կարևոր
3937 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-29 11:40
Քաղաքական

Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է. Աբրահամյան

Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է

«Զինված ուժերում իրականացվող վարժական հավաքների նպատակների և դրա առանձնահատկությունների մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ:

Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է:

Եթե խնդիրը սահմանագծի պահպանության իրականացումն է և ուսուցման, հմտությունների կատարելագործման ժամանակի մեծ մասը իրականում նախատեսված է մարտական հերթապահության համար, ապա պետք էլ դա սահմանվի օրենքով:

Երկրորդ, սահմանային անվտանգության և մարտական հերթապահությունից բխող խնդիրները պետք է առաջնահերթ լուծել կանոնավոր բանակի միջոցով, իսկ դրա համար ռեսուրսները պետք է ճիշտ թիրախների ուղղել, այլ ոչ թե բանակը փորձադաշտի վերածել:

Մեկ այլ կարևոր խնդիր, որն անընդհատ քաղաքացիների դժգոհության առիթին է հանգեցնում:

Վարժական հավաքների մասնակցության որոշման հարցը, որը օրենքով մասնակի է կարգավորվում, իսկ արդարության սկզբունքներն ամբողջությամբ խախտված են:

Եթե վարժական հավաքները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյա պատերազմի մասնակիցները:

Հասկանալի է չէ՞, որ 44-օրյայի ակտիվ մասնակիցները կամ այդ ժամանակահատվածում ծառայած քաղաքացիները «մարզավիճակում» են և նրանց հետ նոր ուսուցման ծրագրերը, որոշ բացառություններով, ակտուալ չեն:

Սա հատկապես այն պարագայում, որ կան քաղաքացիներ, որոնք 44-օրյա պատերազմին չեն զորակոչվել կամ տարբեր պատճառներով չեն ներկայացել, իսկ վարժական հավաքներ կա´մ ընդհանրապես չեն անցել կա´մ անցել են 10-15 տարի առաջ:

Ստացվում է, որ ո´չ վարժական հավաքի բուն խնդիրներն ամբողջությամբ չեն ծառայում իրենց նպատակին, ո´չ էլ արդարության և տրամաբանության սկզբունքն է գործում:

Դեռ չեմ խոսում ռեսուրս «քերելու» և կոռուպցիոն հնարավոր սողանցքների ու ռիսկերի մասին»: