնություն առաջնորդվելու հնարավոր տարբերակները: Այս տեսանկյունից կարևորվեց Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը հայ ժողովրդի պետականության ինքնիշխանության և լինելիության ապահովման տեսանկյունից,
• հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները,
• տարածաշրջանում ուժային հիմնական կենտրոնների միջև ընթացող բարդ մրցակցության պատկերը,
• ավանդական՝ ռուսական, թուրքական շահերի հետ միաժամանակ իրականան գործոնի աճող դերակատարությունը:

Գիտաժողովն իբրև ամփոփում հաստատեց, որ 1920-ականների սկզբի տխուր պատմության կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի ազգային կառույցների ամրապնդումն է, միասնական քաղաքակրթական նշանակության ազգային արժեհամակարգի ձևավորումն ու համադրված աշխատանքների կազմակերպումն է:

1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի կազմկոմիտե

21 հոկտեմբերի, 2021 թ.