Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված՝ «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էին գիտաժողովի հայ և օտարազգի զեկուցաբերները, նախաձեռնող հաստատությունների ներկայացուցիչները, որոնց թվում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Վիկտոր Նադեին-Ռաեւսկին (ՌԴ), Էմի Աուստին Հոլմսը (ԱՄՆ), Եղիա Թաշճյանը (Լիբանան), Իոննիս Մազիսը (Հունաստան) եւ այլք:
Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց գիտաժողովի մասնակիցներին, գոհունակության խոսք ասաց եւ վերստին կարեւորեց գիտաժողովի անցկացումը: Վեհափառը մանրամասներ հայտնեց Վատիկանում եւ Մոսկվայում իր հանդիպումների մասին՝ տեղեկացնելով, որ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդները, բարձրացրել է գերիների վերադարձին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը եւ այլնի առնչվող հարցեր:
Մոսկվայի պատվիրակ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, անդրադառնալով 1921 թ. Մոսկվայի պայմանագրին, նշեց, որ այն իսկապես անարդար է եղել:
Հույն պատվիրակը շնորակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար: Անդրադարձ կատարվեց հայ եւ հույն ժողովուրդների եղբայրական հարաբերություններին: Իոննիս Մազիսը նշեց, որ հայերը եւ հույները բարեկամ ժողովուրդներ են, եւ ի դեմս հույն ժողովրդի՝ հայերը ունեն 12 մլն եղբայրներ:
Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո գիտաժողովի պատվիրակությունը թանգարանային շրջայց կատարեց Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում եւ «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատանը: Հայոց հոգեւոր կենտրոն ժամանած՝ գիտաժողովի մասնակիցները ծանոթացան Մայր Աթոռի թանգարաններում պահվող սրբություններին ու հոգեւոր-մշակութային ժառանգությանը:
Հիշեցնենք, որ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին, մեկնարկեց հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհուրդը, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը: Գիտաժողովին ներկա էին անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ, հետազոտողներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:
Լիանա Սարգսյան